Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուրը պետք է ունենա իր Աստվածը»

Ապրիլ 08,2010 00:00

Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնական օրացույցի՝ Մեծ Պահքի շրջանում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը վեհափառ հայրապետի օրհնությամբ կայցելի ՀՀ բոլոր մարզերի տարբեր տարածաշրջաններ, հայ եկեղեցու պատմություն դասավանդող բոլոր ուսուցիչներին խորհրդակցության, աղոթքի ու ժամերգությունների կհրավիրի եւ այս կերպ նրանց կմոտեցնի Աստծուն: Ծրագրի մեկնարկը տրվել է Գուգարաց թեմի Սպիտակի տարածաշրջանից: ՔԴԿ-ն 20 տարածաշրջան կայցելի եւ նախօրոք ընտրված վանքերում ու եկեղեցիներում նման հավաքներ կկազմակերպի: «Այս ծրագրով պիտի փորձենք այնպիսի լիցքերով վարակել մեր ուսուցիչներին, որ նրանք կարողանան ճիշտ կարգով ու իրենց կյանքի օրինակով ներկայանալ աշակերտներին, դասավանդելով ու սերմանելով նրանց մեջ բարոյական արժեքները եւ եկեղեցու ճշմարիտ վարդապետությունը, որ ամփոփված է այդ առարկայի սահմանների հիմքում»,- ասում է Մայր աթոռ Սբ. Էջմիածնի ՔԴԿ տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանը:
Կարեւորելով նմանատիպ ծրագրերը, ՔԴԿ-ն ամեն տարի փորձում է ուսուցիչների համար նոր ու յուրահատուկ նախաձեռնություններով հանդես գալ, նրանց դրական եւ Աստվածահաճո լիցքեր հաղորդել, որ նախ ուսուցիչը գտնի իր Աստծուն. «Ես հավատացած եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր Աստվածը, հավատքը, զգացողությունը: Այս հրավերը ապաշխարության շրջանում լավ առիթ է եկեղեցի, դպրոց, ուսուցիչ, աշակերտ կապի ստեղծելու համար»,- վստահ է Վարդան աբեղա Նավասարդյանը:
Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ցավով նշում է, որ գյուղական դպրոցներում առարկային գիտակ ուսուցիչները չէ, որ հայ եկեղեցու պատմություն են դասավանդում: Եկեղեցու սպասավորը լավ գիտակցում է, որ խորհրդային պետության եկեղեցահալած հոգեբանությամբ դաստիարակված անձը չի կարող միանգամից իր հայացքն ուղղել դեպի եկեղեցի: Ուստի այդ բացը պետք է լրացնել հաճելի ու օգտակար միջոցառումներով՝ առանց պարտադրանքի: Միքայել սրբազանը վստահ է, որ չափահաս մարդու օրինակով մատաղ սերնդին պետք է բերել դեպի իր արմատներն ու պատմությունը, հայտարարելով հոգեւոր նորոգություն՝ դարձ դեպի մեր ինքնությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել