Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ «ԴՐՍՈՒՄ», ՀԱՄԵՐԳ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ապրիլ 08,2010 00:00

Պարի պետական անսամբլը հայաստանցի հանդիսատեսին կներկայանա թարմացված ծրագրով

Ավելի քան կես դար հայկական պարարվեստ քարոզող վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլը աշխարհին ներկայացնում է մեր ժողովրդի հարուստ անցյալն ու ներկան՝ պարարվեստի ներդաշնակ ձեւերով: Վերջերս Մոսկվայի Կրեմլի համագումարների պալատում մեծ ծրագրով ունեցած մենահամերգը անսամբլը կկրկնի ապրիլի 11-ին՝ Ազգային օպերային թատրոնում:
«Առավոտի» հետ զրույցում անսամբլի գլխավոր բալետմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանը, հիշելով ժամանակին Պարի պետականի շրջագայությունները աշխարհով մեկ, հայտնեց, որ մոսկովյան այս համերգն էլ անցել է լեփ-լեցուն դահլիճում եւ բացի հայ հանդիսատեսից, ներկա են եղել նաեւ այլ ազգերի պարարվեստի երկրպագուներ: «Հիշում եմ արաբ հայտնի բանահավաք ու արվեստաբան Ֆահրի Բարուջիի խոսքերը՝ իմ երկարամյա կյանքի ընթացքում պարային անսամբլների շատ ելույթներ եմ տեսել, բայց այն, ինչ ցուցադրեցին հայկական պարի անսամբլի արտիստները՝ գերազանցում է մյուս բոլոր տեսածներս»,- ասաց Ա. Կարապետյանը: Նաեւ հավելեց, որ անսամբլի պարացանկում ընդգրկված են ժողովրդական, ազգագրական պարեր, Կոմիտասից, Սպենդիարյանից, Ավետիսյանից, Խաչատրյանից մինչեւ ժամանակակից կոմպոզիտորներ Գեւորգ Մանասյանի ու Հայկ Գրիգորյանի երաժշտությամբ պարային բեմադրություններ: Հիշելով անսամբլի հիմնադիրներ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Ասատուրյանի, ժողովրդական արտիստ Էդուարդ Մանուկյանի, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի անունները, մեր զրուցակիցն ասաց, որ անսամբլը մշտապես ունեցել է հյուրախաղեր. «Փաստենք, որ իր ստեղծումից ընդամենը մեկ տարի անց անսամբլը սկսեց հյուրախաղերը Հայաստանի սահմաններից դուրս, իսկ առաջին համերգային ծրագրի ստեղծման գործում անգնահատելի ավանդ ունի մեծատաղանդ բալետմայստեր Իլյա Արբատովը (Յաղուբյան): Իհարկե, մեծ է անսամբլի երկարամյա ղեկավարներ Վանուշ Խանամիրյանի, Սուրեն Չանչուրյանի, Գագիկ Կարապետյանի ավանդը: Այսօր էլ մեր ծրագրում կան ինչպես նրանց բեմադրություններից, այնպես էլ նորերը: Օրինակ, անցյալ տարի մենք հրավիրեցինք Ռուդոլֆ Խառատյանին, որը կոմպոզիտոր Հայկ Գրիգորյանի երաժշտությամբ բեմադրեց «Քրմուհիները», Խանամիրյանը՝ «Իշխանապարը»: Հին ծրագրից որոշ պարեր էլ վերաբեմադրել ենք, այդ թվում՝ հանրահայտ «Բերդը», Խաչատրյանի «Լեզգինկան» եւ այլն: Ունենք նաեւ երեք մասից բաղկացած «Հեթանոս Հայաստան» մեծակտավ բեմադրությունը (բեմադրիչ՝ Ա. Կարապետյան): Ցանկություն ունեմ բեմադրել նաեւ 15 րոպեանոց պոպուրի՝ ազգագրական պարային երաժշտությամբ…»: Ա. Կարապետյանի համոզմամբ, այսօր էլ անսամբլը լծված է ամենօրյա ստեղծագործական աշխատանքի: Ինչ վերաբերում է շրջագայություններին, նա ասաց, որ առաջիկայում կմեկնեն մարզային համերգների, աշնանը՝ դարձյալ Մոսկվա, նախատեսված է համերգային ուղեւորություն Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Քուվեյթ:
Երկարատեւ ժամանակահատված Հայաստանի որոշ պետական կոլեկտիվներ (Գ. Սունդուկյանի եւ Ազգային օպերային թատրոններ, Կամերային նվագախումբ), այդ թվում՝ Պարի պետականը չունի գեղարվեստական ղեկավար, ինչպե՞ս է դա անդրադառնում կոլեկտիվի աշխատանքներին հարցին ի պատասխան, Ա. Կարապետյանն ասաց. «Հավատացնում եմ, որ դա ինձ հուզող հարցը չէ, իմ գործը բարձրարվեստ բեմադրություններ ներկայացնելն է (Ա. Կարապետյանը շուրջ 20 պարի հեղինակ է- Ս. Դ.): Կոլեկտիվը սիրով է աշխատում եւ դրա արդյունքն ու գնահատականը լեցուն դահլիճներն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել