Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Մայրության եւ գեղեցկության օրվան եւ ի նշանավորումն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի միջեւ համագործակցության մեկնարկի: Որպես «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի Կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, աջակցությունը մշակույթին շարունակում է մնալ ընկերության ուշադրության կենտրոնում: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի համագործակցության արդյունքում երիտասարդ երաժիշտները հնարավորություն կունենան շարունակելու իրենց գործունեությունը եւ հաճելի պահեր պարգեւելու հանդիսատեսին: Ընկերությունն իր վրա է վերցրել խմբի երաժիշտների մեկ տարվա աշխատավարձերի վճարումը:
Մայրության եւ գեղեցկության տոնը ջերմ մթնոլորտում անցկացնելու եւ դասական երաժշտության գեղեցիկ կատարումները վայելելու համար համերգին ներկա գտնվելու էին հրավիրվել Հայաստանի մի քանի ծերանոցներում ապրող կանայք, որոնք առավել կարիք ունեն ուշադրության: Տարեցների տեղափոխման հետ կապված ծախսը եւս հոգացել էր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: «Տարեցները պետք է շրջապատված լինեն հոգատարությամբ: Այսօր ցանկացել ենք մեծարել եւ հաճելի պահեր պարգեւել կանանց, որոնք բախտի քմահաճույքով զրկված են ընտանիքի ջերմությունից եւ կարիք ունեն ավելի մեծ ուշադրության: Հուսով եմ, որ նվագախմբի կատարումները նրանց դուր կգան եւ նրանք հատուկ ջերմությամբ կհիշեն այս տոնական օրը»,- նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: