Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԶԱՆԳԸ ԳՈՒԺԻ՝ ՆՈՐ ՄԻ ԲԱՆ ՓՈԽԵՆՔ

Ապրիլ 09,2010 00:00

\"\"Հարցնում է ՀՅԴ խմբակցության  պատգամավոր Լիլիթ Գալստյանը

– Կառավարության հետ ԱԺ հանդիպման ընթացքում դատավարությունների դիտարկման ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի մասին Ձեր հարցին ի պատասխան՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պնդեց, թե այդ զեկույցում նման եզրահանգումներ բացարձակապես չկան. «Ուրիշ բան, որ մենք ցանկանում ենք այդ զեկույցում տեսնել մեր սպասելիքը, մեր ցանկալիքը»: Բացահայտեք, թե որտեղի՞ց էիք քաղել հնչեցրած բացասական գնահատականները՝ արդարադատության համակարգի մասին:
– Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է չմիջնորդավորված ծանոթանալ այդ զեկույցին՝ կարող է համոզվել, որ այն բոլոր գնահատականները, որոնք ես հնչեցրի կառավարությանն ուղղված իմ խոսքում՝ քրեական արդարադատության համակարգում տեղ գտած կամայականությունների, խախտումների, մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարման, խոշտանգումներով ձեռք բերված ապացույցների, դատավորների ցածր պրոֆեսիոնալիզմի եւ բացարձակ կախվածության մասին՝ մեջբերված են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցից: Եվ ցանկացա՛ծ հայաստանցի, ով կուզենա անաչառ գնահատական տալ մեր քրեական արդարադատության համակարգին՝ կհամաձայնի այդ գնահատականներին, որ տվյալ համակարգում վիճակն այդպիսին է՝ նաեւ կաշառակերության, կոռումպացվածության մակարդակի առումով: Առհասարակ, դատական համակարգի հայտարարված անկախությունը սոսկ սահմանադրական ամրագրում է՝ իրականության հետ որեւէ առնչություն չունի: Եվ ցավալիորեն միջազգային զեկույցներում մարդու իրավունքների պաշտպանվածության վերաբերյալ մեր ցուցանիշները գնալով թանձրանում են:
Բայց բացի այս գնահատականներից՝ իմ հիմնական հարցը վերաբերում էր դատավորների պատասխանատվությանը: Իբրեւ ՀՀ քաղաքացի եւ քաղաքական գործիչ՝ ինձ նախ եւ առաջ խորապես մտահոգում է Հայաստանի վարկանիշը, քանի որ դատավորների կայացրած յուրաքանչյուր անարդար վճիռ ՀՀ քաղաքացիների կողմից արդարադատությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փնտրելու արդարացի պոռթկում է: Եվ այդ դատարանում վճիռ է կայացվում ոչ թե ընդդեմ տվյալ՝ անարդար վճիռ կայացրած դատավորի, այլ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Էլ չեմ խոսում տվյալ պարագայում մանրուք դիտվող հանգամանքի մասին, որ դրա դիմաց տուգանքներն էլ հատուցվում են մեր բյուջեից: Եվ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում եւս ամրագրված է դատավորների պատասխանատվությունը բարձրացնելու մասին առաջարկը:
Ես շատ ավելի պիտի գնահատեի, եթե մեր նախարարն ի պատասխան՝ չարդարանար: Կարծում եմ, ոչ հարմար վիճակի մեջ ընկավ՝ ասելով, թե ապօրինի դատական ակտը կարող է պայմանավորված լինել նաեւ դատավորի անիրազեկությամբ: Կարծում եմ՝ սա բացարձակապե՛ս արդարադատության նախարարի կողմից հնչեցվելիք միտք չէր: Եթե դատավորը չի տիրապետում օրենսդրական դաշտին՝ ուրեմն դատավորի կոչմանը համապատասխան չէ:
– Ո՞րն է պատճառը, որ արդեն երկրորդ անգամ անդրադարձաք այս զեկույցին: Արդյոք ո՞չ այն, որ Ձեր նախորդ հայտարարությունից հետո մամուլում եղավ քննադատություն, թե ինչո՞ւ չէիք արձագանքում ու միջամտում, երբ քաղբանտարկյալների դատավարությունների ընթացքում պարզվում էր, որ ապացույցները ձեռք են բերվել խոշտանգումներով:
– Նման մեղադրանքները, գոնե իմ մասով, կարծում եմ, տեղին չեն, քանի որ նրանք, ովքեր հետեւել են իմ հրապարակային գործունեությանը՝ պիտի տեղյակ լինեին, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո ողջ ընթացքում անդրադարձել եմ այս խնդիրներին: Շատ էլ կոռեկտ չեմ համարում, բայց նաեւ պահն եկել է՝ ասեմ, որ իմ եւ իմ դաշնակցական գործընկերների միջնորդությամբ փոխվեց այդ դեպքերի կապակցությամբ մեղադրվող 2 անձանց՝ Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի եւ նկարիչ Տիգրան Բաղդասարյանի խափանման միջոցը:
Իմ հրապարակային ելույթներում միշտ կարեւորել եմ Հայաստանում ներքաղաքական կայունությունը: Եվ ունեմ այն հաստատ համոզումը, որ արտաքին քաղաքականության մեջ մեր բոլոր ձախողումները պայմանավորված են մեր ներքին կյանքի խնդիրներով: Այդ առումով այն իրողությունները, որոնք այսօր կան Հայաստանում՝ սոցիալական անարդարություն, օլիգարխացված, ստվերային եւ բացարձակապես ոչ մրցակցային տնտեսություն, սոցիալական անհամերաշխություն, դատական համակարգի կախվածություն եւ այլն՝ բոլորովին չեն նպաստում, որ Հայաստանը կարողանա նաեւ արտաքին դաշտում լուծել խնդիրներ:
– Այս պայմաններում, երբ մեր իշխանությունը համաձայնում է միջազգային զեկույցների միայն այն գնահատականներին, որոնք դրական են՝ ասենք, որ դատարաններում ձայնագրառումներ են արվել, եւ ժխտում բացասական եզրահանգումների մեծ մասը, որոնք ակնհայտ փաստեր են՝ որեւէ միտում տեսնո՞ւմ եք, թե կարող է փորձ արվի դասեր քաղել այդ զեկույցներից, որ մեր ցուցանիշները չշարունակեն «թանձրանալ» եւ Հայաստանի վերաբերյալ արդեն FIDH-ի մակարդակով չհնչի «քաղբանտարկյալ» բառը:
– Իրոք՝ կարծես թե «քաղբանտարկյալ» եզրի օգտագործման զսպվածություն կար, բայց ավելի անկեղծացել են այդ առումով:
Երկու խնդիր եմ տեսնում. նախ՝ ունենալ արժանապատվությունը քո երկրում հարցերը լուծելու քո՛ ուժերով, սեփակա՛ն կամքով եւ քաղաքական թիմով: Ու քանի որ քաղաքական մեծամասնությունն այդ գիտակցությունը երբեք չի ունենում՝ երկրի գլխին շարունակ կախված է միջազգային կառույցների մահակը: Երբեմն զարմանում եմ նրանց տղամարդկային արժանապատվության վրա՝ ինչո՞ւ պիտի անընդհատ զանգը գուժի, որ մի բան փոխեն: Թեպետ ինչ-որ բան փոխելու առումով էլ առանձնապես ջանասիրություն չեմ տեսնում: Եվ զարմանում եմ նաեւ այդ ներքին համառության, քաղաքական կուրության՝ այդքա՜ն դանդաղ շարժվելու վրա: Յուրաքանչյուր դանդաղ կամ չարված քայլ թուլացնում է Հայաստանի քաղաքական իմունիտետը, ավելի սրում ներքին անհանդուրժողականությունն ու խաթարում սոցիալական կայունությունը: Եվ այսօր ունենք բացասական սպասումների մի հասարակություն, որի ճնշող մեծամասնությունն իր հեռանկարը չի տեսնում Հայաստանում: Իսկ բացասական սպասումների համընդհանուր մթնոլորտում դժվար է մտածել երկրի զարգացման կառուցողական եւ հեռանկարային ծրագրերի մասին եւ իրականացնել դրանք:
– Ի դեպ, բոլոր այն երեւույթները, որոնք նկարագրված են միջազգային կառույցների զեկույցներում՝ մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից հրահանգված գործողության հետեւանք են: Սակայն ՀՅԴ-ն այժմ ողջունում է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձն ակտիվ քաղաքականություն:
– Նախ՝ առայժմ չեմ հանդիպել մեր կողմից ողջույնի խոսքերի. մենք այդպիսի կեցվածք չենք ճշտել: Բացի այդ՝ Ռոբերտ Քոչարյանն այն տարիքում է, որ կարող է քաղաքականություն վերադառնալ. դա իր խնդիրն է:
Ես հարցին այլ մեկնակետից եմ մոտենում (եւ սա միայն Քոչարյանին չի վերաբերում). եթե նորից պիտի խեղված ընտրությունների ճանապարհով իշխանության գան՝ մեզ պետք չէ այդ քաղաքական ուժը. խաթարված կոնսենսուսի վրա կառուցված իշխանությունը կյանք չունի: Եթե գալիս է այն թիմով, ինչպես այսօր ունենք՝ կաշառված ընտրություններ, գողացված ձայներ եւ հետո դրան համապատասխան հատուցումներ՝ իհարկե ո՛չ: Գտնում եմ, որ ողջունելի է ցանկացա՛ծ քաղաքական ուժ, որը կապահովի արդար ընտրություններ եւ իշխանության կգա ժողովրդի կամքի արդար արտահայտմամբ: Ձախողումների կործանարար ընթացքը կասեցնելու միակ քաղաքական ելքն արդար ընտրություններն են, համազգային խնդիրների շուրջ ազգային համաձայնության ձեւավորումը: Հարցը քաղաքական մշակույթն է, քաղաքական բովանդակությունը, որակը, թիմն ու քաղաքական ծրագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել