Լրահոս
Օրվա լրահոսը

29. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Ապրիլ 09,2010 00:00

\"\"
Տեսարան Սարի թաղից:

\"\"
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, մոնտաժող Լեւոն Մարտիրոսյանը, լրագրողներ Լիանա Կարապետյանը, Նարեկ Թութխալյանը մոնտաժի ժամանակ:

Արցախից Երեւան վերադառնալով, կիսատ թողած զրույցը շարունակելու նպատակով կրկին հանդիպեցի Երեւանի գլխավոր ճարտարապետին:
– Պարոն Դանիելյան, քանի որ Դավիթաշեն թաղամասը Էրեբունի հասցնող նոր ճանապարհին ենք հասել, կցանկանայի, որ քննարկենք նման կարեւոր մայրուղու անսովոր նեղ լինելու խնդիրը: Հիշում եմ, մի ավտոմեքենա խափանվել էր, ու ավտոմեքենաների խցանումը մինչեւ Պլանի գլուխ էր հասել: Ինքս մի քանի ժամ այդ խցանման մեջ էի մնացել:
– Ճանապարհը, փաստորեն, երկու տարբեր հատվածներ ունի,- պատասխանեց գլխավոր ճարտարապետը,- մեկը սկսվում է Արշակունյաց փողոցից, հասնում մինչեւ Դավիթաշեն: Այս ճանապարհը Դավիթաշենի կամրջից հետո կիսատ է մնացել, քանի որ նպատակը Աշտարակ տանող մայրուղուն միանալն է: Ընթացիկ տարում «Ասիական զարգացման բանկի» հետ կլուծենք այդ խնդիրը եւս: Մյուս ճանապարհը, ինչպես տեսնում ենք, անցնում է Սարի թաղի տակով, որտեղ նախկինում երկաթգիծն էր: Բնակչության կողմից արդեն սկսվել էր այս տարածքը զավթելու գործընթացը: Որոշ տեղերում գնացքի վագոններն արդեն քսվում էին տներին: Քանի որ երկաթգիծը չէր շահագործվում, արդեն անհնար էր կանգնեցնել տարածքի գրավման ընթացքը: Ոչ մի հրահանգ, որոշում չէր օգնում: Երկրորդ խնդիրը թաղամասերն իրար կապող ու կենտրոնը շրջանցող ճանապարհի անհրաժեշտությունն էր: Հենց ֆինանսավորման հնարավորություն գտնվի, այն կվերականգնվի եւ կունենա նույն թողարկման հնարավորությունը, ինչ որ Սարալանջինն է: Նախագծերը պատրաստ են:
– Երեւի քաղաքն օղակող ճանապարհների կարիք էլ կա:
– Քաղաքի կենտրոնն այսօր տարանցիկ է տրանսպորտի համար: Խանջյան կամ Բաղրամյան փողոցները հենց տարանցիկության պատճառով հաճախ ծանրաբեռնվում են 150 տոկոսով: Քաղաքը չունի ավտոմեքենաների կայանատեղիների ցանց, ուստի եւ առանց այն էլ նեղ փողոցները փոխարինում են կայանատեղիներին, ավելի դժվարացնում մեքենաների երթեւեկը: Քաղաքի փողոցները մարդու արյունատար անոթների նման է. երբ կտրվածքը փոքրանում է՝ խցանում է առաջանում: Արդեն ձեռնարկել ենք մի շարք ստորգետնյա կայանատեղիների շինարարական աշխատանքները:
– Դուք պատկերցնո՞ւմ եք Երեւանի փողոցները հիսուն տարի հետո:
– Եթե այժմվանից միջոցներ չձեռնարկվեն, ապա քսան տարի հետո աղետալի վիճակ կստեղծվի քաղաքում: Դա յուրահատուկ է բոլոր խոշոր քաղաքներին: Փողոցային կատարյալ համակարգ ունեցող քաղաքը պետք է ունենա փողոցների կատարյալ ցանց: Մենք կարեւորություն ենք տալիս նաեւ հետիոտնի եւ ուղեւորի անվտանգության խնդրին: Դա է պատճառը, որ շրջանցիկ ճանապարհներն այսօր քաղաքաշինական առաջնահերթություն են դարձել:
– Մեկ այլ խնդիր եւս. որակի տեսանկյունից տարբերություն կա՞ քաղաքի ու նրա բնակչի միջեւ:
– Քաղաքը բնակիչների համար է կառուցվում: Ճարտարապետությունը գոյություն ունեցող իրավիճակի արտացոլումն է: Քաղաքը ինչքան ավանդական ու ավանդապահ լինի, նույնքան էլ պետք է ժամանակակից, առաջ նայող լինի: Իսկ ճարտարապետները, ի տարբերություն բնակիչների, որոնք մտահոգված են առօրյա հոգսերով, ապագայի, զարգացման խնդիրների մասին են հոգում ու դրա համար է, որ առանձին հատվածների գոտիավորման հատակագծեր են պատրաստվում:
– Ճարտարապետները կենցաղում այսօրվա հոգսե՞ր չունեն:
– Ունեն, որպես իրենց ստեղծած քաղաքի բնակիչ՝ շատ ունեն: Բայց դա այլ խնդիր է: Թամանյանի ժամանակ քաղաքը 150 հազար բնակչի համար էր նախագծվում: Ժամանակի ընթացքում աստիճանական զարգացումը նոր տարածքներ ընդգրկեց քաղաքի մեջ, որի արդյունքում քաղաքը անհամաչափ զարգացավ: Մեր գլխավոր խնդիրներից մեկը քաղաքը հավասարաչափ զարգացածության բերելն է: Եթե նախկինում քաղաքը զարգանում էր կենտրոնաձիգ սկզբունքով, ապա այժմ մենք անցել ենք կենտրոնախույս սկզբունքի: Քաղաքը պետք է ունենա համաքաղաքային նշանակության մի շարք կենտրոններ, որպեսզի մարզերից եկած մարդիկ այդ կենտրոններում լուծեն իրենց խնդիրները: Քաղաքապետարանը դա շատ կարեւոր է համարում:
– Պարոն Դանիելյան, շնորհակալություն այս երկու հանդիպումների համար, երբ հասնեմ Գետառի ու Հրազդանի ձորի խնդիրներին, ապա կրկին պիտի անհանգստացնեմ ձեզ:
– Խնդիր չկա, պատրաստ եմ օգնել ձեզ՝ ձեր ու «Առավոտ» թերթի այս կարեւոր առաքելությունում:
Չարենցի փողոցից փորձեցի անցնել Վազգեն Սարգսյանի անվան ստադիոնի տարածքը, սակայն դարպասները փակ էին: Դիմեցի հինավուրց թթենու տակ նստած երիտասարդին.
– Դուք այստե՞ղ եք ապրում:
– Այո, Չարենցի 74,- պատասխանեց Սահակ Սայադյանը,- հենց այս կղզին է մեր տունը: 1964 թվականից քաղաքային իշխանությունները ծրագրում են քանդել, բայց միշտ հետաձգվում է, եթե մի բանով օգնես: Հա, հիմա սա ստադիոնի տարածքն է, թե Ռուբեն Հայրապետյանը՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը օգնի՝ կլուծվի խնդիրը:
– Ինչպե՞ս կարող եմ ստադիոնի տարածք մտնել:
– Այս կողմի դարպասները միայն ժամը վեցից ինն են բացվում, երբ ստադիոնը ծաղկի մեծածախ շուկայի է վերածվում: Ամեն տեղից ծաղկավաճառները գալիս են ծաղիկ գնելու:
Չարենցի փողոցով դեպի ցած քայլեցի, շրջանցելով մայթերը գրաված անվադողերի ու մեքենաների պահեստամասերի կույտերը: Այս խանութները ինձ 18 տարվա մի դեպք հիշեցրին: Գիշերվա հորդառատ անձրեւի ժամանակ թալանել էին իմ ավտոմեքենան: Խորհրդային շրջանի միլիցիայի բաժանմունքում հայտնեցին, որ անհնար է գողերին բացահայտել: Ես սկսեցի Չարենցի փողոցի ավտոպահեստամասերի խանութներում փնտրել գողացված իրերը, համոզված լինելով, որ մանր գողերը այդ մասերը այսպիսի խանութներին հանձնած կլինեն: «Ազատամարտ» թերթի դիմաց գտնվող խանութներից մեկում իմ ուշադրությունը գրավեցին երկու հենակները: Ծխախոտի կայծի թողած անցքից ու բծից ճանաչեցի իմ ավտոմեքենայի մասերը: Դիմեցի քաղմասի աշխատակիցներին: Մայորի եւ կապիտանի աստիճաններով երկու միլիցիոներներին ուղեկցեցի իմ հայտնաբերած խանութը: Նրանք առանձին հանդիպեցին խանութի տիրոջ հետ, հետո ինձ հայտնեցին, որ ես սխալվել եմ: Հաջորդ օրը կրկին եկա, որ խանութի տիրոջ հետ խոսեմ ու հոդված գրեմ: Սակայն խանութի տեղում դատարկ ավտոտնակ գտա: Այդ դատարկ տնակում կանգնած երիտասարդին դիմեցի.
– Ո՞ւր է խանութը:
– Ի՞նչ խանութ, այստեղ ոչ մի խանութ էլ չի եղել, տեսնում ես, գարաժ է…
Մտքերով տարված հասել եմ Չարենցի 94 երկհարկանի տանը: Այն ծանոթ ու հարազատ թվաց՝ կապված պատերազմական տարիների հետ: Այստեղ «Ազատամարտ» թերթի խմբագրությունն էր, որտեղ 1992-94 թթ.՝ «Արցախի» բաժնի վարիչ էի աշխատում: Շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մուշեղ Միքայելյանը վերլուծաբանների ու լրագրողների մի կուռ եւ հրաշալի կոլեկտիվ էր ստեղծել, ու «Ազատամարտը» դարձել էր ամենաընթեռնելի ու հեղինակավոր թերթը երկրում: Թերթի հինգ էջերը Արցախի պատերազմի ու խնդրի լուսաբանմանն էինր հատկացված: Ես շաբաթը երեք անգամ մեկնում էի Արցախ, ռազմաճակատի առաջին գծից ռեպորտաժներ, հարցազրույցներ բերում թերթի համար: Այդ ռեպորտաժները պարբերաբար արտատպում էին արտասահմանյան ՀՅԴ թերթերը: Հիշում եմ, երբ ես վերադարձա Դաղստան կատարած ուղեւորությունից, խմբագրությունը հիմնահատակ ավերված ու թալանված գտա: Որոշ իշխանավորներ, հայտարարելով իրենց թշնամական վերաբերմունքը ՀՅԴ կուսակցության նկատմամբ, փակել են նրան ենթակա խմբագրությունները: Հրատարակչությունը, որտեղ ուր-որ է պիտի տպագրվեր արցախյան շարժման մասին «Եվ նրա շուրջը» գրքի երկրորդ հատորը, նույն ճակատագրին էր արժանացել ու փակվել:
Այժմ այդ շենքում է տեղավորվել «Երկիր մեդիա» հեռուստաստուդիան: Ներս մտա ու առաջինը հանդիպեցի լրատվականի գլխավոր խմբագիր Գեղամ Մանուկյանին, պատմեցի «Ազատամարտի» վերաբերյալ իմ հիշողությունների մասին, որոնք էլ ինձ այս շենքից ներս բերեցին:
– Ճիշտ է, սա հեռուստատեսային ընկերություն է, բայց մենք ձգտում ենք պահպանել «Ազատամարտի» սկզբունքները,- ասաց Գեղամը,- այս շենքը «Ազատամարտի» ավերումից հետո էլ շարունակել է կարեւոր դեր կատարել հենց արցախյան ազատամարտի առումով: Այս գրասենյակում գրանցվել եւ Արցախ կամ երկրի սահմաններ են մեկնել հինգ հազար կամավորներ, որոնց ցուցակը պահպանվել է մինչեւ այժմ:
– Ե՞րբ է հիմնվել հեռուստաընկերությունը:
– Եթերային իրավունքը ընկերությունը շահել է 2003-ի դեկտեմբերին, իսկ եթեր մտանք մայիսի 28-ին՝ «Երկիրն այսօր» լրատվականով: Մեզ հաջողվեց լավ թիմ հավաքել: Բավականին փաստավավերագրական նյութեր հավաքեցինք, ստեղծեցինք ֆիլմեր Փետրվարյան ապստամբության, Առաջին հանրապետության մասին:
– Ինձ անհանգստացնում է հեռուստաեթերում շրջաններից լրատվության պակասը,- ասացի ես,- ինքս վեց տարի հեռուստատեսության սեփական թղթակից եմ աշխատել մի գոտում, որն ընդգրկում էր Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի եւ Վայքի շրջանները: «Լրաբերը» լեցուն էր շրջաններից եկող տեղեկատվական հաղորդագրություններով: Իսկ հիմա, երբ այսքան հեռուստաստուդիաներ են հիմնվել, մարզերը բոլոր առումներով ուշադրությունից դուրս են մնացել, այնինչ՝ անհավասարաչափ զարգացումը խիստ վտանգավոր է երկրի համար:
– Բոլոր մարզերում կցված սեփական թղթակիցներ պահելու հնարավորություն չունենք, բայց ամեն շաբաթ մեկ կամ երկու խումբ ենք ուղարկում շրջաններ, որոնք տեղում տարբեր խնդիրներ են լուսաբանում: Օրինակ, երկրի նախագահի վերահսկողության ծառայության, ապա եւ քաղաքաշինության նախարարության միջոցով մի նամակ էր մեզ հասել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ կամ Դպրաբադ գյուղից: Մենք խումբ ուղարկեցինք գյուղ, որը լուսաբանեց խնդիրն ու փաստորեն նպաստեցինք, որ լուծվի խնդիրը: Մենք թղթակիցներ ունենք Կապանում եւ Վանաձորում, իսկ Գյումրիից պարբերաբար նյութեր ենք ստանում: Պարբերաբար նյութեր ենք ստանում Լիբանանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Իրանից:
Ապա հանդիպեցի հեռուստատեսային ընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանին:
– Մեր հեռուստաընկերությունն ընտրել է սոցիալիստական, հասարակական եւ ազգային ուղղվածությունը,- ասաց նա,- ասում էին՝ եթե շոու չեք սարքելու, ապա շահութաբեր չի լինելու եւ տապալվելու եք: Հիմա արդեն զգացվում է աշխատանքի արդյունքը: Վաղ թե ուշ՝ բոլորն էլ մեր ուղղությանն են գալու: Բոլորն էլ ուզում են խելացի, գիտակից, եվրոպական մտածելակերպով երեւալ: Իսկ մեզ անհրաժեշտ է մեր ազգային արմատներին գալ: Հումորային հաղորդումներում ծաղրում են փոքրիկներին, ծերունիներին: Դա իրականության հետ կապ չունի, քանի որ իրականում մեծահասակները, ծնողներն ու փոքրիկները մեզանում ավանդաբար պաշտվում ու հարգվում են: Երկրի անվտանգությունը ընտանիքի ամրությունից է սկսվում, իսկ շոու սարքող հեռուստաընկերությունները փորձում են քանդել դա:
– Որո՞նք են ձեր գլխավոր հաղորդումները:
– Գլխավոր թողարկումը «Երկիրն այսօրն» է, որը եթեր է հեռարձակվում օրական ութ անգամ: Կարեւոր են «Հրապարակ», «Եռման կետ», «Կիզակետ», «Այսօր» հաղորդաշարերը:
Ապա իմ զրուցակիցն էր հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: 70-80-ական թվականներին հեռուստատեսությունում իմ աշխատանքային փորձով համոզվել եմ, որ հաղորդումներում ռեժիսորական արվեստը խիստ ետ էր մնում հեղինակների կամ մեկնաբանի խոսքի մակարդակից: Միջին կարգի ռեժիսորները եզակի երեւույթ էին: Այդ պայմաններում թելադրողի դերում էին թույլ ռեժիսորները: Այդպես էլ Հայաստանում ռեժիսորական դպրոց չստեղծվեց: Ու եթե այսօր հեռուստահաղորդումները դժվար են նայվում ու ձգող չեն, առաջին հերթին ռեժիսուրայի պակասի պատճառով է այդպիսի իրավիճակ ստեղծվել: Այս խնդիրների շուրջ սկսեցի զրույցս Ջիվանի հետ:
– Ընդհանրապես, այսօրվա հեռուստահաղորդումներում ռեժիսորական լուծումները թույլ են,- ասաց Ջիվանը,- նման դպրոցը հանրապետությունում չի կայացել: Չի կայացել նաեւ սցենարիստական դպրոցը: Խորը մասնագիտացումը այս ուղղություններում բացակայում է: Դրանց հիմքը պետք է կինոնկարահանումները լինեին: Իսկ նկարահանվող ֆիլմերում ռեժիսորների աշխատանքը միջինից էլ ցածր է: Մենք փորձում ենք լուծել այդ խնդիրը: Ես հավաքում եմ նոր մոտեցում ունեցող, նոր աշխարհայացքի տեր երիտասարդների ու հնարավորություն ենք տալիս կատարելագործվելու: Հեռուստատեսությունը կոլեկտիվ արվեստ է: Ինքս էլ եմ սովորում: Չափանիշները օտար ստուդիաների լավագույն աշխատանքներն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել