Լրահոս
Օրվա լրահոսը

Ապամոնտաժված հիշատակ

Ապրիլ 08,2010 00:00

1962 թվականի հունիս ամսին մի քանի օր անընդմեջ Երեւանի հանրապետական մարզադաշտում անցկացվեցին թեթեւ ատլետիկայի բաց մրցումներ:

Մրցումներին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել Օլիմպիական խաղերի աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ եւ ռեկորդակիրներ Վալերի Բրումելը, Իգոր Տեր-Հովհաննիսյանը, Նինա Պոնոմարյովան, Թամարա Պրեսսը, Տատյանա Շչելկանովան, Էդվին Օզոլինը եւ ուրիշներ: Մրցումները հայտնի դարձան Իգոր Տեր-Հովհաննիսյանի կողմից սահմանված աշխարհի նոր ռեկորդով (8մ 31սմ):
Մրցումները նվիրված էին Հայրենական մեծ պատերազմում զոհված սովետական անվանի թեթեւատլետ՝ «Կարմիր աստղ» շքանշանի ասպետ Հայկազ Սաֆարյանի հիշատակին: Երեք տարի անց Հայաստանի կառավարության N 335 որոշումով Հայկազ Սաֆարյանի անունով կոչվեց նաեւ Լենինականի մանկապատանեկան սպորտդպրոցը:
…Հայրենի Լենինականում 8-րդ դասարանն ավարտելուց հետո Հայկազն էքստեռն կարգով քննություններ է հանձնում Երեւանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում՝ զարմանք պատճառելով «շատ բան տեսած» քննող պրոֆեսորներին: Ուսանողական տարիներին նա դառնում է անվանական թոշակառու, գերազանցության դիպլոմով ավարտում է բուհը եւ գործուղվում Մոսկվա՝ Լոմոնոսովի անվան համալսարանի ասպիրանտուրայում ուսանելու, որտեղ նույնպես շարունակում է փայլել: Սակայն երկար չի տեւում խաղաղ ասպիրանտական կյանքը: Իր ուժերի ծաղկման շրջանում նա ընկերների հետ մեկնում է ֆիննական ռազմաճակատ, հետո մասնակցում Հայրենական մեծ պատերազմին եւ 1943 թվականին Լենինգրադի համար մղված մարտերում՝ 26 տարեկան հասակում ընկնում հերոսի մահով:
Ուշագրավ է նաեւ նրա մուտքը մեծ սպորտ, կարելի է նույնպես ասել՝ «էքստեռն» կարգով: Ահա թե ինչ է գրում «Ավանգարդը» 1935թ. իր համարներից մեկում. «…Բայց ահա առաջ է անցնում մեր ֆիզկուլտուրային հասարակությանը միանգամայն անծանոթ, կարճահասակ, լայն կրծքով մի տղա՝ Հայկազ Սաֆարյանը: Տարօրինակ բան՝ Հայկազի հագին ո՛չ չուստ կա, ո՛չ մայկա… նա հանկարծ ուժեղ թափ է առնում ու ցատկում 169 սանտիմետր բարձրություն: Թնդում են ուժեղ ծափեր: Հայկազն իր առաջին ցատկով հավասարվել էր հին վարպետներին…»:
Կարճ ժամանակ անց նա ցատկում է 1 մետր 80 սանտիմետր բարձրություն՝ «տիրանալով» Ա. Տեր-Հովհաննիսյանին (Իգորի հորը) պատկանող ռեկորդին: Հայկազ Սաֆարյանի 100 մետր վազքը (11,0 վայրկյան) նույնպես եղել է ռեկորդային: Իսկ նրա հեռացատկը (7մետր 08 սանտիմետր) շուրջ քառորդ դար կանգուն է մնում Հայաստանում:
Այնուհետեւ Սաֆարյանի ցուցանիշները անշեղորեն աճում են. նա դառնում է Մոսկվայի ռեկորդակիր, Համամիութենական ճյուղային սպարտակիադաների չեմպիոն (այն տարիներին ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադա դեռ չէր անցկացվում), «ԽՍՀՄ 11 քաղաքների մրցախաղի» չեմպիոն: 1938 թվականին կայացած ու շատերին անծանոթ այս մրցախաղը (մատչ) համարվել է տարվա կարեւորագույն մրցումը ու հավասարեցվել երկրի առաջնությանը: Այդ մրցումներին մասնակցել եւ հաղթել են Դումբաձեն, Իվանովը, Մաքսիմովը, Սերաֆիմ Զնամենսկին եւ ուրիշներ: Ինչեւէ, խորացա սպորտի պատմության մեջ, բնավ գրությանս խնդիրը դա չէ…
Խնդիրը՝ «օրը ցերեկով» չգիտես ում կողմից ու չգիտես ինչու Հ. Սաֆարյանի անվան (արդեն նախկին) սպորտդպրոցի անվանափոխումն է:
Ո՞ւմ է խանգարել զոհված հայ մարզիկը: Չի եղել նա ո՛չ հհշական, ո՛չ օրինացերկրական, ո՛չ հանրապետական, ո՛չ դաշնակցական… կոմկուսի անդամ նույնիսկ չի եղել: Կուստոմսի փոխարեն «Իսահակյանի գրքույկն է գտնվել սրտի մոտ, որը նույնպես խոցվել է թշնամու գնդակից»: Նա ցանկացել է ապրել եւ ընտանիք կազմել, գիտնական դառնալ եւ սպորտով զբաղվել, ոչ թե մեռնել եւ «հուշարձան» դառնալ, որպեսզի հետո «ապամոնտաժեն» կամ, որն ավելի վատ է՝ պատվանդանից գցեն ու փոխարենը ուրիշի դնեն՝ ուրանալով մի ճշմարտություն՝ եթե չլինեին հիմնադիր մարզիկները, չէր կայանա հետպատերազմյան հզոր ու ճանաչված հայկական սպորտը: Այդ թվում նաեւ՝ Լենինական-Գյումրիում:

ԷԴՈՒԱՐԴ ՍԱՖԱՐՅԱՆ
ՀՀ մամուլի կոմիտեի նախկին նախագահ,
ՀՀ տեղեկատվության նախկին
փոխնախարար, 1981 թվականից
ժուռնալիստների միության անդամ,
Հ. Սաֆարյանի եղբոր որդի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել