ՀՀ բնապահպանության նախարարի հետ քննարկումներից եւ կրկնակի ստուգումներից հետո, պարզվում է, որ պետությանը քի՞չ վնաս է հասցվել:
Երկար ժամանակ է՝ Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացում» հ/կ-ն փորձում է ՀՀ բնապահպանության նախարարությունից, Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնից, ինչպես նաեւ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ից ստանալ 2007-2008 թթ. ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքները, սակայն գաղտնիք չհանդիսացող այս տեղեկատվությունը չեն տրամադրում ոչ նախարարությունը, ոչ ընկերությունը: «Առավոտը» «Նախարարությանը դատի կտա՞ն» (15.01.2010) եւ «Կրկին դատի են տվել ԴԳՄՔ-ին» (17.03.2010) հրապարակումներով տեղեկացրել է, որ հ/կ-ն տեղեկատվություն տրամադրելու պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության եւ միջնորդել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինն ընդգրկվեն գործընթացի մեջ: Գործի քննությունը սկսվելու է մայիսին, իսկ մինչ այդ հ/կ-ն գրությունով դիմել է ՀՀ բնապահպանական պետական տեսչության նորանշանակ պետ Ա. Սահակյանին՝ տեղեկացնելով խնդրի մասին եւ մասնավորապես նշել. «Ինչպես գիտենք մամուլի հաղորդագրություններից, որը դեռ 2008 թվականին տարածել էր Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչությունը, 2007 թվականին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունում իրականացված բնապահպանական ստուգումների արդյունքում հայտնաբերվել էին մի շարք խախտումներ՝ ընդերքի ոլորտում: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունում հայտնաբերված խախտումների տուգանքի չափը, ըստ Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչության, կազմել էր ավելի քան 300 միլիոն դրամ, այսինքն՝ ապօրինաբար յուրացվել էր 550 կգ ոսկի: ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2008 թվականին նշանակվեց կրկնակի ստուգում «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունում եւ 2007 թվականի տուգանքների չափը մոտ 20 անգամ նվազեց՝ դառնալով 12 միլիոն դրամ, այսինքն՝ ապօրինաբար յուրացված էր 50 կգ ոսկի: 2007 թվականին ստուգման հանձնաժողովի անդամ էր նաեւ ընդերքի փորձագետ Սամվել Գասպարյանը, որն էլ հայտնաբերել էր վերոհիշյալ խախտումները, սակայն 2008 թվականին նշանակված կրկնակի ստուգման ժամանակ Սամվել Գասպարյանը չընդգրկվեց ստուգման հանձնաժողովի կազմում, եւ պայմանագիրը նրա հետ խզվեց հասկանալի պատճառներով: Դեռ 2008-ին մենք գրություններով դիմել էինք ՀՀ բնապահպանության նախարարությանը, Սյունիքի տարածքային բնապահպանական տեսչությանը եւ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությանը՝ 2007-2008թթ. եւ արդեն 2009-ին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացրած ստուգումների արդյունքների տրամադրման խնդրանքով, բայց մինչ օրս չենք ստացել: «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի աղմկահար գործից հետո հասկացանք, թե ինչու չեն տրամադրում: Ինչպես գիտենք մամուլից, անցյալ տարվա նոյեմբերին «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լադչենկոն եւ նրա տեղակալ Լեւոն Վարդանյանը հրավիրվել են բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ՝ քննարկման, ինչից հետո ՓԲԸ-ի կողմից կատարված խախտումների առնչությամբ նշանակված տուգանքի չափը մոտ 20 անգամ նվազել է՝ 202 միլիոնից դառնալով 10,1416 միլիոն դրամ: Մեր կազմակերպությունը հրավիրում է Ձեր ուշադրությունը վերոնշյալ խնդիրների վրա»,- ասված է Ա. Սահակյանին ուղղված գրությունում: