Լրահոս
Օրվա լրահոսը

«Երգերս պատմություն ունեն»

Ապրիլ 08,2010 00:00

Ասում է երգիչ Ուջանցի Սաքոն

Այսօր Հայաստանում շատ երգիչներ կան, ովքեր տխուր երգեր են կատարում: Հաճախ դրանք անվանում ենք ռաբիս երգեր: 2008 թ. հեռուստաեթերում հայտնվեց Սարգիս Սարգսյանի՝ Ուջանցի Սաքոյի «Մի սիրո պատմություն» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորը Եղիշե Վերդյանն է: Սարգսի երգը նույնպես մի տխուր սիրո պատմություն է, սակայն, ի տարբերություն մելամաղձոտ մյուս երգերի, այստեղ հեղինակը ոչ միայն երգում է, այլ նաեւ արտասանում, որով էլ տարբերվում է այլ կատարողներից: Սարգիսը նշում է, որ դա էլ իր ոճն է: Երբ հարցրի, թե ի՞նչ է երազել դառնալ ժամանակին, այսպես պատասխանեց. «Երբ համալսարան էի ընդունվում, դասախոսներիցս մեկն էլ հարցրեց, թե ինչ եմ ուզում դառնալ, պատասխանեցի՝ երգիչ կամ բժիշկ. բժիշկ, որ հիվանդ մարդկանց բուժեմ, իսկ երգիչ նրա համար, որ երգեմ բոլոր մարդկանց մեղքերի համար»:
Նա ծնվել եւ մեծացել է Ուջանում, այնուհետեւ սովորել է Մոսկվայում, մասնագիտությամբ ակորդեոնահար է: Ավարտելուց հետո աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, զուգահեռ՝ «Մետրո» թատրոնում: 1993 թվականին ընտանիքով տեղափոխվել է Գերմանիա: «Դրանք այն տարիներն էին, երբ Հայաստանում ամեն ինչ փլուզվել էր, ոչ մի թատրոն չէր գործում, այդ պատճառով էլ ժամանակավոր լքեցի Հայաստանը»,-պատմում է Սարգիսը:
Այժմ նա բնակվում է Երեւանում եւ, իր խոսքերով՝ ցանկություն չունի այլ երկիր տեղափոխվելու: «Գերմանիայում ես ամեն ինչ ունեի. սեփական բիզնես, որն ընդհանրապես արվեստի հետ կապ չուներ: 17 տարի Գերմանիայում լինելու ընթացքում ոչինչ չէր հագեցնում իմ ծարավը դեպի արվեստն ու իմ երգը: Հաճախ քմծիծաղով երգում եմ՝ «Թամամ աշխարհ պտուտ էկա, բոբիկ ոտքով տուն դարձա»,- պատմում է նա:
Ուջանցի Սաքոն երգում է սիրահարների համար, համոզում է, որ տղաները անձնվեր կարող են լինել: «Առաջին սերը միշտ մնում է անմոռաց: Ինչպես մի ծաղկով գարուն չի գա, այնպես էլ մի սիրով կյանքը չի վերջանա»,- շարունակում է իմ զրուցակիցը:
Հարցին՝ արդյո՞ք եղել են հետաքրքիր դեպքեր երաժշտության կամ երգերի «ծննդյան» հետ կապված, նա պատասխանում է, որ իր ամեն մի երգը ունի պատմություն եւ ոչ մի ստեղծագործություն պատահականության արդյունք չէ:
Սարգիսը պատմեց, որ մի անգամ իր երգերը լսելուց հետո, կնոջը կորցրած մի տղամարդ ռաբիս երգ է պատվիրել: Երգը նվիրված է հենց այդ 22-ամյա աղջկան. այն այդպես էլ կոչվում է՝ «Հայկուշի հիշատակին»:
Իսկ «Սերինե» երգը ծնվել է այսպես: «Ժամանակին ես ծանոթացա մի աղջկա հետ. երեխա չունենալու պատճառով նրան լքել էր ամուսինը: Անունը Սերինե էր, նա վշտից դարձել էր անկողնային հիվանդ եւ, կարելի է ասել՝ կյանքից հիասթափված էր: Մենք սկսեցինք շփվել. ես հաճախ նրանց տուն էի գնում, նա արդեն առանց դժկամության էր սկսում իր դեղերն ընդունել: Այդպես շարունակվեց այնքան ժամանակ, որ կինը սկսեց քայլել, վերադառնալ նախկին կյանքին ու անգամ պարի դասընթացների հաճախել… Հետո ես պետք է Գերմանիա մեկնեի: Սերինեն ինձ խնդրեց, որ իրեն մի բան նվիրեմ, թեկուզ փողոցից վերցրած մի քար: Ես էլ հենց նրա անունով մի երգ գրեցի»,- հիշում է Սարգիսը: 
    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել