Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՄԻԱՎՈՐԻ

Ապրիլ 09,2010 00:00

\"\"Հայաստանը մտադիր է ձեւավորել համահայկական խնդիրներով զբաղվող կառույց

2008-ից՝ ՀՀ Սփյուռքի նախարարության ձեւավորումից մինչ օրս պարբերաբար կարծիքներ են հնչել, որ հարկ է ձեւավորել Ազգային խորհուրդ: Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար Հայաստանը ուսումնասիրում է սփյուռք եւ նման կառույց ունեցող երկրների փորձը: Բայց այսօր մենք ունենք «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Սփյուռքի շատ կազմակերպություններ եւ անհատներ ցանկության դեպքում Հայաստանում տարատեսակ ծրագրեր են իրականացնում, ներդրումներ անում, Սփյուռքի նախարարությունն էլ իր հերթին է Հայաստան-Սփյուռք կապը ամրացնելուն եւ զարգացնելուն ուղղված նախաձեռնություններով հանդես գալիս: Այսքանից հետո ի՞նչ իմաստ ունի նոր կառույցի ստեղծումը: Մեր այս հարցին ի պատասխան՝ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը պետական կառավարման մարմին է եւ չի կարող հանդես գալ ողջ հայության անունից, «իսկ Ազգային խորհուրդը դա ազգի երեք հատվածների՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, մեկտեղումն է մեկ մարմնում: Համազգային խնդիրները ազգովի են քննարկվելու, ոչ թե կտոր-կտոր: Սա հայկական երեւույթ չէ, նման կառույցներ ունեն հույները, հնդիկները: Մեծ սփյուռք ունեցող երկրներին սա բնորոշ է»:
Հրանուշ Հակոբյանն ասաց նաեւ, որ այս պահին հիմնականում պարզ է, թե ինչ կառուցվածք եւ մեխանիզմ է ունենալու Ազգային խորհուրդը, սակայն Սփյուռքի նախարարը ձեռնպահ մնաց մանրամասներ ներկայացնելուց, քանի որ քննարկումները դեռ շարունակվում են: Հարցը քննարկվելու է նաեւ համահայկական կառույցների, սփյուռքի խոշոր կազմակերպությունների հետ. «ես կուզենայի, որ Սփյուռքի կազմակերպություններն իրենց ներդրումը ունենան Ազգային խորհրդի կառուցակարգերի եւ մեխանիզմների մեջ, նոր դրանից հետո կներկայացնենք»:
Վերջին 15 տարում Հայաստանում բոլոր իշխանությունները ունեցել են հասարակության վստահության պակաս: Երկրի նախագահը հասարակության ոչ փոքր հատվածի համար եղել է ոչ լեգիտիմ, ԱԺ-ն իրական քաղաքական տրամադրությունները չի արտացոլել, պետական կառավարման մարմինները ՀՀ քաղաքացու հարգանքն ու համակրանքը չեն վայելել, Հայաստանում եւ հայերի մեջ փոխադարձ վստահության սուր պակաս կա բոլոր մակարդակներում: Այս ամենը չի՞ դառնա Ազգային խորհրդի ձեւավորմանը եւ կայացմանը խոչընդոտող գործոն եւ իրավիճակ: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ Ազգային խորհուրդը կգա մեզ մեկտեղելու, անվստահության տարրերը հանելու, «շատ դեպքերում այդ խնդիրները առաջանում են, որովհետեւ իրար լավ չենք ճանաչում, իրար լավ չենք ուսումնասիրում, հոգեբանական խնդիրներ են առաջանում: Ազգային խորհուրդը կլրացնի այս ամենը: Իսկ Սփյուռքի նախարարությունն այն օղակն է, որ պետք է այս համահայկական ծրագրերը կազմակերպի: Նման կառույցի ստեղծման դեպքում նախարարությունը կդառնա Ազգային խորհրդին սպասարկող եւ օգնող մարմին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել