Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՄԲ»

Ապրիլ 09,2010 00:00

\"\"Առաջարկում է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը

ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, ով բավական երկար չէր շփվել լրատվամիջոցների հետ, երեկ մամուլի ասուլիսում խոսեց Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության, ներքաղաքական գործընթացների եւ տնտեսական հարցերի շուրջ:

Ատաքին
քաղաքականության շուրջ

Ըստ Գուրգեն Արսենյանի. «Մենք այսօր ականատես ենք մի իրադարձության, որն ունի նաեւ շարունակական բնույթ. դա այն է, ինչ մեր հասարակությանը հայտնի է հայ-թուրքական երկխոսություն ձեւակերպմամբ: Արտաքին քաղաքականության մեջ իրականացվող այդ նախագիծը ընթանում է արդեն երկու տարի: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2008 թվականի հունիսին բարձրաձայնեց այդ նախագծի մասին, որը հասարակության մեջ ստացավ ֆուտբոլային դիվանագիտություն ձեւակերպումը: Այդ նախագիծը, մեր գնահատմամբ, միջազգային նախագիծ է, որը ունի մի քանի մասնակից՝ եռանախագահող երկրները (ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիա), ինչպես նաեւ միջնորդական առաքելություն իրականացնող Շվեյցարիան: Բնականաբար, նախագիծը մոտենում է իր կուլմինացիային (բարձրակետին- Մ. Ե.): Մի քանի օր հետո տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպումը Միացյալ Նահանգներում, եւ այս հանդիպման արդյունքները, հուսանք, մեզ համար գոհացուցիչ կլինեն: Ի՞նչ նպատակներ էին հետապնդում կողմերը եւ ի՞նչ ունենք այսօր: Բնականաբար, ցանկացած նախագիծ ունի մասնակիցներ եւ ունի առարկա: Այս նախագծի մասնակիցներն էին Հայաստանը, Թուրքիան եւ միջնորդ երկրները, նպատակն էր՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը եւ հայ-թուրքական երկխոսության սկիզբը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: 2009 թվականին հրապարակվեց ճանապարհային քարտեզը, եւ նույն թվականի աշնանը հրապարակվեցին հայտնի արձանագրությունները: Բոլոր կողմերն ունեն իրենց նպատակները, եւ յուրաքանչյուր կողմ փորձում է սպասարկել իր նպատակները»:

Ի՞նչ նպատակներ է սպասարկում ՀՀ-ն
Ըստ ՄԱԿ նախագահի, Հայաստանի Հանրապետության առաջնային խնդիրը իր հարեւան երկրի՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է եւ նաեւ երկու երկրների միջեւ առկա խնդիրների լուծումը. «Մենք այս գործընթացի ընթացքում տեսանք, որ եւ հայ, եւ թուրք հասարակության մեջ այս գործընթացը միանշանակ չընդունվեց: Ինչո՞ւ, որովհետեւ երկու հասարակությունների մեջ էլ կան տարբեր նպատակներ հետապնդող եւ տարբեր շահերի սպասարկող ուժեր: Իմ կարծիքով, մենք մոտեցել ենք մի ջրբաժանի, որտեղ պետք է կարողանանք որոշում կայացնել, թե որ ճանապարհով ենք շարունակելու»: Այնուհետեւ պարոն Արսենյանը հայտարարեց, որ իր կողմից անցկացված վերլուծությունները եւ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին 300 տարվա ընթացքում հայ ժողովրդի կողմից նախաձեռնված ոչ մի նախագիծ, որն իր մեջ ունեցել է ազգային որոշակի շահերի սպասարկման եւ ազգային որոշակի նպատակների հասնելու խնդիր, հաջողությամբ չի պսակվել. «Սկսած Դավիթ-Բեկից, ավարտված թուրքական պետության նկատմամբ այն գործողություններով, որ տեղի ունեցան Բեռլինի եւ Սան-Ստեֆանոյի կոնֆերանսներում, երբ արծարծվեց նաեւ հայկական հարցը, մենք ոչ մի հարցում չենք ունեցել ձեւակերպված հաջողություն, բոլոր հարցերում ունեցել ենք էական կորուստներ»,- կարծում է ՄԱԿ նախագահը: Գուրգեն Արսենյանը ներկայացրեց իր սեփական վերլուծությունը. «Այն ձեւաչափը, որով մենք փորձում ենք հանդես գալ, եւ այն նպատակները, որոնց փորձում ենք սպասարկել, պետք է որոշակի փոփոխություն կրեն, եթե ցանկանում ենք հասնել հաջողության: Նմանատիպ նախագծերում շատ կարեւոր է ձեւաչափը: Վերջին 300 տարվա փորձը ցույց է տալիս, որ ազգային ձեւաչափով հանդես գալու պարագայում մենք ձախողվում ենք: Մենք պետք է փոխենք ձեւաչափը եւ պետք է հանդես գանք միայն պետական ձեւաչափով»:

Արսենյանի ուղերձը
«Ելնելով շարադրված այս տեսակետից՝ հայ-թուրքական հարաբերությունների ներկա ընթացքը պետք է ունենա միայն Հայաստանի պետական շահերի սպասարկման նպատակ: Սա է իմ ուղերձը: Պետականության տեւական բացակայությունն ունի իր ազդեցությունը հասարակության վրա: Հասարակության քաղաքական վերնախավը չի կարողանում մտածել այն ձեւաչափով, որը օգտակար եւ արդյունավետ է: Մենք չենք ունեցել պետականություն եւ այդ պատճառով չենք կարողացել գտնել ճիշտ ձեւաչափերը մեր խնդիրների լուծման ճանապարհին: Այսօր մենք հանգում ենք այն հետեւությանը, որ ՀՀ ցանկացած խնդրի լուծման ձեւաչափը կարող է լինել միայն պետական շահի սպասարկումը»:

Հայ-թուրքականն՝
ականապատված դաշտ

Ըստ ՄԱԿ նախագահի՝ հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը շատ նման է ականապատված դաշտի. «Շատ զգույշ պետք է լինենք, որպեսզի այդ ականները չաշխատեն: Այս ընթացքում մենք տեսանք, որ կան քաղաքական ուժեր, որոնք ակտիվորեն փորձում են շահագործել որոշակի թեզեր՝ այս փոխհարաբերությունների կայունացումը ձախողելու նպատակով: Ինձ, որպես ՀՀ քաղաքացու, որպես քաղաքական կուսակցության ղեկավարի, ցանկալի է, որպեսզի Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունները զարգանան պետական շահի սպասարկման ենթատեքստում»: Ըստ պարոն Արսենյանի, պետք է «չեզոքացնել բոլոր այն հնարավոր վտանգները, որոնք կարող են սպառնալ մեր պետությանը եւ մեր պետական շահի սպասարկմանը»:

Գուրգեն Արսենյանը
պատասխանեց նաեւ հարցերի
– Ո՞րն է պետական շահը:
– Օրինակ, այն խնդիրը, որն այսօր արծարծվում է՝ կապված ջավախահայության կարգավիճակի հետ, եւ որը շահարկվում է: Դա հակասում է ՀՀ պետական շահին, սակայն ազգային շահերի սպասարկման տեսակետից որոշակի բովանդակություն ունի:
– «Զարմանալի» իրավիճակի մասին:
– Մի օրինակ բերեմ եւ այդ օրինակի վրա փորձեմ ներկայացնել այն զարմանալի իրավիճակը, որ կա: Մենք ՀՀ-ի անունից ստորագրում ենք արձանագրություն, որը հավանություն է ստանում միջազգային հանրության կողմից, տարբեր երկրներ ողջունում են ՀՀ-ի կողմից նախաձեռնողական քաղաքականության իրականացումը: Խոսքը հայ-թուրքական արձանագրության մասին է: Փաստաթուղթը մտնում է շրջանառության մեջ, ընթացակարգերով գնում է դեպի վավերացումը՝ Թուրքիայում եւ Հայաստանում: Ու սկսվում է մի տարօրինակ, զարմանահրաշ պրոցես, որի նպատակն այդ գործընթացի տորպեդահարումն է: Տարբեր քաղաքական ու նաեւ պետական կառույցներ սպասարկում են այդ նպատակին: Այդ տորպեդահարման պրոցեսի գագաթնակետը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից համապատասխան բանաձեւի (նկատի ունի Ցեղասպանության հարցի քննարկման մասին բանաձեւի ընդունումը- Մ. Ե.) ընդունումն է: Երրորդ երկրի կարեւորագույն մարմնի հանձնաժողովը ընդունում է մի բանաձեւ, որը ուղղակի տորպեդի դեր է կատարում այս երկկողմ հարաբերությունների կարգավորման գործում: Կատարեք հետեւություններ՝ ինչո՞ւ է այդպիսի բան տեղի ունենում հենց այն պահին, երբ պետք էր ամեն կերպ աջակցել, որպեսզի այդ գործընթացն ավարտվի դրական արդյունքով, որպեսզի քչանան մեր պետության նկատմամբ առկա վտանգները, կարգավորվեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, ունենանք այլընտրանքային ճանապարհ եւ այլն: Ուրեմն, քանի՞ կողմ կա այս պրոցեսում, քանի՞ շահ է սպասարկվում եւ ի՞նչ նպատակներով: Հայաստանի պետական շահը պահանջում է, որպեսզի Հայաստանը կարգավորի իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Կարճ՝ ՀՀ-ի առաջնային խնդիրն է ապահովել իր բնակչության նորմալ, ապահով, անվտանգ եւ շարունակական կյանքը: Դա է ՀՀ առաջնային խնդիրը:
– Ձախողվա՞ծ է արձանագրությունների վավերացման գործընթացը:
– Այդ գործընթացը գտնվում է ընթացակարգային փուլում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Թուրքիայում:
– Թուրքիան կվավերացնի՞ արձանագրությունները:
– Եթե ես կարողանայի Թուրքիայի գործողությունների հետ կապված նախապես ձեզ տալ սպառիչ պատասխաններ, ես գին չի ունենա, անգին կլինեի:
– Սերժ Սարգսյանը սպասարկո՞ւմ է ՀՀ պետական շահը:
– Այս լույսի ներքո, որ այսօր ենք տեսնում, այո:
– Արտահերթ ընտրությունների հավանականությունը:
– Դիալեկտիկան ոչինչ չի բացառում բնության մեջ, սակայն մենք եղել եւ մնում ենք հերթական ընտրությունների կողմնակից, չնայած արտահերթ ընտրությունները մեզ կարող են շանս տալ ավելի արագ վերադառնալ ակտիվ քաղաքականություն, բայց մենք մնում ենք հերթական ընտրությունների կողմնակից:
– Կա՞ն արդյոք իշխանության ներսում ներիշխանական խմորումներ, եւ ինչպե՞ս եք գնահատում ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները («Առավոտ»)։
– Ես կարդացի Տեր-Պետրոսյանի ելույթը, որը երկու օր առաջ հնչեցրեց հանրահավաքի ժամանակ: Այդ ելույթի ամենակարեւոր եւ ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, հուսադրող մաս եմ համարում այն, որ քաղաքական դաշտում ձեւավորված ընդդիմադիր ուժը իր առջեւ նպատակ չի դրել ապակայունացնել մեր երկիրը: Ընդդիմության ղեկավարը հայտարարում է այն մասին, որ իրենք զուսպ են լինելու եւ փորձելու են գործել այն սկզբունքով, որով պետք է գործեն բժիշկները՝ չվնասելու սկզբունքով: Այդ թեզը հնչում է ՀՀ պետական շահի սպասարկման տեսանկյունից: Դա նշանակում է՝ ընդունում են, որ այս երկիրը իրենց հարազատ երկիրն է, ինչպես եւ ես եմ ընդունում: Մենք ունենք ընդամենը մեկ հայրենիք, որի նկատմամբ պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի չվնասենք: Այն, որ հասարակության մի մասը դժգոհ է իշխանությունների գործունեությունից, դա սովորական երեւույթ է: Չգիտեմ այնպիսի երկիր, որտեղ բոլորը գոհ լինեն իշխանություններից: Իշխանությունները գալիս եւ գնում են, հայրենիքը մնում է: Արդյոք բավարա՞ր է իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների ծավալը: Ոչ, բավարար չէ, որովհետեւ առաջին հերթին ներքաղաքական այս թնջուկը լուծելու համար որոշակի քաղաքական քայլերի, քաղաքական կամքի դրսեւորում է պետք: Առաջին հերթին՝ իշխանությունների կողմից: Որպես առաջին քայլ՝ դա ՀՀ նախագահի կողմից համաներում հայտարարելու իր սահմանադրական իրավունքի կիրառումը պետք է լինի: Համաներում այն մարդկանց, ովքեր գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, եւ ովքեր դատապարտվել են իրենց այն գործողությունների համար, որոնք իշխանությունները գնահատում են որպես քրեական հանցագործություններ, սակայն իրենց մեջ ունեն նաեւ քաղաքական անհամաձայնության հետեւանքով կատարված գործողություններ: Սա առաջին նախապայմանն է, երկրորդը՝ միմյանց լսելն է: Ոչ թե միմյանց վերաբերվել որպես չիներենով խոսող մարդիկ, որոնք խոսում են հին հոլանդերեն խոսողների հետ: Երկխոսություն սկսել ու այդ երկխոսությունը տեղափոխել հասարակական հարաբերությունների դաշտ եւ ոչ թե կիսապատերազմական գործողությունների տպավորություն ստեղծել:
– Ներիշխանական խմորումների մասին հարցին չպատասխանեցիք:
– Երբ կա կարկանդակ, այդ կարկանդակին մոտ կանգնած մարդկանց մեջ միշտ կա ցանկություն՝ ունենալ ավելի հեշտ այդ կարկանդակից օգտվելու եւ չափաբաժինը մեծացնելու հնարավորություն: Խմորումներ կան, սակայն դրանք սկզբունքային տարաձայնությունների պատճառով չեն:

Տարօրինա՞կ հարց
Լրագրողները Գուրգեն Արսենյանին խնդրեցին գնահատել կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը: Հարցը ՄԱԿ նախագահը որակեց «տարօրինակ». «Ես ՀՀ կառավարության գործունեությունը բացասական եմ գնահատում: Պետք է նկատել, որ այս կառավարությունը արձանագրել է որոշակի ռեկորդներ: Նորագույն Հայաստանի պատմության մեջ այս կառավարությունը սահմանել է որոշակի ռեկորդ՝ արտաքին փոխառությունների մասով: Սա ամենաշատ պարտք վերցրած ռեկորդակիր կառավարությունն է: Այս կառավարության նպատակներն ինձ համար հասկանալի չեն: Գուցե այս կառավարության գործունեության նպատակները հասկանալի են, ասենք, Արժույթի միջազգային հիմնադրամի չինովնիկներին, որովհետեւ նրանց առջեւ են հաշվետու: Վերջին տվյալները հրապարակելիս վարչապետը հպարտությամբ ասաց, որ անգամ ԱՄՀ-ի ներկայացուցիչներն են ասում, որ մեզ մոտ առկա է տնտեսական աճ: Այսինքն՝ հաշվետու են ուրիշ մարդկանց: Մեզ հաշվետու չեն: Եթե մեզ հաշվետու լինեին, ապա մենք կտեսնեինք, թե ինչպես է կառավարությունը իր քաղաքացիների նկատմամբ իրականացնում իր պարտականությունները»:
Գուրգեն Արսենյանը նաեւ հավելեց, որ այս կառավարության թեթեւ ձեռքով «եկեղեցական օր չմնաց, որ չհամարվի պաշտոնական հանգստի օր: Ինձ դա դուր չի գալիս: Մենք աշխարհիկ պետություն են, մենք կրոնապետություն չենք: Մենք աշխարհիկ հասարակություն ենք, եւ պետք չի կրոնական համայնքի կանոնները ներդնել աշխարհիկ հասարակության մեջ: Ես դրա համոզված հակառակորդն եմ: Եկեղեցին իր տեղն ունի, աշխարհիկ հասարակությունն՝ իր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել