Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդեմ «պիրատության»

Ապրիլ 09,2010 00:00

Նոր օրինագիծ՝ ուղղված հեղինակային իրավունքների պաշտպանությանը

Ազգային ժողովում անցած եռօրյայում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում էր նաեւ այս գումարման խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավոր Կարեն Վարդանյանի հեղինակած՝ «Հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծագործող մարդկանց շահերը պաշտպանել տեսաձայնային մագնիսական կրիչների վրա պարտադիր դրոշմավորմամբ, ասինքն՝ յուրաքանչյուր սկավառակի, կրիչի կամ ավելի մատչելի լեզվով ասած՝ CD-ի եւ DVD-ի վրա դրոշմապիտակ փակցվի: Պարտադիր պետք է դրոշմավորվեն արվեստի եւ գրականության, մշակույթի, գիտության ոլորտների ստեղծագործողների, ֆիլմարտադրողների ստեղծագործությունների եւ կատարումների սկավառակները, այդ թվում՝ հնչյունագրեր եւ համակարգչային ծրագրեր պարունակողները: Պատգամավորի նախագծով պարտադիր դրոշմավորման ենթակա չեն մարդասիրական օգնության, բարեգործական շրջանակներում ներմուծված եւ անհատույց բաշխման ենթակա սկավառակները, նաեւ այն սկավառակները, որոնք տարանցիկ փոխադրվում են Հայաստանի մաքսային տարածքով: Նախագիծը ուղղված է հայրենի ստեղծագործողների հեղինակային իրավունքների պաշտպանությանը: Ճիշտ է, այսօր ՀՀ-ում կա օրենք հեղինակային իրավունքի մասին, բայց այն գրեթե չի գործում: Պատգամավորն ուսումնասիրել է այդ շուկան եւ եզրահանգել, որ CD-ների եւ DVD-ների ողջ շրջանառությունը Հայաստանում ապօրինի է. «Հեղինակային իրավունքի իրավատերերից գողանում են նրանց սեփականությունը, այդ շուկայում այսօր անարխիա է տիրում, ով ինչ ուզում, ինչ գնով ուզում՝ վաճառում է առանց իրավատերերի գիտության, իսկ ամենախայտառակ փաստն այն է, որ անգամ վաճառողները տեղյակ չեն, որ կա հեղինակային իրավունքի գաղափար… Լկտիությունն այն աստիճանի է հասել, որ ոտնահարվում են հայ մշակույթի գործիչների հեղինակային իրավունքները, բոլորը տեսնում են դա, եւ ոչ ոք ոչինչ չի անում»:
Կարեն Վարդանյանը զգացմունքային պոռթկումներով է ներկայացրել իր օրինագիծը, մասնավորապես ասելով. «Իմ օրենքի նախագիծը միայն հեղինակային իրավունքների, մտավոր սեփականության մասին է, իսկ կառավարության օրենքն ուզում է պաշտպանել ֆիսկալ հարկային խնդիրները, մուրաբաները եւ «կանսերվաները» ստվերից բերել օրինական դաշտ: Ոչ թե քաղաքական հայտարարություն եմ անում կամ իրավաբանորեն եմ ասում, ինձ համար մարդկայնորեն անընդունելի է, որ հայ մշակույթի գործչի շահերը համեմատեն ծիծակի կամ թթու վարունգի հետ: Ես դա չեմ կարող ընդունել: Ջիվան Գասպարյանի հեղինակային իրավունքի շահերը ու լվացքի փոշին նույն հարթությունում չեմ կարող դնել: Ամրագոտի չկապելու համար հարյուր անգամ ավելի մարդ եք արդեն պատժել, մշակույթի գործիչներին թալանելու համար երկրում մի հոգի չի պատժվել: Ամբողջ քաղաքը լցված է ապօրինի տեսաձայնասկավառակներով: Ուժային կառույցներում մարդիկ դա տեսնում են՝ իրենց չտեսնողի տեղ են դնում: Այս օրենքը 19 տարի չի ընդունվել, եթե այսօր էլ չընդունենք, մի 190 տարի էլ չի ընդունվելու: Պրոբլեմը պիրատների կտուրներն են, հովանավորները: Այդ կտուրները՝ լինեն փայտից, թե մոնոլիտ բետոնից, կկոտրենք, կբերենք օրինական դաշտ: Հազար հատ անուն են տալիս, այս միլպետի ախպերն ա, էն գողականի քավորն ա, էս կրիմինալի սանիկն ա, նրա փեսան ա, տո ով ուզում ա լինի էդ պիրատների հովանավորը, չկա մեր երկրում ըտենց մարդ, ով իրեն կարա թույլ տա մշակույթի գործիչներից գողանալ: Եթե մեկն էլ փորձի, ուրեմն պետք ա ձերբակալվի: Գողերը պետք է լինեն բանտում, էս խնդրին ուրիշ լուծում չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել