Լրահոս
Օրվա լրահոսը

130 միլիոն դրամ վնաս՝ Սյունիքում

Ապրիլ 08,2010 00:00

Արդեն ճշտվել եւ ՀՀ գյուղնախարարություն են ուղարկվել Սյունիքի մարզի գյուղատնտեսության բնագավառում ցրտահարությունների հասցրած  վնասների չափերը: Մարզպետարանի ժամանակավոր հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 18-20-ն ձյան եւ ցրտահարության հետեւանքով մարզի պտղատու այգիներին ու նորատունկ տնկիներին հասցված վնասի չափը կազմում է 130,270 միլիոն դրամ: Տեղացած ձյան ու արձանագրված ցրտահարության պատճառով մեծ վնասներ է կրել հատկապես այգեգործությունը: Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի՝ ցրտահարվել են  ծաղկած կորիզավոր ծառատեսակները՝ ծիրանենին, դեղձենին, սալորենին, տանձենին եւ պտղատու այլ ծառեր: Այդ օրերին Սիսիանում օդի ջերմաստիճանը գիշերվա ժամերին կազմում էր մինչեւ -6 աստիճան, Գորիսում՝ -4, իսկ Մեղրիում՝  -2 աստիճան: Զրուցակցիս խոսքով, նախնական տվյալների համաձայն՝ բարեբախտաբար ցրտահարությունից չի տուժել աշնանացանը:
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության տրամադրած տվյալների համաձայն՝ մարզում ընդհանուր առմամբ վնասվել է 379 հեկտար տարածք: 60 տոկոսով վնասվել են Գորիսի եւ Սիսիանի, իսկ 40 տոկոսով՝ Մեղրու եւ Կապանի տարածաշրջանների պտղատու ծառատեսակները: Բերքի ընդհանուր կորուստը կազմում է 7486.8 ցենտներ:
Ցավոք, առաջին տարին չէ, որ Սյունիքի գյուղացիները տուժում են ցրտահարությունից: Ամեն տարի ճշտվում ու նախարարություն են ներկայացվում գյուղատնտեսության հասցված վնասները, բայց եկամտի աղբյուրից զրկված գյուղացիները այդպես էլ մնում են առանց փոխհատուցման:
Այս օրերին, ոռոգման շրջանին ընդառաջ, Սյունիքի մարզում գործող ջրօգտագործող 4 ընկերություններն իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի խոսքով, կատարվում են հին ջրատարների նորոգման աշխատանքներ: Այս տարի նոր ջրագծի անցկացում չի նախատեսվում: «Անցած տարի մարզում ոռոգվել է 1511 հա հողատարածք, մատակարարվել է 3,844 միլիոն խմ ջուր: Վարձավճարների հավաքագրման մակարդակը կազմել է նախատեսվածի 92 տոկոսը, ինչը 2008-ի համեմատությամբ՝ ավելի է 9 տոկոսով»,- ավելացնում է գյուղվարչության պետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել