Կամ ակցիա՝ այս կամ այն կրթօջախի դե՞մ
Սեպտեմբերից ՀՀ-ում ավագ դպրոցները կհամալրվեն 44-ով: Դպրոցների տնօրենների դիմադրությունը, որ իրենց դպրոցը չդարձնեն ավագ, սկսվել է դեռ ծրագրի իրականացման սկզբից: Ցանկացած դպրոցի տնօրենի սրտից արյուն է կաթում, երբ իր դպրոցի աշակերտների թիվը նվազում է: Ավագ դառնալու արդյունքում՝ դպրոցը իրավունք չունի ընդունել առաջին դասարանցիներ, իսկ դա նշանակում է, որ տարեցտարի նրա աշակերտների թիվը կնվազի: Ավագ դպրոցների ռազմավարական ծրագիրն իրականացնող պետական մարմինը՝ ԿԳ նախարարությունը, տարիներ շարունակ ձեռնպահ էր մնում «ձեռք տալ» Երեւանի Կենտրոն վարչական շրջանի դպրոցներին: Մանավանդ գաղտնիք չէ, որ, այսպես կոչված, այդ «էլիտար» դպրոցների տնօրենները սերտ կապերի մեջ են բարձրաստիճան պաշտոնյաների եւ օլիգարխների հետ: Սակայն այս տարի ԿԳՆ-ն եւ Երեւանի քաղաքապետարանը «հանդգնեցին» այդ քայլին գնալ, այլապես Հայաստանը հետ կմնար Բոլոնյան հռչակագրով ամրագրված ավագ դպրոցների ծրագրի իրականացման համար սահմանված ժամկետներից: Այսպիսով, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն առաջադրել է Կենտրոն վարչական շրջանի թիվ 3, 29, 42,114,182 դպրոցների՝ ավագ դառնալու «թեկնածությունը»: Հենց այս առաջարկությունն էլ տեղիք է տվել տարբեր շրջանակներում մեկնաբանություններ տարածելու, թե սա ակցիա է՝ մասնավորապես թիվ 114 դպրոցի դեմ:
Այն մասին, թե այս ծրագիրն իրականացնելով՝ գլխատում են Կենտրոնի ավանդույթ ունեցող դպրոցները, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն «Առավոտին» ասաց. «Գլխատելու խնդիր չկա, քանի որ հիմնական դպրոց ունենալը նույնպես կարեւոր ու պատասխանատու գործ է (Կենտրոն վարչական շրջանի բոլոր մյուս դպրոցները կդառնան հիմնական-Տ. Հ.): Այնպես որ, այդ դպրոցներից ավելի մեծ սպասելիքներ ունենք, դրանց վրա ավելի մեծ պատասխանատվություն ու խնդիրներ են դրված: Եվ եթե ոչ ձեր ասած ավանդույթով դպրոցները, ապա էլ ովքեր պիտի այդ գործն անեն: Իսկ այդ դպրոցների ուսուցիչներն ու աշակերտներն ավանդույթները կշարունակեն իրենց գնացած դպրոցներում»: Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ընդդիմանալը զուտ դպրոցների տնօրենների կամակորությո՞ւն է: Տիկին Հովհաննիսյանը պատասխանեց. «Կամակորություն չէ, այլ՝ մտահոգություն: Հայաստանի բոլոր դպրոցներն են մտահոգված, ուղղակի դա տեսանելի դարձավ Երեւանի կենտրոնում, քանի որ այստեղի դպրոցները ճանաչված են»: Թիվ 114-ի դեմ ակցիայի մասին խոսակցություններին էլ վարչության պետը պատասխանեց՝ նման բան չկա: Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ հենց 114-ը ընտրվեց, չէ՞ որ նույն չափանիշներով շատ ուրիշ դպրոցներ էլ Երեւանի կենտրոնում կան. օրինակ՝ Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: Ն. Հովհաննիսյանը պատասխանեց. «114-ն ավագ ընտրվեց, քանի որ դրա դիմաց տեղակայված է թիվ 71-ը: 114-ի մեծ թվով երեխաները հետագայում ավելի հեշտությամբ կտեղավորվեն դիմացի դպրոցում: Սկզբում մտածում էինք թիվ 71-ը դարձնել ավագ, բայց տեսանք, որ 114-ն ունի շուրջ 200 տասներորդցի, եւ հետո այն ինչ-որ առումով կայացած ավագ դպրոցի տարբերակ է: Մյուս կողմից էլ, երբ այլ դպրոցների ծնողներն իմանում են, որ 114-ը ավագ է դառնում, ոգեւորվում են, որ կարող են իրենց երեխաներին տանել այդտեղ: Ուզում ենք, որ ծրագիրը խաղաղ անցնի, որ ոչ մի ուսուցիչ դուրս չմնա, այդ մասին նախարարը մարզային բոլոր վարչության պետերին հատուկ հանձնարարականներ է տվել: Լինում են նաեւ դեպքեր, երբ տնօրենը ցանկանում է ուսուցիչ ազատել եւ դա իրականացնում է ավագ դպրոցի ծրագրի տակ»: Ժամանակին խնդիր էր բարձրացվել նաեւ վերանայել Արաբկիր վարչական շրջանում առաջադրված ավագ դպրոցների ցուցակը, արդյունքում՝ այս շրջանում 2-ի փոխարեն կառաջադրվեն 4 դպրոց՝ թիվ 83-ը, 149-ը, 148-ն ու 54-ը: Իսկ ավագ դպրոցների ֆինանսավորման հարցը դեռ քննարկման փուլում է, չլուծման դեպքում ավագ դպրոցները տարեվերջին պակասորդ են ունենալու: Այժմ հիմնական դառնալու ճանապարհին գտնվող դպրոցները 10-րդցիներին հայտարարել են, թե նրանք անպայման պետք է մնան իրենց դպրոցում: Ըստ Ն. Հովհաննիսյանի՝ դա այդպես է, բայց ցանկության դեպքում երեխան կարող է ընտրել նաեւ որեւէ ավագ դպրոց, ինչը արգելելու իրավունք տվյալ դպրոցի տնօրենը չունի:
Զրուցեցինք նաեւ Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի հետ: Նա ասաց, որ ինքը երբեք չի լսել, թե իր ղեկավարած դպրոցը դառնալու է հիմնական: Երբ նշեցինք, որ հավանական ավագ դպրոցների ցուցակն առաջադրվում է Երեւանի քաղաքապետի կողմից, նա վիճարկեց այդ փաստը՝ խորհուրդ տալով ավելի խորանալ թեմայի մեջ: Այնուհետեւ ասաց. «Քանի դեռ մեզ որեւէ վերջնական բան ասված չէ, թե դա ինչ ծրագրով, ինչ էտապներով եւ ինչ ժամկետներում պիտի իրականացվի, ես կարծիք հայտնել չեմ կարող: Ամեն դեպքում, ինձ պաշտոնապես չի հայտարարվել, որ մեր դպրոցը դառնում է հիմնական: Երբ հայտարարվի, այդ ժամանակ էլ իմ կարծիքը կհայտնեմ»:
44 ավագ դպրոցների ցուցակը կհաստատվի ապրիլի վերջերին: