Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԱԼԱ»-Ն ՆՈՐ ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԻ ՄԵՋ Է

Ապրիլ 09,2010 00:00

\"\"Հեռուստաընկերությանը հալածելուն դարձյալ «լծվեցին» մաքսայինն ու հարկայինը

Արդեն մեկ ամիս է՝ Գյումրիի անկախ լրատվական ալիքը, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու փոխարեն բողոք-հայտարարություններ է տարածում իր բնականոն գործունեությունը անհարկի խոչընդոտելու դեմ. մե՛կ գովազդատուներին են ստիպում գովազդ չտալ, մե՛կ հեռուստաընկերության նոր գնված տեխնիկան չեն մաքսազերծում:
Երեկ էլ հարկային տեսչության աշխատակիցները, կատարելով ՊԵԿ նախագահի հրահանգը, հարկային պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ, արգելանք դրեցին «ԳԱԼԱ»-ի բանկային հաշիվների վրա: Ինչո՞ւ են նորից հալածում հեռուստաընկերությանը, ո՞վ է այն շահագրգիռ պաշտոնյան, որն ուզում է փակել ազատ մնացած հայկական վերջին հեռուստաընկերությունը՝ մեր հարցերին «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանն ասաց, որ հստակ չգիտի՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը, սակայն ենթադրում է, որ ամեն ինչ արվում է «ԳԱԼԱ»-ին նսեմացնելու, վարկանիշը գցելու համար: «Կարծում եմ, որ մեր անկախ լինելը որեւէ մեկին ձեռնտու չէ, անկախությունը բերում է ժողովրդի աջակցությունը, եւ հեռուստաընկերության խոսքը ավելի ծանրակշիռ է դառնում: Իշխանություններն ուզում են նսեմացնել մեր խոսքը: Եթե հեռուստաընկերությունը որեւէ մեկի կողմը բռնի, ժողովուրդը կդադարի վստահել, խոսքը կարժեզրկվի: Ես կարծում եմ, որ սա կամ անում է ինչ-որ մեկը, որ մեծ լծակներ ունի իշխանական կառույցներում, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի սրանով վնասի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանին, կամ հենց Սերժ Սարգսյանը: Բայց ավելի հակված եմ կարծելու, որ հեղինակը Սերժ Սարգսյանն է»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Ըստ նրա՝ այս անգամ հեռուստաընկերությանը լռեցնելու իշխանական ձեռագիրը փոխված է. եթե 2 տարի առաջ ամեն ինչ կատարվում էր բացահայտ,  ապա հիմա փորձում են այնպես անել, որ սեփականատերն իր ոտքով նրանց մոտ գնա. «Երեւի հաշվի են առել նախորդ փորձը,  ոչ թե ուղիղ առաջարկություններ են անում, այլ «մեսիջներով» են խոսում, Ռոբերտ Քոչարյանի «տապոռնի» ձեռագիրը այս անգամ չկա, մի քիչ ավելի հղկված է»: Որպես «մեսիջի» ցայտուն օրինակ՝ սեփականատերը մատնանշում է օրերս մաքսայինի հետ ունեցած պատմությունը: «Ինձ հայտնի չէ, թե ինչո՞ւ է մաքսայինը հրաժարվում մաքսազերծել հեռուստաընկերության սարքավորումները՝ տեսախցիկները, վահանակները: Ես գրավոր դիմում եմ հղել Շիրակի մարզի մաքսատան պետին՝ ճշտելու պատճառը: Բանավոր երբ հարցնում ենք՝ ի՞նչն է պատճառը, իրենց երեւանյան ղեկավարների համարներ են տալիս, ասում են՝ զանգեք, ճշտեք ինչո՞ւ չեն մաքսազերծվում: Նաեւ շեշտում են, որ վերեւներից դեռ հրահանգ չունեն մաքսազերծելու: Բայց ես ուզում եմ հիասթափեցնել, չեմ պատրաստվում շփվել որեւէ պաշտոնյայի հետ հեռախոսազանգերով»,- հայտարարեց Վ. Խաչատրյանը:
Մաքսայինին անգամ չի գայթակղում այն, որ «ԳԱԼԱ»-ն մաքսազերծման դիմաց մոտ 1 մլն 150 հազար դրամ է մուծելու պետությանը: Իսկ ինչպե՞ս եղավ, որ հեռուստաընկերության սեփականատիրոջ՝ մաքսայինի պետին ուղղված գրությանը հաջորդեց հարկայինի ներկայացուցիչների այցն ու «ԳԱԼԱ»-ի բանկային հաշիվների վրա արգելանք դնելը: Վ. Խաչատրյանի խոսքերով, դա բավականին երկար պատմություն է, եւ կապված է 2008-ին հեռուստաընկերության մուծած տույժ-տուգանքի հետ. «Ողջ ժողովուրդն է հիշում, որ 2007-ին  26 միլիոն դրամի ակտ գրվեց, որն իբրեւ թե մենք թաքցրել ենք պետությունից: Եվ էդ ակտը հիմք վերցնելով, պետությունը գտել է, որ 2008-ին մենք ամեն ամիս պետք է 300 000 դրամ կանխավճար մուծեինք: Բայց քանի որ ակտը եղել է անհիմն, մենք շահութահարկ չենք ունեցել, գովազդատուներին բոլորին կացնահարել էին, մենք բնականաբար չենք վճարել սահմանված կանխավճարը: Մենք 2008թ.-ին իրոք աշխատել ենք վնասով, պետությունը տեսել է, որ վնասով ենք աշխատել, ասել է՝ վնասով եք աշխատել, շահութահարկ չպետք է մուծեիք, բայց պետք է մուծեիք էն կանխավճարը, որ չեք մուծել, դրա վրա տույժ-տուգանք է եկել, որը կազմում է 822 000 դրամ: Ես չեմ պատրաստվում այդ գումարը մուծել, երկու տարվա ընթացքում բազմիցս խոսակցություններ են եղել հարկայինի պետի հետ, մեզ համոզել են մուծել կանխավճարը, մենք հրաժարվել ենք, քանի որ ոչ միայն ակտն է անհիմն եղել, այլեւ ակտից բխող բոլոր գործողությունները»:
Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ մաքսայինում հեռուստաընկերության սարքավորումները չեն մաքսազերծում հարկայինի ուղարկած տեղեկանքի պատճառով, իսկ սա նշանակում է, որ այս պահին եւս «ԳԱԼԱ»-ի հախից գալու անպատվաբեր գործը դրվել է հարկայինի ուսերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել