Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԶՈՐ ՈՒԺ Է

Ապրիլ 08,2010 00:00

\"\"Երեկ կայացած գեղեցկության մրցույթին մասնակցում էր  տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող 71 աղջիկ

Կանանց միամսյակի շրջանակներում հաշմանդամների «Ունիսոն» հ/կ-ն կազմակերպել էր «Միսս գեղեցկություն-2010» մրցույթը: Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը գեղեցկության մրցույթի ամփոփումն ու փակումն էր: Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել հանրապետության տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում, Ջավախքում եւ ԱՄՆ-ում ապրող հաշմանդամություն ունեցող 71 գեղեցկուհիներ: Մրցույթին մասնակցելու համար գեղեցկուհիներից պահանջվել էր ներկայացնել ազատ ոճի իրենց լուսանկարները, որոնց հիման վրա էլ ընտրվեցին մրցանակակիրները: Աղջիկներից 10-ը ընդգրկվել էին վերջին փուլում, որտեղից արդեն ընտրվեցին գեղեցկուհիները: «Միսս ժպիտ» անվանակարգին, որը համարժեք էր երրորդ տեղին, արժանացավ գյումրեցի՝ լսողական եւ լեզվական խնդիրներ ունեցող 18-ամյա Արշալույս Բոյաջյանը, որ մեզ հետ զրույցում թարգմանչի օգնությամբ ասաց, որ իր սպասելիքներն ավելի շատ էին եւ ցանկանում էր առաջին տեղ գրավել, սակայն դժգոհ չէ, որ երրորդ տեղին է արժանացել: Նա ասաց, որ մյուս մրցույթներին էլ է մասնակցելու, որպեսզի ավելի բարձր տեղեր գրավի: Արշալույսն ասաց նաեւ, որ նոր է ամուսնացել եւ շատ երջանիկ է:
\"\"«Միսս հմայք» անվանակարգին ու երկրորդ տեղին արժանացավ երեւանցի՝ 24-ամյա Ժանետա Հայրապետյանը: Նա ձեռքերի շարժունակության հետ կապված խնդիր ունի: Ժանետան «Առավոտին» հայտնեց, որ իր համար մեծ անակնկալ էր ընդհանրապես մրցանակային տեղ զբաղեցնելը, սակայն շատ է ուրախացել. «Մրցույթին ներկայացրած նկարներն էլ իմ շատ մոտ ընկերն է նկարել՝ Գառնիկ Կարապետյանը, որը նույնպես հաշմանդամ է»:
Առաջին մրցանակակիր ու «Վիցե-միսս» գեղեցկուհի դարձավ 19-ամյա երեւանցի Մելինե Ղազարյանը: Նա նույնպես չէր սպասում, որ գեղեցկուհիների շարքում բարձր տեղ կգրավի. «Սակայն հիմա դա ինձ քաջալերում է եւ ավելի ազատ եմ դառնում կոմպլեքսներից»: Իսկ գլխավոր մրցանակին արժանացած 18-ամյա ստեփանավանցի Անժելա Ավագյանն այնքան էր հուզվել այդ կապակցությամբ, որ ամաչում էր լրատվամիջոցների հետ խոսել: Չնայած դրան, մի երկու խոսք ասաց. «Չէի սպասում, անակնկալ էր ինձ համար: Հաշվի առնելով, որ այսօր տոն է, շնորհավորում եմ բոլոր մայրերին, քույրերին եւ ցանկանում առողջություն ու երջանկություն»: Նա տեղաշարժվում էր անվասայլակի օգնությամբ: Մեզ հայտնեց, որ իր գեղեցիկ լուսանկարները, որոնց միջոցով էլ ճանաչվեց գլխավոր մրցանակակիր, նկարել էր իր մայրիկը:
«Ունիսոն» հ/կ-ն աբովյանցի Գայանե Գալստյանին շնորհեց իր «Միսս համակրանք» մրցանակը, մնացած 5 մասնակիցներն էլ ստացան խրախուսական մրցանակներ:
\"\"Այս մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը (նախագահ), վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը  (Մրո) եւ լրագրող Արթուր Բախտամյանը: Իր ելույթում Արմեն Մարությանը նշեց, որ, իր կարծիքով, իրենք ճիշտ ընտրություն են արել, հաջորդ տարիների մասնակիցներին խորհուրդ տվեց մրցույթին ներկայացվող լուսանկարներում արվեստ զետեղեն, իսկ Արսեն Գրիգորյանն ավելացրեց, որ ինքն ամեն մրցանակ հանձնելիս հուզվում էր եւ նայելով մասնակիցներին ասաց. «Այս տասը աղջիկները միասին կարծես  ծաղկեփունջ լինեն, մեկը մյուսից գեղեցիկ է»:
Այս ակցիայի նպատակը, ըստ «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի, հասարակության մեջ ձեւավորված կարծրատիպերը կոտրելն է ու ցույց տալը, որ հաշմանդամությունն ամենեւին չի փակում գեղեցիկի դռները. «Այս մրցույթն արդեն հինգերորդ անգամ է անցկացվում: Այն սկսել ենք կազմակերպել 2004-ից: Մենք տարիքային սահմանափակում էինք դրել, կարող էին մասնակցել 16-40 տարեկան գեղեցկուհիներ, սակայն այնքան շատ բողոքներ եղան 40-ից բարձր տարիք ունեցողների կողմից, որ որոշեցինք հաջորդ անգամ տարիքային սահմանափակում չմտցնել»: Նա չմոռացավ նշել, որ Կամերային երաժշտության տան դահլիճը միակն է, որ ունի թեքահարթակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել