Լրահոս
Օրվա լրահոսը

11 տարի անց՝ նորից Հայաստանում

Ապրիլ 08,2010 00:00

Մեկշաբաթյա այցով Հայաստանում էր ֆրանսաբնակ հայազգի կոմպոզիտոր Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանը: Վերջին անգամ նա Հայաստան էր այցելել 11 տարի առաջ եւ «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ մեկշաբաթյա այցի շրջանակներում հասցրել է նկատել՝ վերջին տասը տարիների համեմատ հայ ժողովրդի աղքատությունն ավելի ընդգծված է երեւում. «Այսօր Հայաստանը նոր շունչ է ստացել, գեղեցկացել ու նորացել, հաճելի է նաեւ բազմահարկ շենքերի առատությունը, բայց հենց այդ շենքերի համադրությամբ աղքատներն ավելի ցայտուն են երեւում…»: Կոմպոզիտորը թեեւ հայրենիք էր եկել մասնավոր այցով, բայց այս օրերին հասցրել է գործընկերների ու երիտասարդ երաժիշտների հետ հանդիպումներ ունենալ: Օրինակ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի հետ նրա հանդիպումը համագործակցության նպատակ ուներ, որը Եզնիկյանն առանձնապես չմանրամասնեց:
Պարոն Քրիստոֆը նաեւ ասաց, որ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններով հիացած է ու հատկապես ընդգծեց իրեն ամենից հոգեհարազատ ստեղծագործողների անունները՝ Ստեփան Ռոստոմյան, Արման Ղուշչյան եւ Արթուր Ասկարյան: Հայազգի կոմպոզիտորի դիտարկմամբ, թեեւ հայկական ժամանակակից երաժշտությունը արտերկրում պրոպագանդման խնդիր ունի եւ ինչ-որ առումով նաեւ լայն շրջանակներում ճանաչում չունի, բայց հայ երիտասարդ կոմպոզիտորները այդ բացը լրացնում են ու պատվով ներկայացնում Հայաստանը: Ֆ. Քրիստոֆը նաեւ հայտնեց, որ 2010-ը ստեղծագործական բեղմնավոր տարի է իր համար. «Գործիքային եւ էլեկտրոնային ստեղծագործությունների համադրության նախագծեր եմ իրականացնելու, այդ նախագծերի շարքում են մի քանի ակուստիկ ստեղծագործություններ, ձայնային ինստալացիաներ»: Ավելի ուշ նշեց, որ իր նախընտրությունների եւ հետաքրքրությունների շրջանակներում են հին երաժշտական գործիքները. «Հիմա լուրջ հետազոտություններ եմ անում՝ միկրոտոնային երաժշտության մեջ քառորդ, ութերորդական, տասնվեցերորդական տոների օգտագործումը, ինչպես նաեւ առավել հետաքրքրված եմ պատկերի ու երաժշտության ստեղծման հարաբերություններով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել