Երեկ «Այբ» կրթական հիմնադրամն անցկացրեց փորձնական «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթ՝ Ստեփանակերտում: Մասնակցեցին 215 աշակերտներ՝ 13 դպրոցներից: Մրցույթն առաջին անգամ էր անցկացվում Արցախում, եւ երեխաները շատ ոգեւորված ու անհամբեր էին՝ միանալու միլիոնավոր հասակակիցներին եւ համալրելու այս աշխարհասփյուռ մաթեմատիկական շարժման շարքերը: Ինչպես եւ պահանջում են մրցույթի կանոնները, բոլոր մասնակիցներն ստացան իրենց փոքրիկ
հուշանվերները եւ մասնակցության հավաստագրերը: Մայիսի առաջին օրերին Արցախից, ինչպես եւ Հայաստանից մասնակցած բոլոր դպրոցներին կուղարկվի մանրամասն հաշվետվություն՝ յուրաքանչյուրին իր աշակերտների արդյունքներով: Հաջորդ տարի «Այբը» նախատեսում է Արցախից ավելի մեծ թվով դպրոցներ ներգրավել «Կենգուրու» շարժման մեջ: