Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու հենց Ներսիսյան անտառում

Ապրիլ 09,2010 00:00

Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակը տեղեկացնում է, որ այս կիրակի՝ ապրիլի 11-ին, Երկիր մոլորակի միջազգային օրվա կապակցությամբ, Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու մատույցներում՝ Ներսիսյան անտառում ծառատունկ է կազմակերպվելու, որին մասնակցելու են Ամենայն հայոց կաթողիկոսը, ՄԱԿ-ի գործակալությունների, հիմնադրամների ու ծրագրերի ղեկավարները, Հայաստանի միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի ներկայացուցիչներ, շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստներ: Ըստ ՄԱԿ-ի, այս ծառատունկը Հայաստանի միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի մեծ նախաձեռնության մի մասն է: Ըստ այդ նախաձեռնության, Հայաստանի մարզերում տնկվելու է 1,5 միլիոն ծառ:
Թե ինչու է հենց Ներսիսյան անտառը ընտրվել ծառատունկի համար, չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ՝ 2009թ. մարտի 11-ին, «Խրախճանք ժանտախտի պահին» հրապարակմամբ ահազանգել ենք, որ Ներսիսյան անտառի տակ գերեզմանոց կա: Այստեղ են թաղված 1915 թ. Եղեռնից մազապուրծ եւ Էջմիածնում սովից, տիֆից ու խոլերայից մահացած գաղթականները: Անտառը բավականին մեծ է եղել՝ Էջմիածնից սկսել ու ավարտվել է նախկին Խաթունարխ գյուղի մոտ, բայց այսօր զբաղեցնում է ընդամենը 8,5 հա տարածք, որի մի մասն էլ վերածվել է զվարճանքի եւ հանգստի գոտու եւ ծառեր են հատվում: Մենք այնքան էլ բարոյական չէինք համարել գերեզմանների վրա տնկված անտառը ժամանցի գոտու վերածելը:
Հրապարակմանը արձագանքել էր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի վարչակազմակերպական գործերի կառավարիչ տեր Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը: 2009թ. ապրիլի 17-ին հրապարակեցինք նրա պարզաբանումը, ըստ որի, ՀՀ առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային կենտրոնը հետազոտել է Ներսիսյան անտառը եւ պարզել, որ «1915 թվականին խոլերայից եւ տիֆից մահացած ու Ներսիսյան անտառում թաղված անձանց դիակների մնացորդները եւ ենթադրյալ գերեզմանատեղերը չեն կարող վտանգ ներկայացնել Էջմիածին քաղաքի բնակչության մեջ խոլերա, տիֆ եւ այլ վարակիչ հիվանդությունների առաջացման եւ տարածման տեսակետից»: Մայր աթոռը բան չէր ասել այն պնդման մասին, թե բարոյական չէ գերեզմանների վրա ժամանցի գոտի կառուցելը:
Ուրախալի է, որ այսօր Մայր աթոռը որոշել է ավելի մեծ ուշադրություն դարձնել Ներսիսյան անտառին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել