Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆինանսական հաշտարարը Հայաստանում էլ կայացավ

Ապրիլ 09,2010 00:00

Հայաստանում են Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների ֆինանսական շուկայի ներկայացուցիչները

«Այնպես չէ, որ Ֆինանսական հաշտարարի գրասենյակի ծառայություններից օգտվում են բոլորը, կամ  այն չափազանց մեծ ժողովրդականություն է վայելում, սակայն այդ ամենը ժամանակ է պահանջում թե հաճախորդների կրթվածության տեսակետից եւ թե այն, որ արդեն գործում են համաձայնություններ եւ աշխատանքային հարաբերություններ ֆինանսական ինստիտուտների հետ եւ հնարավորություն են տալիս այդ ամենը շատ արագ իրականացնել»,- երեկ ասաց ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը՝ հիշեցնելով, որ ԱՊՀ երկրներում Հայաստանն առաջինն էր, որ դեռեւս նախորդ տարի նախաձեռնեց Ֆինանսական Հաշտարարի գրասենյակի ստեղծումը: Ավելի ուշ պարոն Գաբրիելյանը կարծիք հայտնեց, թե հաշտարարի գրասենյակը բավականին արդյունավետ է աշխատում, ինչի շնորհիվ նախորդ տարի Հաշտարարի միջնորդությամբ քաղաքացիները ֆինանսական ընկերություններից մոտ 26 միլիոն դրամի փոխհատուցում են ստացել. «Գրասենյակի գործունեության առաջին տարին կայացման փուլ էր, եւ անգամ ֆինանսական ճգնաժամի պայմաններում մեր համակարգը չնվազեց եւ շարունակեց նույն քանակությամբ ծառայություններ մատուցել բնակչությանը, ինչի հետեւանքով ֆինանսական միջնորդությունները մեր համակարգում ավելացան, չնայած սրան՝ պետք է արձանագրեմ, որ դեռեւս այն արդյունավետությունը չէ, որ կարելի է արձանագրել, թե բոլոր հարցերը լուծված են»:
Երեկ Երեւանում մեկնարկել է «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը՝ ուղղված հանրության վստահության ամրապնդմանը եւ ֆինանսական միջնորդության ավելացում» թեմայով երկօրյա կոնֆերանսը: Միջոցառմանը մասնակցում են Ֆրանսիայի, Նիդեռլանդների եւ Մեծ Բրիտանիայի ֆինանսական օմբուդսմենները, ԱՊՀ երկրների ԿԲ-ների ֆինանսական շուկայի ներկայացուցիչներ:
Պարոն Գաբրիելյանը վստահեցրեց, որ երկօրյա համաժողովից կոնկրետ հայաստանյան գրասենյակը իր առջեւ ծառացած խնդիրների վերաբերյալ արժեքավոր խորհրդատվություն է ստանալու արտասահմանյան գործընկերներից:
Մեծ Բրիտանիայի ֆինանսական օմբուդսմենի ծառայության կորպորատիվ տնօրեն եւ գլխավոր օմբուդսմեն Դեյվիդ Թոմասը «Առավոտի» հետ զրույցում կարեւորեց օմբուդսմենի անկախությունը, հասանելիությունը եւ վստահելի լինելու նախապայմանը. «Ըստ էության ես լավ չեմ ճանաչում հայաստանյան գրասենյակի գործունեությունը, սակայն մենք միշտ պատրաստ ենք մեր փորձը փոխանակել եւ աջակցել»: Պարոն Թոմասը դժվարացավ ասել, թե փորձի փոխանակման առումով հայաստանյան ֆինանսական հաշտարարի փորձը ինչքանով է օգտակար եւ ուսանելի: Ավելի ուշ նա նշեց, որ նման կոնֆերանսը ցույց է տալիս, որ ԵՄ-ում կան նմանատիպ կառույցներ, որոնք իրենց էությամբ տարբեր են, բայց նպատակը մեկն է՝ վեճը լուծել դատարանից դուրս պարզեցված եղանակով:
Ֆրանսիայի ապահովագրական հաշտարար Ֆրենսիս Ֆրիզոնն էլ, ըստ էության, անգլիացի գործընկերոջ նման, լավ չէր պատկերացնում հայաստանյան գրասենյակի գործունեությունը, բայց նրան զարմացրել ու շատ տպավորել է հատկապես հայաստանյան գրասենյակի «երիտասարդ» կազմը. «Մեկ տարվա ընթացքում կարողացել են մոտ 400 բողոքի հետ գործ ունենալ»: Ավելի ուշ հայ գործընկերներին խորհուրդ տվեց իրազեկության մակարդակը բարձրացնել եւ դրա միջոցով վստահություն ձեռք բերել ե՛ւ հաճախորդների, ե՛ւ ֆինանսական կազմակերպությունների շրջանում:
ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանն էլ ասաց, որ նախորդ տարի ստացել է 378 բողոք, որից 61%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների: Նրա խոսքով, քաղաքացիների բողոքները հիմնականում կապված են բանկային համակարգի հետ, մասնավորապես՝ վարկային, ավանդների եւ վերահաշվարկային գործարքների դեպքեր են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել