Համաշխարհային բանկի հովանավորությամբ՝ վերանորոգվել է Արագածոտնի մարզի Ուջան գյուղի ամբուլատորիան: Այս բուժհաստատությունը, բացի Ուջանից, սպասարկում է նաեւ հարեւան երկու գյուղերի՝ Նոր Եդեսիայի եւ Արագածոտնի բնակիչներին: «Վերանորոգումից հետո աճել է այցելուների թիվը: Շենքային պայմանները գրավում են մարդկանց, բուժաշխատողներն էլ հաճույք են ստանում իրենց աշխատանքից»,- ասում է ամբուլատորիայի գլխավոր բժշկուհի Անահիտ Տատումյանը: Գլխավոր բժշկուհու խոսքով, վերանորոգումից հետո ամբուլատորիայում ավելացել են մանկաբարձական, էլեկտրասրտագրության կաբինետներ եւ լաբորատորիա: Բուժհիմնարկն ունի 12 աշխատող:
«Ունենք ընտանեկան երկու բժիշկ, որոնք իրավունք ունեն եւ սրտի, եւ ակնաբուժական, եւ քիթ-կոկորդի, եւ նյարդաբանական որոշ հետազոտություններ կատարել»,- ասաց Անահիտ Տատումյանը եւ հավելեց, որ ամբուլատորիայի ընտանեկան բոլոր բուժքույրերը վերապատրաստվել են «Ընտանեկան բուժքույր» ծրագրով: «Շատ ուրախ եմ, որ վերջապես վերանորոգվեց մեր ամբուլատորիան: Հաճելի է, երբ մտնում ես գեղեցիկ ու մաքուր սենյակ: Այն ժամանակ թեկուզ թեթեւ առողջական խնդիր էի ունենում, չէի ուզում գալ այստեղ, քաղաք գնալն էլ գումարների հետ է կապված, իսկ հիմա հաճույքով եմ գալիս»,- ասում է ուջանաբնակ Նարինեն: Վերանորոգումից հետո Ուջանի ամբուլատորիան ոչ միայն գեղեցկացել է, այլեւ անվանակոչվել ուջանցի բժիշկ, արցախյան հերոսամարտում զոհված Հարություն Հարությունյանի անվամբ: