Լրահոս
Օրվա լրահոսը

ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՎԵՑ

Ապրիլ 09,2010 00:00

\"\"Ապրիլի 7-ի ուշ երեկոյան արդեն Ղրղըզստանում իշխանությունն անցել էր ընդդիմության ձեռքը

Տեղեկություններ էին տարածվել նաեւ, թե երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը իր ինքնաթիռով եւ սահմանափակ թվով մարդկանց ուղեկցությամբ լքել է հանրապետությունը: Ու թեեւ այդ երկրում Բակիեւի կառավարությունը հրաժարական է տվել, եւ ուժային կառույցներն էլ առնվազն չեզոքություն են պահպանում, նաեւ նոր, ժամանակավոր իշխանություններ են ձեւավորվել, այդուհանդերձ, հուզումներն ու հանրահավաքները, ինչպես նաեւ մայրաքաղաք Բիշքեքում եւ այլ քաղաքներում առեւտրի կենտրոնների եւ պետական հաստատությունների թալանը շարունակվում է: Ապրիլի 10-ը Ղրղըզստանում համազգային սգի օր կհայտարարվի: Այդ մասին հայտարարել է հանրապետության ժամանակավոր կառավարության նախագահ, երկրի նախկին ԱԳ նախարար Ռոզա Օտունբաեւան (նկարում)՝ նախարարների կաբինետի նիստի ժամանակ, հավելելով, որ համապատասխան որոշումն արդեն ստորագրված է: BBC-ի մատուցմամբ, վերջին տվյալներով Ղրղըզստանում տեղի ունեցած  իրադարձությունների արդյունքում սպանվել է 75 մարդ եւ մոտ 1000-ը վիրավորվել է:
Նույն աղբյուրի տեղեկություններով, նախագահ Կուրմանբեկ Բակիեւը երեկ պատրաստվում էր ուղերձով դիմել ժողովրդին: Ավելի վաղ ընդդիմության առաջնորդները Ղրղըզստանի բնակիչներին կոչ էին արել գտնել եւ ձերբակալել Բակիեւին եւ նրա կառավարության նախարարներին: Երկրի ժամանակավոր կառավարության տվյալներով, Բակիեւը փորձում է դիմադրության շարժում ձեւավորել: Նախօրեին երկրի մայրաքաղաքը լքած նախագահը գտնվում է իր հայրենի Ջալալ-Աբադ քաղաքում: Այդ մասին եւս հայտարարել է Ռոզա Օտունբաեւան՝ հավելելով, որ փորձում է այդ տարածաշրջանում «համախմբել իր ընտրազանգվածը»: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ն արդեն հաղորդել է, որ Բակիեւի մոտ 3000 կողմնակիցներ, ի պաշտպանություն նախագահի, հանրահավաք են հրավիրել հենց Ջալալ-Աբադ քաղաքում: Երկրում ձեւավորված ժամանակավոր կառավարության ղեկավար Օտունբաեւան երեկ հրավիրած իր ասուլիսում հայտարարել է, թե ընդդիմությունը Բակիեւի հետ բանակցություններ է վարում՝ հավելելով, թե վստահ է, որ նա պետք է հրաժարական ներկայացնի: «Նրա ժամանակն ավարտվել է»,- հայտարարել է նոր կառավարության ղեկավարը: Նա տեղի ունեցած սպանությունների ողջ պատասխանատվությունը դրել է Բակիեւի իշխանության վրա: Իր հերթին Ղրղըզստանի պաշտպանության նոր նախարար Իսմաիլ Իսակովը, որը մեղադրվում էր կոռուպցիայի մեջ եւ որը երեկ ազատ է արձակվել, ասել է, թե զինված ուժերն ու սահմանապահ զորքերը ամբողջովին անցել են նոր իշխանության կողմը: Նա պնդել է, որ խոսել է բոլոր ստորաբաժանումների հրամանատարների հետ, իսկ ժամանակավոր կառավարությունը օրինագիծ է պատրաստում, որով արգելվելու է երկրի ռազմական ուժերը ներքին խնդիրների լուծման համար օգտագործելը:
Ինչ վերաբերում է ժամանակավոր կառավարության առաջիկա խնդիրներին, ապա դրա ղեկավար Օտունբաեւայի ասելով, այն պետք է գործի առաջիկա կես տարվա ընթացքում, որից հետո կանցկացվեն նոր եւ ազատ ընտրություններ, պետք է մշակվի քաղաքական կուսակցությունների գործունեության, նաեւ ժողովրդավարական ազատությունների եւ երթերի ազատության մասին նոր օրենսդրություն:
Ի դեպ, երեկ Օտունբաեւան հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, որը նրան խոստացել է Ղրղըզստանին մարդասիրական օգնություն տրամադրել, իսկ Օտունբաեւան շեշտել է նաեւ, թե ստեղծված իրավիճակում երկրը կարող է նաեւ տնտեսական օգնության կարիք ունենալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել