ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Երբ 1990-ական թթ. ՀՀ Գերագույն խորհրդում վաղամեռիկ Սամվել Շահմուրադյանի առաջարկով եւ տեւական բանավեճերից հետո ապրիլի 7-ը
Տոների եւ հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում ընդունվեց որպես Մայրության, գեղեցկության եւ սիրո տոն, դա, ըստ էության, առաջին այլընտրանքն էր խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած մարտի 8-ին եւ հնարավորությունը՝ ետխորհրդային Հայաստանի նոր արժեքային համակարգի ձեւավորման մեջ ներդնել նաեւ նոր տոնացույց: Հետագայում նորանկախ Հայաստանի Հանրապետության նահանջը նոր-նոր որդեգրած արեւմտյան արժեհամակարգից ներառեց նաեւ մտածողության նահանջը, ուր ներառված էր նաեւ հայկական տոնացույցը: Ըստ այդմ՝ ԱԺ նախկին պատգամավոր, մշտապես կառավարող ուժի ներկայացուցիչ Հրանուշ Հակոբյանի ձեռամբ երկրորդ շնչառություն հաղորդվեց մարտի 8-ին՝ նրան վերադարձնելով նախկին պետական ոչ աշխատանքային տոնի կարգավիճակը, դրանով իսկ աստիճանաբար դուրս մղելով ապրիլի 7-ը, որը վերածվեց «կանանց միամսյակ» կոչվող թղթե տնակի ետնամուտքի: Մեծ հաշվով, այս ամենում որեւէ ողբերգություն չկա, սակայն առկա է անողոք իրականությունը. հասարակական-քաղաքական զարգացումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար հրաժարվում է այն բոլոր ձեռքբերումներից, որոնք ամրագրվեցին քսան տարվա պատմություն ունեցող ՀՀ Անկախության Հռչակագրով, անկախության հանրաքվեով եւ Ղարաբաղի ազատագրմամբ: Ապրիլի 7-ը վկայությունն է այն անողոք իրողության, թե ինչպես հայ տղամարդիկ փառահեղորեն ձախողեցին Հայաստանի Հանրապետության կայացումը:
1.
Հանրային
ընկալման պետության
մանրակերտը
Անվիճելի եւ դասագրքային ճշմարտության է վերածվել այն պնդումը, որ պետականության տեւական բացակայության պայմաններում հայ ժողովրդի համար ընտանիքն ամբարել է սիրո, գուրգուրանքի, ուշադրության ողջ պաշարը: Մուրացանի քրեստոմատիական ձեւակերպումը՝ «Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է», ըստ էության, եղել են պետականության վերականգնման այն սերմերը, որոնք դարեր շարունակ խնամքով պահպանվել են՝ հայրենիքի հողում երբեւէ ցանելու համար: Միաժամանակ, դարեր շարունակ լինելով կորսված պետության թե հոգեբանական, թե հասարակական ընկալման մանրակերտը, հայ ժողովրդի համար ընտանիքի հանդեպ պաշտամունքն այդպես էլ չի վերածվել պետականության հանդեպ անգամ պարզ սիրո: Ընտանիքից, որպես պետության մանրակերտից, այդպես էլ չի սկզբնավորվել պետական շինարարության իրականացման բարդ, պատասխանատու եւ կարեւոր հասարակական-քաղաքական գործընթացը: Չընդարձակելով եւ չխորացնելով իր հասարակական ընկալման սահմանները՝ հայկական ընտանիքն օտարվել-ինքնամեկուսացվել է հայրենիքից ընդհանրապես, պետությունից՝ մասնավորապես: Թեպետ այդ ինքնամեկուսացվածությունն ինքնին արգելապատնեշ չի դարձել, որ ընտանիքներում առկա մերժելի երեւույթներն ու բարքերը չփոխանցվեն հասարակական հարաբերություններ, որոնք դարձել են կոշտ ու ճնշող:
Որպես հասարակության անդամների փոքր միավորում՝ ընտանիքը, անգամ հայկական անկախ պետականության վերագտման ժամանակահատվածում, չդարձավ պետության գործընկերը, հենարանը, իսկ պետությունն իր հերթին նեցուկ չդարձավ ընտանիքին: Բացի այդ: Արտագաղթի ծավալները փոխեցին ոչ միայն երկրի ժողովրդագրական պատկերը, այլեւ սպառնալիք դարձան հայաստանյան ընտանիքի համար, իսկ սփյուռքահայ ընտանիքներում ծայր առած խառնամուսնությունները մեծացնում էին ուծացման վտանգը:
Հարյուրամյակների ընթացքում, ենթարկվելով տարաբնույթ փոփոխությունների, հայկական ընտանիքը կորցրեց մի շարք առանձնահատկություններ, միաժամանակ ձեռք բերելով գնահատման եւ արժեվորման նոր չափորոշիչներ: Նոր ժամանակները նոր խնդիրներ դրեցին հայ ընտանիքների առջեւ, որոնց լուծման տարբերակներից էր կախված նրանց հետագա գոյության եւ կեցության կերպը: Երեկվա կողմնորոշիչները կորսված էին, նորերը՝ չձեւավորված: Նոր ժամանակները նաեւ փոփոխությունների պահանջներ առաջադրեցին: Փոփոխությունների ենթարկվեցին ընտանիքի, տղամարդու եւ կնոջ դերերի, զավակների, մասնավորապես՝ որդիների դաստիարակման ավանդական ընկալումները, որոնք ոչ թե ազատականացվեցին, այլ վերասերվեցին:
2.
«Իսկական տղամարդու» առասպելը
Հայաստանի պատմության նորագույն շրջանում տղամարդու դերի, կերպարի, ընկալման, «իսկական տղամարդու» տարբերակման երկու հրապարակային ձեւակերպումներ են արձանագրվել: Դրանցից առաջինի հեղինակը Վանո Սիրադեղյանն է, երկրորդը՝ Ռոբերտ Քոչարյանը: Եթե Սիրադեղյանի ձեւակերպումը՝ «իսկական տղամարդը պիտի տուն ունենա», մարդկային էր եւ բացատրելի, ապա Քոչարյանի տղամարդկության ընկալումը՝ ներծծված այս հռետորականությամբ՝ «ո՞վ է այն տղամարդը, որով կարողանան ինձ հակակշռել», մարտահրավեր-պատասխան էր քաղաքական գործընթացներում եւ որոշումների կայացման վրա հենց Սիրադեղյանի ազդեցությունն ու դերն էապես նվազեցնելու՝ Քոչարյանի դրսեւորած վճռականությանը:
Հասարակական-քաղաքական հետագա գործընթացները կտրուկ փոխեցին ուժերի հարաբերակցությունը հօգուտ Քոչարյանի, սակայն անփոփոխ մնացին տղամարդկության այն պատկերացումները, որոնք Ռոբերտ Քոչարյանը ներմուծեց հասարակական-քաղաքական դաշտ: «Իսկական տղամարդու» կերպարը նույնացվեց հանուն նպատակի՝ փողի, իշխանության եւ ազդեցության, ամենի ինչ եւ ամենքին հնազանդեցնելու, ենթարկելու, նվաստացնելու, ոտնատակ տալու պատրաստ մարդկային տեսակի հետ: Հայ հասարակության համար այդ հիմնախնդիրն այժմ այնքան է խորացել-արմատակալել, որ դադարել է լինել սոսկ Ռ. Քոչարյանի անհատական ընկալման խնդիրը: Հայկական միջավայրը գնահատում եւ արժեւորում է հենց այդպիսի տղամարդուն: Տղամարդկության պատկերացումները խտանում են հանուն սեփական անձի, ընտանիքի եւ գերդաստանի բարեկեցության՝ հանրային կյանքի եւ պետության հիմքերը խարխլելու սառնասրտության, կոռուպցիայի եւ կաշառակերության, անպատժելիության եւ անարդարության, ագահության եւ ցոփության, թույլին, անպաշտպանին ոտնատակ տալու, անգամ՝ սպանելու հանգստության մեջ: Ազնվությունն ու պարկեշտությունը, բարոյականությունն ու բանիմացությունը, հայրենասիրությունն ու պատասխանատվությունն իրենց դարն ապրած, ըստ այդմ՝ ձանձրալի ու հնաձեւ հատկություններ են հայ հասարակության համար ընդհանրապես, հայ տղամարդու համար՝ մասնավորապես: Այսօրինակ իրավիճակում պետության ներկայացուցչական մարմնի՝ խորհրդարանի նախագահն անվրդով կարող է խոստովանել, որ քաղաքական գործչի համար խելք ունենալը պարտադիր չէ: Եվ դա բնավ պատահական չէ. հայ տղամարդիկ իրենց շրջապատում, տղամարդկանց միջեւ մղվող իրենց մրցակցության եւ մարտերի ընթացքում կարեւորում են արատավոր եւ մերժելի հատկությունները եւ առաջնորդվում հենց դրանցով: Այդպես էլ դաստիարակում եւ մեծացնում են նրանք իրենց որդիներին:
Ընդհանրապես, ընտանիքում որդիների դաստիարակությունը եղել է այն քարը, որին գայթել է հայ հանրային եւ պետական կյանքը: Հայ ընտանիքներում որդիների դաստիարակման երեք թեպետ բեւեռացված, սակայն նույնչափ արատավոր մոտեցումներ են առկա: Առաջին մոտեցումն իրականության են վերածում կանայք, երկրորդը եւ երրորդը՝ տղամարդիկ, նայած, թե ընտանիքում ով է զբաղվում տղա զավակների դաստիարակմամբ: Եթե որդուն (որդիներին) դաստիարակում է կինը, ապա, որպես կանոն, տղաները մեծանում են կամազուրկ, պատասխանատվության նվազագույն պաշարով, մասամբ՝ քաղաքավարի, սակայն ոչ բարեկիրթ, զինծառայությունից խուսափելու համար կրթություն ստացող, աննպատակասլաց, սպառողի հոգեբանությամբ եսակենտրոն անձնավորություն: Այդպիսիները համալրում են հարմարվողների լեգեոնը Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս: Հասարակական-քաղաքական գործընթացներում նրանք եթե հայտնվում են, հրապարակային պայքար չեն մղում. կամ հարմարվում են, կամ, եթե ստանում են իշխանությունը, ապա եսակենտրոնության, պատասխանատվություն իրացնելու, որոշումներ կայացնելու անզորության պատճառով կարող են ձախողել պետական գործերը:
Եթե որդիների դաստիարակությամբ զբաղվում են հայ տղամարդիկ, ապա որդիներին մեծացնում են ամեն ինչ իրենց ծառայեցնելու, տրորելու, կողոպտելու, ամենազորության եւ անպատժելիության իրենց իսկ դասերով՝ դարձնելով նրանց անկիրթ, անուսում, բիրտ, շահամոլ զավակներ: Հասարակական-քաղաքական կյանքում այդպիսիները հաստատվում են հենց այդ հատկանիշներով: Այդ իսկ պատճառով իշխանությունը հենց այդպիսին է՝ քաղաքացիների հանդեպ բիրտ, թույլին տրորող, բարձր արժեքները ծանակող:
Գոյություն ունի հայ տղամարդկանց մեկ այլ տեսակ, որոնք որդիների հանդեպ խստաբարո են այնքան, որ նրանց մեջ խեղդում են հույզերը, ապրումներն արտահայտելու մարդկային ձգտումը: Այդպիսի տղաները մեծանում են ներփակված: Նրանց համար ընտանիքը եւ պետությունը նույնանում են խստաբարո հոր կերպարի հետ: Որպես կանոն՝ սիրո եւ ուշադրության մշտական բացակայություն ապրած այդ տղաները ստիպված են լինում կամ ամեն ինչ ինքնուրույն ստեղծել, կամ ընդհանրապես ոչինչ չստեղծել: Հայկական իրականության մեջ նման հայրերը փոքրաթիվ են, այդ իսկ պատճառով հանրային ընկալման մեջ անգամ տեղ չեն զբաղեցնում:
Անշուշտ, բոլորը չէ, որ այդպիսին են, սակայն վերոհիշյալ երկու տեսակները Հայաստանում արդեն քանակ են կազմում եւ համապատասխան որակ ձեւավորում: Հայկական միջավայրում այս երեւույթները ամրանում-խորանում են՝ վերասերման դատապարտելով հայ ընտանիքի, հայ տղամարդու կերպարն ու դրա հանրային ընկալումները:
3.
Տղամարդը եւ կինը՝ քսան տարի անց
Մինչդեռ իսկական տղամարդու մասին կանանց ընկալումները հիմնականում հանգում են խելքին, ուժին եւ վեհանձնությանը, կազմակերպվածությանը, չափավորությանն ու բարեկրթությանը, հուսալիությանը եւ պատասխանատվություն ստանձնելու ու իրացնելու լրջությանը, արդարությունն ու օրինականությունը պաշտպանելու պարկեշտությանն ու վճռականությանը, թույլին, անպաշտպանին օգնելուն, ընտանիքին նեցուկ լինելուն, հայրենիքը պաշտպանելուն, ընտանիքն ու հայրենիքը սիրելուն եւ նրանց չդավաճանելուն, անձնազոհության ունակությանը եւ զոհաբերություն չակնկալելուն:
Կանանց պատկերացումները տղամարդու կերպարի մասին՝ փոփոխությունների գրեթե չեն ենթարկվել. բոլոր ժամանակներում էլ դրանք նույնն են մնացել, տարբերությունները պայմանավորվել են հիմնականում քաղաքակրթություններով:
Ես ֆեմինիստ չեմ եւ օտարահունչ ֆեմինիստական շարժումներին եւ հենդերային հավասարության ձգտումներին թեպետ վերաբերվում եմ ըմբռնումով, սակայն՝ ոչ լրջությամբ: Մանավանդ որ, Հայաստանի դեպքում այդ ձգտումները փաթեթավորվում են դրամաշնորհային խշխշան թղթերով, իսկ պարունակությունը բնավ հետաքրքիր չէ: Ֆեմինիզմի արեւմտյան ակունքները, ուղիները եւ նպատակներն ավելի անկեղծ են թվում, ավելի գաղափարական եւ ավելի գործնական: Հայաստանի դեպքում այս ամենը նմանվում է Եվրոպայում մշտական բնակության կամ կրթության ձգտող մահմեդական այն աղջիկների ու կանանց ձգտումներին, որոնք պահանջում են եվրոպական պետությունների կառավարություններից պահպանել գլխաշոր, անգամ՝ ֆարաջա կրելու իրենց իրավունքը: Հայաստանյան ֆեմինիստները կամ հենդերային հավասարության կողմնակիցները ձգտում են հասնել կուսակցությունների ընտրացուցակներում ու կառավարությունում կանանց համար քվոտաների ամրագրման՝ դրանով իսկ փորձելով համոզիչ դարձնել դրամաշնորհների ծախսման արդյունավետությունը: Սակայն խնդիրն այդքան մակերեսային եւ պարզունակ չէ, ընդհակառակը՝ խորքային է եւ ընդգրկուն: Այն առնչվում է ոչ միայն հայ կանանց իրավունքներին, ոչ միայն տղամարդկանց անպատժելիության ծավալների նվազմանը, ոչ այնքան պետական կառավարման լծակներ ձեռք բերելու կամ քաղաքական որոշումների կայացմանը մասնակցելու՝ կանանց եւ տղամարդկանց հավասարության ապահովմանը: Այս ամենը չնչին է այն իրողության համեմատ, ինչ արել են հայ տղամարդիկ քսան տարի շարունակ: Նրանք ձախողել են հայկական պետականությունը եւ պետք է հեռանան, քանի դեռ չեն վերանայել տղամարդու դերի, կերպարի եւ հեղինակության իրենց ընկալումները: Այդ ընկալումների հետեւանքով նրանք մեր պետությունը վերածել են թղթե տնակի, որին կարող է քշել-տանել թեթեւ քամին: