Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԿՑԻԱ՝ ԵՎՍ 10 ՕՐ

Ապրիլ 09,2010 00:00

Շուրջ մեկ ամիս է՝ Հարավ-արեւմտյան թաղմասում գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, կանանց միամսյակի առիթով, «բաց դռների օրեր» է հայտարարել: Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ, անվճար բուժվել եւ վիրահատվել է 160 կին: Սակայն հերթագրված 185 կնոջ հերթն այդպես էլ չի հասել: Երեկ ակցիայի արդյունքներին ծանոթանալու նպատակով «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց էր այցելել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը: Նա բուժհիմնարկի տնօրինությանը փոխանցեց քաղաքապետի որոշումը, ըստ որի՝ եւս 10 օրով անվճար ակցիան կերկարացվի, որպեսզի մնացած հերթագրված կանայք էլ կարողանան բուժօգնություն ստանալ:«Այս մեկամսյակում բժշկական կենտրոնը հերթագրել է 315 կնոջ, նրանցից 230-ը՝ գինեկոլոգիական, 85-ը՝ տարբեր վիրաբուժական խնդիրներ են ունեցել: Այսօրվա դրությամբ անվճար վիրահատության է ենթարկվել արդեն 130 հիվանդ: Առաջնահերթությունը տրվել է առողջական եւ սոցիալական ավելի ծանր վիճակում գտնվողներին: Առողջության խնդիրներով բուժհաստատություն են դիմել ոչ միայն Երեւանի բնակիչներ, այլեւ մարզերի: Վիրահատվածներից 39-ը մարզերից են»,- շրջայցից հետո լրագրողներին ասաց Ա. Ուլիխանյանը: Պատասխանելով հարցին, թե ամեն վիրահատությունը որքան է նստում պետության վրա, բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը պատասխանեց. «Մոտ 200 հազար դրամ: Ամբողջ ծրագրի համար կծախսվի մոտ 260 միլիոն դրամ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել