Ծնողներն էլ միշտ չէ, որ բավարար գիտելիքներ ունեն
Երեխաների դաստիարակության, կրթության եւ առաջնային բժշկական օգնության մասին շատ հաճախ մայրերը չեն ունենում տարրական գիտելիքներ, ինչի պատճառով էլ խնդիրների առաջ են կանգնում: Ծնողների ինչ-ինչ գիտելիքների ու դրանց մատուցման ունակությունների պակասը երեխայի մոտ առաջացնում է լարվածություն, անգամ ատելություն ուսուցանվող առարկայի, դպրոցի հանդեպ, իսկ շատ ավելի ուշ՝ ընդհանրապես կրթության նկատմամբ: Գաղտնիք չէ, որ որոշ մայրիկների համար դասապատրաստման լավագույն միջոցը ծեծն է: Հիշում եմ՝ հարեւանուհիս երեխային դաս էր սկսում սովորեցնել ժամը 23-ից հետո, եւ այնպես էր գոռում երեխայի վրա, որ ամբողջ շենքով մեկ լսվում էին նրա՝ վիրավորանքներով լի արտահայտությունները: Այդ կինը մտածում էր, որ այդ կերպ կազդի, որպեսզի որդին ավելի լավ ու շուտ կսովորի: Շաբաթներ ձգվող այս տեսարանները պարզապես դարձել էին անտանելի, երբ մի օր էլ այլեւս չդիմանալով՝ փորձեցի միջամտել: Դուռը ծեծեցի ու խնդրեցի, որ օգնեմ. «Դու երեւի շատ ես հոգնել, գնա մի քիչ հանգստացիր, ես կօգնեմ փոքրիկին»: Հարեւանուհիս չառարկեց: Կարճ ժամանակում երեխայի դասերը պատրաստ էին: Հետո մենք զրուցեցինք: Հարեւանուհիս լաց եղավ, պատմեց իր դժվարին կյանքը, հիշեց, որ ծնողները թույլ են տվել իրեն դպրոց հաճախել միայն մինչեւ վեցերորդ դասարան, որից հետո նա սոցիալական ծանր պայմանների պատճառով մոր հետ տանը սկսել է գորգ գործել: Հիմա չունի բավարար գիտելիքներ, իսկ երեխան անընդհատ հարցեր է տալիս, որոնց պատասխանները ինքը չունի: Կինը վախենում էր, թե որդին գլխի կընկնի իր անգրագիտության մասին, ու անհայր մեծացող երեխային այլեւս չի կարողանա դաստիարակել: Դրան գումարած նաեւ այն, որ ուսուցիչ վարձելու համար չունի բավարար գումար:
Երկրորդ դեպքը, որ ինձ հետ պատահեց՝ ընդամենը մի քանի ամիս առաջ էր: Ազգականներից մեկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով մեկնել էինք Արթիկ: Շատ հոգնած էինք: Հարեւաններից մեկը մեզ հրավիրեց տուն՝ սուրճ խմելու: Սկսեցինք խոսել տարբեր թեմաներից: Այդ ընթացքում ընտանիքի հարսը երեխային գրավոր աշխատանք էր հանձնարարել: Ամեն մի տառից հետո երեխան ստանում էր նախազգուշացում. եթե մի հատ էլ ծուռ գրես՝ գլուխդ կջարդեմ, վիզդ կպոկեմ եւ այլն: Մեկ, երկու նախազգուշացումներին՝ ավելի ուշ հետո հաջորդեցին ապտակները: Աղջիկը մոր շարժումներից անընդհատ վեր էր թռչում: Ես մտածեցի՝ եթե այսպես է վարվում հյուրի ներկայությամբ, ապա ինչպե՞ս է դաս սովորեցնում, երբ հյուրեր չկան: Մոտեցա երեխային, նայեցի տետրին, հետո երեխայի դեմքին: Նա չափից դուրս լարված էր: Մի քիչ երեխայի հետ պարապեցի ու ծնողներին խորհուրդ տվեցի երեխային տանել ակնաբույժի մոտ: Ծնողները դիմելով բժշկի՝ տեղեկացել էին, որ իրենց աղջիկը տեսողության հետ կապված խնդիրներ ունի: Պարզվել էր, որ աղջկա աջ աչքը ունի +2, իսկ ձախը +2,5 տեսողության շեղում: Մինչդեռ թե ուսուցիչը, թե ծնողը այդ մասին գլխի չէին ընկել: Նման դեպքերը եզակի չեն: Սրանց պատճառը համապատասխան մասնագետների բացակայությունն է դպրոցում, որտեղից էլ «դուրս է գալիս» ապագա մայրը, եւ իր ստացած գիտելիքներով մեծացնում իր զավակին: Կարծում եմ, որ մեր հանրակրթական դպրոցները կարիք ունեն թե հոգեբանների եւ թե բժշկական համապատասխան ուշադրության: