Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒԶՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՄԻԱՅՆ «ՉԻԲՈ՞ՒԽ» ԾԽԵՆ

Ապրիլ 09,2010 00:00

Կառավարությունը մտադիր է մյուս տարի ծխախոտ ներմուծողներից 3 մլրդ դրամ հավաքել եւ շուկայում տեղական արտադրողի «ոտքը պնդել»:

Հաշվի առնելով, որ ծխախոտի բիզնեսը մեր երկրում բավականին հաջողված ու եկամտաբեր է՝ մեր կառավարությունը գտնում է, որ այդ բիզնեսից պետբյուջե հավաքագրվող հարկային եկամուտների մակարդակը շատ ցածր է, եւ անհրաժեշտ է վերանայել հարկատեսակն ու դրույքաչափերը: Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքած հուշագրով նույնպես մեր իշխանությունները խոստացել են, որ պետք է ծխախոտային արտադրանքի հարկման դաշտում փոփոխություններ կատարեն: Ինչպես հայտնի է, ծխախոտային արտադրանքը մեր երկրում հարկվում է հաստատագրված վճարով: Կառավարությունը մտադիր է 2011-ի հունվարի 1-ից ծխախոտը տեղափոխել սովորական հարկման դաշտ եւ հաստատագրված հարկի փոխարեն գանձել ակցիզային հարկ, մաքսատուրք, շահութահարկ եւ ԱԱՀ: Այս մասին արդեն օրենքի նախագիծ է մշակվել, որով առաջարկվում է ներմուծվող ֆիլտրով սիգարետի, սիգարի եւ սիգարելլաների համար մաքսատուրքը սահմանել 0%, 1000 հատիկի համար գանձել՝ ներկայիս 6500 ֆիքսված հարկի փոխարեն, 4000 դրամ ակցիզային հարկ, իսկ տեղական արտադրության ծխախոտի ակցիզային հարկը՝ ներկայիս 4750 դրամի փոխարեն, սահմանել 2850 դրամ: Ներկայումս տարբերությունը ներմուծվող եւ տեղական արտադրության ծխախոտների միջեւ կազմում է 1750 դրամ: Փաստորեն, նախագիծն ընդունվելու դեպքում տարբերությունը կկազմի 1150 դրամ:
Նշենք, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելով՝ մեր երկիրը 2003-ից պարտավորություն է ստանձնել, որ տեղական եւ ներմուծվող սիգարետների հարկերի դրույքաչափերի միջեւ տարբերությունը լինելու է առավելագույնը 15%, այսինքն՝ հենց 1150 դրամ: Առաջին հայացքից թվում է, թե մեր կառավարությունը որոշել է կատարել ԱՀԿ-ի պահանջները, սակայն իրականում ճիշտ հակառակն է:
Այն, որ իշխանությունները պետք է պաշտպանեն ազգային արտադրողի շահերը՝ միանգամայն ընդունելի է: Սակայն երբ խոսքը այնպիսի արտադրանքի մասին է, ինչպիսին ծխախոտային արտադրանքն է՝ գոյություն ունեն մի շարք միջազգային պարտավորություններ, հուշագրեր ու համաձայնագրեր, որոնց տակ ստորագրելով՝ մեր երկիրը որոշակի պարտավորություններ է ստանձնել: Մասնավորապես, Մաքսերի եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի համաձայն, ՀՀ-ն իրավունք չունի տեղական եւ ներմուծված ծխախոտի համար կիրառել այնպիսի հարկեր, որ հովանավորեն տեղական արտադրությունը: Բացի այն, որ մեր կառավարությունը մինչ օրս այդ համաձայնագիրը, փաստորեն, խախտում է, 2011-ին նոր օրենքն ուժի մեջ մտնելու դեպքում պատրաստվում է, այսպես ասած, «Գրանդ Տոբակոյի», «Մասիս տաբակի» ջրաղացին ջուր լցնել, իսկ ներմուծողներին փաստի առաջ կանգնեցնել: Բանն այն է, որ, բացի ակցիզային հարկից, ինչպես նշեցինք, ծխախոտի շուկայի մասնակիցներից գանձվելու է նաեւ ԱԱՀ, որը կախված է ծխախոտի գնից: Տեղական արտադրության ծխախոտների միջին գինը շուկայում 220 դրամ է, ներմուծվածներինը՝ 350 դրամ: Ստացվում է, որ էժան ծխախոտի համար ավելի քիչ հարկ է մուծվելու, քան թանկի համար: Հաշվի առնելով, որ արդեն քանի տարի է՝ ծխախոտի շուկայի 50-55%-ը տեղական արտադրանքն է, մնացածը՝ ներմուծված, մեր կառավարության հաշվարկներով՝ շուկայի 45%-ը զբաղեցնող ներմուծողներից բավականին խոշոր գումարներ կհավաքագրվեն՝ մոտավորապես 3 մլրդ դրամով ավելի, քան 2010-ին: Այսինքն՝ հաշվարկված է, որ ինչպես 2009-ին, այս տարի էլ ծխախոտից հավաքագրվելու է 25.3 մլրդ դրամ, իսկ 2011-ին այդ թիվը կհասնի 28.3 միլիարդի: Իհարկե, լավ է, որ պետությունը միջոցներ է գտնում բյուջեն լցնելու համար, լավ է, որ զարկ է տալիս տեղական արտադրությանը, սակայն այդ ամենին պետք է հասնել օրինական եւ ճիշտ ճանապարհով: Բացի այդ, կառավարության սահմանած նոր հարկային դրույքաչափերի «շնորհիվ» շատ սպառողներ, բնականաբար, կսկսեն ավելի էժան ծխախոտ գնել, որովհետեւ ներմուծված թանկ ծխախոտի գինն է՛լ ավելի կբարձրանա: Իսկ որ ամենավատն է, չի բացառվում, որ կմեծանան մաքսանենգության ծավալները՝ ռիսկի տակ դնելով պետական բյուջեի առանց այդ էլ քիչ եկամուտները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել