Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Ապրիլ 09,2010 00:00

Միջազգային դատարանում քրեական վարույթ բացելու հեռանկարը

Միջազգային հանցագործությունները համարվում են միջազգային իրավական վտանգավոր արարքներ, ինչն ուղղված է մարդկության եւ պետությունների գոյության հիմքերին եւ սպառնում է մարդկության անվտանգությանն ու խաղաղությանը:
Միջազգային հանցագործությունների դեմ պայքարի եւ քրեական հարկադրանք սահմանելու փաստաթուղթ է համարվում 1946թ. Նյուրնբերգի եւ Տոկիոյի միջազգային տրիբունալների կանոնադրությունը: Դատավարություններից հետո ՄԱԿ-ի շրջանակներում շարունակվել է խաղաղության եւ մարդկության հանցագործությունների դեմ պայքարի նորմատիվ բազայի զարգացումը: Ըստ այդմ, ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովը 1993թ. հունիսի 22-ին ընդունել է Խաղաղության եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների օրենսգիրքը: Իսկ 1998թ. հուլիսի 17-ին Հռոմի դիվանագիտական կոնվենցիան ընդունել է Միջազգային քրեական դատարանի կարգավիճակը: Ըստ այդմ՝ դատարանը ճանաչվել է մշտական գործող դատական մարմին եւ իրավասու է քննելու ցեղասպանության, խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործությունների, զինվորական հանցագործությունների եւ ագրեսիայի հանցագործության վերաբերյալ քրեական գործերը:
Միջազգային քրեական դատարանի ընդունած որոշումները ենթակա են պարտադիր կատարման եւ վերջնական են:
Անդրադառնանք ցեղասպանություն հանցագործության նորմին:
Նորմի սկզբնաղբյուրը «Ցեղասպանությունը կանխելու եւ պատժի մասին» 1948թ. կոնվենցիան է, ըստ որի՝ ցեղասպանությունը որեւէ ազգի էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ գործողությունն է:
Անցյալ դարասկզբին թուրքերը ցեղասպանությունը բնորոշող բոլոր գործողություններն իրականացրել են հայ ազգի նկատմամբ՝ ոչնչացնելով մեկուկես միլիոն հայ եւ զավթել նրանց բնօրրանը՝ Արեւմտյան Հայաստանը: Թուրքերը երբեւէ այդ ոճիրի համար չեն զղջացել, իսկ Չարենցի բնորոշմամբ՝ «սերված այդ կաթից դաժան, ժանտ թոռնեթոռը» համառորեն ժխտում է ցեղասպանությունը: Միջազգային հանրությունը ժամանակին արձագանքել է դեպքերին, մինչդեռ օրենսդրության բացակայության պատճառով կատարվածը ցեղասպանություն, իսկ կատարողները՝ միջազգային հանցագործներ չեն ճանաչվել: Նշվեց, որ այդ հասարակական հարաբերությունները կարգավորող նորմերը կայացվել են, ուստի տրամաբանական հարց է ծագում. գրեթե մեկ դար առաջ հայ ազգի նկատմամբ գործած հանցագործության առնչությամբ հնարավո՞ր է միջազգային դատարանում վարույթ սկսել, թե՞ ոչ:
Այդ խնդիրը բարդույթ է, որովհետեւ ածանցված է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների եւ հանցանքը կատարող սուբյեկտների հանգամանքների հետ:
1. Վաղեմության ժամկետները- ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործություններով քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետները անցնելու հետեւանքով արգելվում է՝ անկախ կատարման ժամանակից եւ նրանից, թե խաղաղ կամ պատերազմական ժամանակ է տեղի ունեցել: Սկզբունքը ամրագրված է «Մարդկության դեմ հանցագործություններով եւ զինվորական հանցագործություններով վաղեմության ժամկետներ կիրառելու անթույլատրելիության մասին» 1968թ. նոյեմբերի 26-ի կոնվենցիայի առաջին հոդվածի բ կետում (կՐՈՉՈ փպսՏՉպՍՈ, րոՏՐվՌՍ ՎպՋՊցվՈՐՏՊվօւ ՊՏՍցՎպվՑՏՉ, 1968 չ., րՑ. 526, չ. ԾՏրՍՉՈ):
2. Սուբյեկտների հանգամանքը- խնդիրը կայանում է նրանում, որ Օսմանյան կայսրությունը փլուզվել է, իսկ Հայոց ցեղասպանությունը կատարողները մահացել են: Քրեական օրենսդրությամբ անձի մահվան դեպքում քրեական գործ չի հարուցվում, իսկ հարուցվածը ենթակա է կարճման՝ բացառությամբ, երբ գործի վարույթը անհրաժեշտ է մահացածի իրավունքները վերականգնելու համար: Ինչպես նկատվում է, վաղեմության ժամկետների խնդիրը հաղթահարելի է, մինչդեռ ցեղասպանություն կատարող սուբյեկտներին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքով միջազգային դատարանում քրեական վարույթ բացելը տեսականորեն անհնարին է՝ սուբյեկտները մահացել են:
Իմ պատկերացմամբ, Միջազգային դատարանում հնարավոր է վարույթ բացել ցեղասպանության փաստը ճանաչելու եւ ածանցված փոխհատուցումների խնդրահարույց առարկայի հիմքով: Դատարանը որոշում ընդունելու համար հայոց կողմի ապացույցները բավականին ծանրակշիռ եւ հիմնավորված են: Անկասկած, Օսմանյան կայսրության քաղաքականության բնույթը կորակվի մարդատյաց, իսկ այդ քաղաքականությունը իրականացնողները կճանաչվեն ցեղասպանության կատարողներ:
Կարծում եմ՝ հարցը միջազգային իրավական փուլ տեղափոխելը անհրաժեշտ եւ պրագմատիկ է: Կոնկրետ իրադրությունն այնպիսին է, որ թուրքերը ինքնակամ կամ արտաքին պարտադրանքներով որեւէ զիջման չեն գնալու:
Հաջորդը՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող արտերկրների խորհրդարանների բանաձեւերը իրավական հետեւանքներ չեն առաջացնում, այլեւ փաստը հավաստող  ապացույցներ են:
Ենթադրենք, 21-րդ դարում երկու տասնյակ պետություններ եւս ընդունեցին այդօրինակ բանաձեւեր. ի՞նչն է փոխվելու: Կասկածից վեր է, որ թուրքերը հստակ պատկերացում ունեն խնդիրը միջազգային իրավական հարթությամբ վիճարկելու տարբերակի եւ Թուրքիայի համար անցանկալի հետեւանքների մասին, ըստ այդմ՝ ջանքեր են գործադրում վիճարկումը տեղափոխելու պատմական հարթություն, ինչը պատասխանատվություն չի առաջացնում:
Այդ միտվածությունը ակնհայտ է նաեւ հայտնի նախաստորագրված արձանագրությունների դրույթներում: Դրանք գաղտնազերծվել են. պատմական փաստերի ստուգումը վերաբերում է ցեղասպանությունը լինել-չլինելուն, իսկ փոխադարձ սահմանների ճանաչումը՝ հատուցումներից հրաժարվելուն: Հիշյալ դրույթները գործողության մեջ դրվելու դեպքում դատական փուլում, որը վաղ թե ուշ հայությունը բանեցնելու է, գործի համար նշանակություն ունեցող փաստական տվյալները  եւ հատկապես Հայ դատի բազմաչարչար աշխատանքի շնորհիվ ցեղասպանության փաստը հավաստող արտերկրների խորհրդարանների բանաձեւերը ուժը կորցնելու են:
Միջազգային իրավունքի նման անհեթեթ փաստաթուղթ ժառանգել ենք նաեւ Առաջին Հանրապետության օրոք, երբ դաշնակներ Խատիսյանը եւ մյուսները Ալեքսանդրապոլի պայմանագրով անվավեր են ճանաչել Սեւրի պայմանագիրը եւ մարդկության սկզբունքների վրա հենվելով՝ հրաժարվել են վնասները հատուցելու ամեն տեսակի պահանջներից:
Կարծում եմ, անտրամաբանական է նաեւ իշխող քաղաքական վերնախավի մարտավարությունը, իբր արձանագրությունները կվավերացվեն թուրքերից հետո: Դրանով ոչինչ չի փոխվում, ուտելու են միեւնույն կարկանդակը, իսկ դրույթները բխում են թուրքերի շահերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել