Լրահոս
Օրվա լրահոսը

ՂՐՂԸԶՍՏԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՆԵՆՔ

Ապրիլ 09,2010 00:00

Թե ի՞նչ չասաց առաջին նախագահը եւ ինչո՞ւ

«Եթե, ինչպես ամսի 6-ին կայացած հանրահավաքում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, միջնորդները դեռեւս չեն որոշել, թե ով պետք է զորքեր տեղաբաշխի հայ-ադրբեջանական սահմանում, ուրեմն ոչ մի բան որոշված չի: Միջնորդներին իրենց ռազմական ներկայությունն է հետաքրքրում այդ տարածքում, թե որ գյուղը ում մոտ կլինի՝ նրանց բացարձակ չի հետաքրքրում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը: Ելնելով սրանից՝ մեր զրուցակիցը մոտակա ժամանակներում ԼՂՀ հարցի կարգավորում չի տեսնում: Ավելին, նույնիսկ վստահ է, որ Սերժ Սարգսյանն ինքը դրան չի գնա, քանզի արդեն ոչ միայն իշխանության կորստի հարց կառաջանա, այեւ նրա ֆիզիկական անվտանգության. «Հենց Ղարաբաղի հասարակությունն իրեն չի ների: Մեր հասարակությունը «թքած» չունի նման բաների վրա, իսկ նման հասարակության պարագայում նման զիջումներն անհնար են»: Բայց Հայկ Բալանյանն ավելի կարեւորում է այն, ինչը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չասաց այդ հանրահավաքում. «Չասաց, որ Սերժ Սարգսյանը, որպես ոչ լեգիտիմ նախագահ, իրավունք չունի Ղարաբաղի, հայ-թուրքական հարցեր լուծելու, չասաց՝ ով տարածքներ հանձնի՝ պատժվելու է, չասաց, որ եթե իրենք գան իշխանության՝ այդ պայմանագրերը չեն ճանաչելու: Իսկ չասաց՝ գիտակցելով, որ Սերժ Սարգսյանն Արեւմուտքի համար լավ նախագահ է, ինքն առավել կոշտ երեւալու պարագայում էլ ավելի կամրապնդեր Սերժի դիրքերը»:
Ընդհանրապես, մեր զրուցակցի՝ նաեւ վերջին հանրահավաքից ստացած տպավորությամբ, ՀԱԿ-ը կորցնում է իր քաղաքական իմիջը. «Հանրահավաքում գործողությունների որեւէ ծրագիր չառաջարկվեց: Հույսը նրա վրա է, որ դրսում Սերժ Սարգսյանը մի կոպիտ սխալ թույլ տա… Պետք է Սերժ Սարգսյանը դեռ մեկ տարի առաջ զրկվեր այդ առեւտուրն անելու հնարավորությունից: ՀԱԿ-ն ասաց, որ համամարդկային արժեքների կողմնակից է, Սերժն էլ զիջեց Ցեղասպանությունն ու դրսից ե՛ւ լեգիտիմություն ստացավ, ե՛ւ ֆինանսներ, ե՛ւ մամուլում հանդես գալու հնարավորություններ: Արդեն Նոբելյան մրցանակի մասին խոսակցություններ են պտտվում: Հիմա մենք վճարում ենք մեր 1-2 տարի չարած քայլերի համար»: Այս ամենով հանդերձ՝ մեր զրուցակիցը լավատես է: Նա վստահ է, որ այս իշխանությունը տապալվելու է, քանի որ իր որակով եւ կերպով նա այդպիսին է: Ըստ նրա, հարցն այն է, թե Հայաստանն ի՞նչ գին կվճարի. «Ինչքա՞ն մարդու գլուխ կուտեն, իրենք ինչքա՞ն փող կաշխատեն եւ ի՞նչ կգա փոխարենը»:
Իսկ հայ-թուրքական գործընթացից, մեր զրուցակցի համոզմամբ, ոչ Թուրքիան կարող է դուրս գալ, ոչ էլ Հայաստանը. «Ով փորձի դուրս գալ՝ կպատժվի: Կարդարացնի մյուս կողմին արվելիք զիջումները»: Իսկ այն, որ Էրդողանի բանագնացը Վաշինգտոնում հանդիպում հայցեց Սերժ Սարգսյանից՝ «Առավոտի» զրուցակիցը մի բան է ենթադրում. «Թուրքիան փորձում է ԱՄՆ-ի թիկունքում Հայաստանի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել: Երկու շաբաթ առաջ էլ Սիրիան էր պատրաստակամ որպես միջնորդ հանդես գալ. ես կասկած չունեմ, որ դա Թուրքիայի դրդմամբ է եղել: Մենք պետք է  օգտագործեինք Թուրքիայի կոշտ դիրքորոշումը եւ գործընթացը տապալեինք, քանի որ այդ խայտառակ արձանագրությունները ձեռնտու են բացառապես Թուրքիային: Բայց Սերժ Սարգսյանն այդ հնարավորությունը չունի, քանի որ լեգիտիմություն չունի եւ կուրորեն գնում է այն ճանապարհով, ինչը թելադրում են»: Ի հեճուկս ընդդիմադիր քաղաքական դաշտի, «Սարդարապատ»-ի ներկայացուցիչը վաշինգտոնյան հանդիպումների ու զարգացումների հետ շրջադարձային հույսեր չի կապում: Ամենաշատը՝ «բանակցություններն ավելի ակտիվացնելու պայմանավորվածություններ ձեռք կբերեն, քանի որ սա տասնամյակների ծրագիր է»:  
Իսկ ղրղըզական հեղափոխությունից նա ոգեւորված չէ եւ չի համարում, որ ղրղըզական ընդդիմությունն ու ժողովուրդն առավել վճռական ու նպատակասլաց գտնվեցին. «Ղրղըզստանի եւ առաջին, եւ ներկայիս հեղափոխության ժամանակ առկա է արտաքին գործոնը, որը Հայաստանի պարագայում չի եղել: Հայաստանում ժողովրդական ընդվզում էր»: Ղրղըզական հեղափոխությունը Հայկ Բալանյանը համարում է ռուս-ամերիկյան համատեղ ծրագիր՝ տապալելու պրոչինական ռեժիմը, իսկ ներքին հարթությունում դա համարում է պայքար հյուսիսային եւ հարավային կլանների միջեւ: «Բայց դա ցույց է տալիս, թե վերնախավի անհագուրդ ագահությունը, ապուշությունը, տգիտությունը, գռեհկությունը ինչի կարող են հասցնել երկիրը: Այդ վտանգը մենք էլ ունենք. Հայաստան պետությունը մեզ մոտ վաղուց արդեն վերածվել է երեւանյան խանության: Ինչ Ադրբեջանում տեսել էին Քոչարյանն ու Սարգսյանը՝ փորձեցին վերարտադրել այստեղ: Ու հիմա մենք ունենք իշխանիկներ, խաներ, բեկեր, քրեական ֆեոդալներ՝ սեփական հրոսակախմբերով եւ սեփական արտաքին քաղաքականությամբ, դինաստիկ ամուսնություններ… ու եթե մեր քրեական իշխանությունն այս տեմպով շարունակի երկիրը «զարգացնել»՝ մի Ղրղըզստան էլ մենք կդառնանք»,- եզրափակում է «Առավոտի» զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել