Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՂՐՂԸԶՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

Ապրիլ 08,2010 00:00

\"\"Երեկ Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւն իր հրամանագրով երկրի երեք քաղաքներում՝ Բիշքեքում, Տալասում եւ Նարինում, արտակարգ դրություն է հայտարարել: Այս երեք քաղաքներում արդեն տեւական ժամանակ ընդդիմությունը զանգվածային բողոքի ակցիաներ էր իրականացնում, որոնք նախօրեին վերաճել են ընդդիմության եւ իրավապահների միջեւ լուրջ բախումների: BBC-ի մատուցմամբ, երկրի մայրաքաղաքում ոստիկանությունը կրակ է բացել բողոքի ակցիայի մասնակիցների ուղղությամբ:
Բիշքեքում ցուցարարները փորձել են բեռնատար ավտոմեքենայով նախագահի նստավայրի դարպասները կոտրել: Ըստ որոշ տեղեկությունների, ցուցարարներից ոմանք զինված են: Չնայած հատուկ ջոկատի՝ ամբոխին ցրելու փորձերին, մարդիկ վերադառնում են մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ, Բիշքեքի մերձակա շրջաններից մայրաքաղաք են գալիս ընդդիմության նոր ներկայացուցիչներ: Ավելի վաղ, տարբեր տեղեկություններով, 200-1000 մարդ փորձել էր հանրահավաք կազմակերպել ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գրասենյակի առջեւ՝ իշխանություններից պահանջելով ազատ արձակել նախօրեին ձերբակալված ընդդիմադիր առաջնորդներին, որոնց թվում են նաեւ այս կուսակցության նախագահ Ալմազբեկ Ատամբաեւն ու սոցիալիստների առաջնորդ Օմուրբեկ Տեկեբաեւը: Ցուցարարները ավտոմեքենաներ են այրել եւ ոստիկանության հետ բախման մեջ են մտել, որի արդյունքում ոստիկաններից մի քանիսը զինաթափվել են: Ղրղըզստանի մայրաքաղաքում փակվել են ուսումնական հաստատությունները, առեւտի կենտրոնններն ու գրասենյակները, պետական հիմնարկների շատ աշխատակիցներ լքել են իրենց աշխատավայրը: Ընդդիմադիր ցուցարարները պահանջում են երկրի նախագահի հրաժարական եւ էներգակիրների սակագների իջեցում: Ոստիկանությունը նրանց փորձում է ցրել՝ հատուկ միջոցների օգնությամբ: Տեղի իրավապաշտպանների մատուցմամբ, ոստիկանությունը գործի է դրել ոչ միայն ծխակոներ եւ ռետինե, այլեւ մարտական փամփուշտներ: Իրավապաշտպանների փոխանցմամբ, գնդակահարվել է 17 ցուցարար, մոտ \"\"140 մարդ վիրավորվել է: Ի դեպ, այս վերջին թիվը հաստատել է նաեւ երկրի առողջապահության նախարարությունը:
Բիշքեքում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ, մտահոգություն հայտնել զարգացող իրադարձությունների առնչությամբ եւ իշխանությանն ու ընդդիմությանը կոչ է արել խաղաղ բանակցություններ սկսել: Երկրի խորհրդարանը եւս հանդես է եկել հայտարարությամբ՝ մարդկանց կոչ անելով չմասնակցել բողոքի ակցիաներին: Ղրղըզստանում տեղակայված Ռուսաստանի զինվորականները բերվել են բարձր աստիճանի մարտական պատրաստության, թեեւ ռուսական զորքերի հրամանատարությունը հայտարարել է, թե իրենք մտադիր չեն միջամտել Ղրղըզստանի ներքին գործերին:
Հուզումները երեկ Բիշքեք են տեղափոխվել երկրի հյուսիս-արեւելքի Տալաս քաղաքում ծավալված զանգվածային ակցիաներից հետո: Այդ քաղաքում ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները գրավել են մարզային վարչակարգի շենքը, որը երկրի ՆԳՆ-ի գործադրած ջանքերին հակառակ՝ ետ գրավել չի հաջողվել: Փոխարենը, APA-ի մատուցմամբ, ցուցարարները Տալասում պատանդ են վերցրել երկրի ՆԳ նախարար Մոլդոմուս Կոնգանտիեւին, փոխվարչապետ Ակիլբեկ Ժապարովին եւ մարզպետ Բոլոտբեկ Բեյշենբեկովին: Տալասում ընդդիմադիրները գրավել են նաեւ քաղաքապետարանի շենքը: Երկրի մեկ այլ քաղաքում՝ Նարինում, երեկ էլ բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել: Այստեղից ստացված տեղեկությունների համաձայն, ցուցարարները փորձել են գրավել մարզային վարչակազմի շենքը, գրոհով վերցրել են նաեւ ՆԳՆ-ի շենքը, որտեղ նաեւ զենք է եղել: Ավելի ուշ BBC-ին հաղորդեց նաեւ, որ ընդդիմությունը Բիշքեքում գրավել է պետական հեռուստատեսության շենքն ու հեռուստաաշտարակը, որից հետո ուղիղ եթերում ցուցադրվել են մայրաքաղաքի փողոցներում տեղի ունեցող իրադարձությունները, բայց կարճ ժամանակ անց հեռուստաընկերությունն ընդհանրապես դադարեցրել է իր աշխատանքը: Միջազգային լրատվամիջոցները երեկ հաղորդում էին, որ ցուցարարները անկառավարելի են դարձել: Նրանց թվում կան հարբած եւ զինված մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: Ավելի ուշ, Բիշքեքում հրդեհ է բռնկվել Գլխավոր դատախազության շենքում, որն անցել է ցուցարարների տրամադրության տակ, եւ որտեղից վերջիններս սկսել են դուրս բերել շենքում եղած գույքն ու համակարգիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել