Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՇՈՐՆԵՐԻՆ ԿԴԻՏԱՐԿԵՆ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑՈՎ

Ապրիլ 09,2010 00:00

Երեկ կայացած կառավարության նիստից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է. «Ֆինանսների նախարարությունը հրապարակել է ցանկը այն 285 ձեռնարկությունների, որոնք պարտավոր են այս տարի հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները արտաքին աուդիտորի եզրակացությամբ: Դրանք այն ձեռնարկություններն են, որոնք 2009թ. ունեցել են 1 մլրդ դրամից ավելի շրջանառություն: Մեզ քննադատում են, որ չենք կարողանում խոշոր ձեռնարկությունների ոլորտում ապահովել պատշաճ վերահսկողություն, եւ ես այդ քննադատության հետ համաձայն եմ: Եթե խոշոր ձեռնարկությունը հնարավորություն ունի խուսափել հարկային պարտավորությունների կատարումից, ապա դա մեծ չարիք է ցանկացած պետության համար, որովհետեւ դրանով խարխլվում են պետության հիմքերը, փոքր ու միջին բիզնեսին հնարավորություն չի տրվում զարգանալ: Մեկ ամսվա ընթացքում ֆինանսների նախարարությունը պարտավոր է հրապարակել իր վերլուծական աշխատանքի արդյունքը՝ համեմատության մեջ ցույց տալով, թե խոշոր հարկ վճարողների ցուցանիշները ինչպիսին են եղել 2008 եւ 2009 թվականներին: Մտավախություն կա, որ հիմնական հարկային բեռը ճգնաժամային տարվա ընթացքում ընկել է ոչ թե խոշոր, այլ փոքր եւ միջին բիզնեսի վրա, եւ մենք պարտավոր ենք փարատել այս բոլոր կասկածները: Կարծում եմ, որ խոշոր ձեռնարկությունների դաշտում թափանցիկություն ապահովելու ամենահզոր գործիքը հրապարակայնությունն է, եւ մենք այդ ռազմավարությունն ենք իրականացնում: Եթե սրան ավելացնենք մեր էթիկայի հանձնաժողովների ձեւավորման պարտավորությունը, որը հնարավորություն է տալու վերահսկողության տակ վերցնել պատգամավորներին ու նախարարներին եւ թույլ չտալ, որ նրանք անմիջականորեն զբաղվեն բիզնեսով, կարծում եմ,  մեր հասարակության մեջ վստահությունը խոշոր բիզնեսի նկատմամբ կավելանա: Մենք խստացնելու ենք մեր հսկողությունը խոշոր բիզնեսի նկատմամբ՝ դարձնելու ենք այն թափանցիկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել