Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելին չէր էլ սպասվում

Ապրիլ 09,2010 00:00

Քոչարյանը արձագանքեց, արձագանքեցին նաեւ նրան

Երեկ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ընդդիմության անցած հանրահավաքի վերաբերյալ» վերտառությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ գործիչները ինձ կարգին զվարճացրին: Նրանք իրենց համար տարօրինակ զբաղմունք են գտել: Իմ փոխարեն որոշում են, թե ես երազում եմ քաղաքականություն վերադառնալ: Հետո սկսում են պայքարել իմ վերադարձի դեմ: Որոշ ժամանակ անց, երբ պարզվում է, որ ես չեմ վերադարձել՝ ցնծում են, համարելով, որ հենց իրենց գործողություններն են ինձ կանգնեցրել: Ընդ որում, մոլագար խուճապի առիթ է դառնում իմ ուղեւորություններից կամ ելույթներից յուրաքանչյուրը:
Ես խորհուրդ կտայի այդ պարոններին շատ չլարվել, այլապես նրանք, բեռնումներին անսովոր, կարող են օր ծերության թութք ձեռք բերել:
Եթե ես որոշեմ վերադառնալ քաղաքականություն, ապա կհայտարարեմ բաց եւ ուղիղ, ինչպես այն ամենը, ինչ ես անում եմ: Այնպես որ, եթե սույն պարոնները մի քիչ շարժեին այն, ինչը նորմալ մարդկանց մոտ ուղեղ է կոչվում, ապա կհասկանային այդ պարզ ճշմարտությունը:
Ի դեպ, ինձ երբեք չի հետաքրքրել, թե ինչ են մտածում իմ մասին այդ «պռաշլյակները» (օգտվում եմ Տեր-Պետրոսյանի նոր՝ գողական տերմինաբանությունից):
Ենթադրում եմ, որ իրենք ինձ այդքան էլ չեն սիրում, եւ հպարտանում եմ, որ վաստակել եմ այդպիսի վերաբերմունք: Ես արդյունավետ նախագահ եմ եղել ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂՀ-ում, ու դա շատերին հանգիստ չի տալիս: Ավաղ, այդպիսինն են թույլ եւ նախանձ մարդիկ, ոչինչ անել չես կարող:
P. S. Ի դեպ, Դուբայում վերջին անգամ ես եղել եմ պաշտոնական այցով՝ երեք տարի առաջ: Իսկ Փարիզում մարտի սկզբին նախագահ Սարգսյանի հետ ընդհանրապես չեմ հանդիպել: Բամբասանքներով ապրող նախկին նախագահը պարզապես խղճուկ է»:
«Առավոտի» խնդրանքով երեկ Քոչարյանի այս հայտարարությանն արձագանքեց Հայ ազգային կոնգրեսի անդամ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը. «Նրանից ավելին չէր էլ սպասվում: Մենք իրեն հե՛նց այդ ոճի մեջ էլ տեսնում ենք: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը նրա հասցեին հնչեցրել է այդ բառերը՝ ընդօրինակելով նրա բառապաշարը, ապա այն, ինչ ասվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ ճիշտ իր ոճն է: Ինչպես միշտ, Քոչարյանն այս դեպքում էլ ՀՀ առաջին նախագահի հայտարարություններին ի պատասխան որեւէ ողջամիտ հակափաստարկ բերել չի կարողացել: Նա ընդամենը իրեն հարիր ցածրորակ պատասխան է գրել, որից ավելիին Քոչարյանը ընդունակ էլ չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել