Մի թեթեւ քամին բավական է, որպեսզի Եղվարդը ծածկվի փոշու ամպով: Քաղաքի մուտքից սկսած մինչեւ կենտրոնական փողոցները՝ «զարդարված» են հսկայական աղբակույտերով: Որ տեղական իշխանությունները աղբահանության գործում թերանում են, վկայում է աղտոտ քաղաքն ինքը: Աղբակույտերի մոտ քաղաքը մաքուր պահելուն ուղղված ցուցանակ-հորդորներ կան, որոնք, էլի դատելով աղբի քանակից՝ ազդեցիկ եւ արդյունավետ չեն:
Շինարարական աղբի հարեւանությամբ փակցված ցուցանակը քաղաքի բնակիչներին տեղեկացնում է, որ այդ վայրում աղբ թափողը կտուգանվի 100000 դրամով: Դատելով ցուցանակի ժանգից եւ հսկայական շինարարական աղբակույտերի՝ արդեն քարացած բլրակների անխռով գոյությունից, կարելի է եզրակացնել. կամ եղվարդցիները անտարբեր են թե զգուշացման, թե զգուշացնողների նկատմամբ, կամ քաղաքի ղեկավարությունը ցուցանակներ է փակցրել՝ ասած լինելու համար, թե իրենք զօր ու գիշեր աշխատում են քաղաքը աչքի լույսի պես պահելու համար, բայց փնթի բնակիչների մեղքով մաքրությունը չի երեւում: «Առավոտի» տեղեկություններով, սակայն, դեռ որեւէ կարգազանց քաղաքացի կամ կազմակերպություն 100 000 դրամով չի տուգանվել աղբը քաղաքի փողոցներում թափելու համար:
Աղբաշատ քաղաքում փողոցները նշագծված չեն: Գուրգեն Հակոբյան ներկայացած մի վարորդ դժգոհեց, որ խնդիրներ են ունենում հատկապես գիշերային ժամերին, երբ նշագծերի բացակայությունը դժվարացնում է երթեւեկը ճանապարհի հատկապես այն հատվածներում, որտեղ թեքություններ ու շրջադարձեր կան. «Մենք մեր տեղանքին ծանոթ ենք. գիտենք որտեղ ոնց պիտի քշենք, բայց օտար վարորդների համար, մանավանդ մութ ժամանակ, խնդիրներ են առաջանում: Մի դեպք էր եղել՝ վթար, բայց մեքենաների տերերը չկարողացան պարզել, թե ով էր մեղավոր, ով՝ անմեղ: Ասֆալտի վրա ոչ մի գիծ չկա, որ հասկանան՝ ով ում պետք է զիջեր: Իրար մեջ հարցերը փակեցին ու արագ հեռացան, քանի դեռ ոստիկանները չէին հայտնվել»: Աշտարակցի մի վարորդ էլ, որ գործի բերումով հաճախ է Եղվարդում լինում, դժգոհեց, որ շրջադարձ կատարելիս ճանապարհային ոստիկանը հայտնվել եւ խախտում է արձանագրել՝ չթույլատրված վայրում շրջադարձ կատարելու համար. «Երբ ասացի, թե որտեղի՞ց պետք է իմանայի, որ այդ վայրում շրջադարձն արգելված է, եթե որեւէ նշան կամ նշագիծ չկա, ոստիկանն ասաց՝ քո խնդիրն է, պետք է իմանայիր: Ճիշտ է՝ ակտ չգրեց, բայց շատ ջղայնացա»:
Եղվարդի, եղվարդցիների ու քաղաքի հյուրերի ճակատագրով մտահոգ պատկան կառույցներն ու պաշտոնյաները սույն հրապարակումը թող ընդունեն որպես հաղորդում անմխիթար վիճակի մասին: