Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոնիայից մինչեւ ֆեմինիզմ

Ապրիլ 08,2010 00:00

Կամ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար,
Սենեգալի նախկին նախագահ Աբդու Դիուֆի բանաձեւերը:

«Ֆրանկոֆոնիայի աստված», Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար, Սենեգալի նախկին նախագահ Աբդու Դիուֆն այս անունով է հայտնի: Երեկ պարոն Աբդու Դիուֆը հյուրընկալվեց Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում (ԵրՊԼՀ): Համալսարանի ներքին բակում ուսանողները աշխարհով մեկ ֆրանկոֆոն արժեքներ տարածող հյուրին դիմավորեցին պարային բեմադրությամբ եւ ֆրանսերեն երգերով: Պարոն Աբդու Դիուֆն էլ այնքան ոգեւորվեց, որ մոտեցավ երգող ուսանողուհիներին եւ սկսեց ծափերով ու ժպիտներով քաջալերել նրանց: Այնուհետեւ հյուրը հանդիպեց ուսանողներին եւ դասախոսներին՝ համալսարանի գրադարանի նոր մասնաշենքում: ԵրՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի խոսքից պարզ դարձավ, որ Սենեգալի նախկին նախագահն ու Վ. Բրյուսովի անվան համալսարանը նույն տարիքին են. երկուսն էլ բոլորում են 75-ամյակը: Աբդու Դիուֆը պարգեւատրվեց համալսարանի 70-ամյակին նվիրված մեդալով: Հյուրը նաեւ դրական վերաբերվեց պարոն Զոլյանի՝ համալսարանի եւ պարոն Դիուֆի հոբելյանները Հայաստանում միասին նշելու առաջարկությանը:
Այնուհետեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը սկսեց խոսել ֆրանկոֆոնիայի «լեզվով»: Նա շեշտեց, որ ֆրանկոֆոնիայի հաղորդագրությունը ոչ թե ինչ-որ բան սահմանափակելու կամ փակելու, այլ նոր հորիզոններ բացելու հաղորդագրություն է. «Ֆրանկոֆոնիայի շարժման հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ նույն արժեքները տարբեր կոնտեքստներում զարգանան: Մեր շարժման հաղորդագրությունը ամենեւին էլ պայքարի հաղորդագրություն չէ»:
Պարոն Դիուֆը նաեւ նշեց. «Մենք մեկ լեզվի միջոցով ընդհանուր իրավունքների շրջանակներում ենք համագործակցում: Ֆրանկոֆոն շարժման միջոցով համատեղելով մյուս բոլոր լեզուները՝ միասին ներկայացնում ենք մի լաբորատորիա, որը համերաշխության հիմքեր է պարունակում»: Ֆրանկոֆոնիայի շարժման բազմաշերտության մասին էլ խոսելով՝ պարոն Դիուֆը նկատեց. «Այս շարժումը բաղկացած է տարբեր գիտելիքներ ունեցող երկրներից. ամենազարգացածներից, Հարավային Աֆրիկայից, Կենտրոնական Աֆրիկայից, ամենաքիչ զարգացած երկրներից եւ նրանցից, որոնք գտնվում են զարգացման անցումային փուլում»: Ֆրանկոֆոնիայի գերնպատակի մասին խոսելով՝ պարոն Դիուֆը ամփոփեց. «Ֆրանկոֆոնիայի հիմնական նպատակն է համերաշխություն ստեղծել բոլոր երկրների, ժողովուրդների, ֆրանկոֆոն տարածքում զարգացող կազմակերպությունների միջեւ՝ նաեւ նոր տեխնոլոգիաների զարգացման միջոցով: Երկխոսություն ստեղծել մշակույթների եւ քաղաքականությունների միջեւ: Մի խոսքով, համերաշխություն, մշակութային բազմազանություն, մշակույթների երկխոսություն»: Աբդու Դիուֆը երեկ նաեւ շեշտեց, որ 2009-ին ՀՀ-ն 1-ին տեղում է եղել ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված միջոցառումների թվով եւ բազմազանությանբ: Նա չթաքցրեց նաեւ, որ ինքը ֆեմինիստ է եւ նշեց, որ իր ղեկավարության օրոք Սենեգալում Սահմանադրական դատարանի նախագահը կին էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել