Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաժողով՝ Վանաձորում

Ապրիլ 09,2010 00:00

«Կրթություն, բարեփոխումներ, հիմնախնդիրներ» հանրապետական գիտաժողովը երեկ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հարկի տակ էր համախմբել հանրապետության մի շարք բուհերի ներկայացուցիչների, ուսուցիչների, Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների: Ոլորտում առկա հիմնախնդիրները քննարկելու եւ միասին լուծումներ առաջադրելու նպատակով գիտաժողովը նախաձեռնել էին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտն ու Կրթության ազգային ինստիտուտի Լոռու մասնաճյուղը: Վերջինի տնօրեն Գնել Տիգրանյանը նկատում է, որ գիտաժողովի գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ հասկացել են՝ կրթության բնագավառում բարեփոխումները ոչ միայն նորմատիվ փաստաթղթերով պիտի իրականացվեն, այլեւ դրանց գործնական խնդիրների բացահայտման խիստ կարիք կա: Իսկ խնդիրներ՝ որքան ասես: «Այսօր անհանգստացնող անջրպետ կա կրթության տարբեր աստիճանների միջեւ: Այն առավել ցայտուն դրսեւորում է գտել հանրակրթական, բուհական եւ ետբուհական մակարդակների առումով. բուհ-դպրոց եւ բուհ-արտադրություն կապն առավել քան թույլ է, մինչդեռ դրանք պետք է լինեն մեկ կուռ ամբողջության բաղադրամասերը, որոնցից յուրաքանչյուրն իր գործունեությունը պետք է ծավալի՝ գիտակցելով հետադարձ կապի գերակայությունը: Առանձնակի ուսումնասիրման նյութ է մանկավարժական թեքումով բուհերի, մանկավարժների որակավորման հարցերով զբաղվող հաստատությունների եւ դպրոցների կապը, որտեղ քիչ չեն ինքնանպատակ գործընթացները: Ասվածը վերաբերում է թե՛ առարկայական ծրագրերին, թե՛ տեխնոլոգիական նորամուծություններին, թե՛ գնահատման համակարգերին, թե՛ ակնկալվող արդյունքներին ու կրթության որակի հետ կապված բազմաթիվ հարցերի»,- ոլորտում առկա խնդիրների մի մասն այսպես ձեւակերպեց ՎՊՄԻ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը: Ըստ նրա՝ գիտաժողովի առաջնահերթ նպատակը շարունակական կրթության շրջանակներում հանրակրթություն, բուհական կրթություն ու ետբուհական կրթություն բաղադրիչների միջեւ առկա թույլ կապի ամրապնդման ուղիների կանխանշումն է:
Գիտաժողովին 6 բաժանմունքներում լսվեցին 54 զեկուցումներ, որոնք վերաբերում էին կրթական տարբեր խնդիրների՝ համալսարանների կառավարմանը, գնահատման համակարգին, նոր ուսումնական ու տեղեկատվական տեխնոլոգիաներին, որակի ապահովման մոտեցումներին եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել