Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-Ն ՈՒ ՀՀԿ-Ն՝ ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի

Ապրիլ 08,2010 00:00

Ապրիլի 25-ին Տավուշի մարզի 5 համայնքներում՝ Հովք, Աղավնավանք, Խաչարձան, Դեբեդավան, Զորական, կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Այս համայնքները բնակեցված են Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներով: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (կենտրոնը՝ Իջեւան) նախագահ Սմբատ Գասպարյանից տեղեկացանք, որ  Հովք գյուղում համայնքի ղեկավարի մեկ թեկնածու կա՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Յուրա Ցուգունյանը: Աղավնավանքում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Վարդուշ Ներսիսյանից բացի՝ իր թեկնածությունն է առաջադրել համայնքապետարանի քարտուղար, ՀՀԿ անդամ Վարդան Գրիգորյանը: Խաչարձանում գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Շահնազարյանի հետ մրցելու ցանկություն է հայտնել ներկայումս չաշխատող, ԲՀԿ անդամ Ապրես Բուդաղյանը: Նշված 3 համայնքներում պետք է ընտրվեն ավագանու 5-ական անդամներ: Հովքում եւ Աղավնավանքում ավագանի ընտրվելու համար մրցակցություն չկա. 5 տեղի համար առաջադրվել են 5-ական թեկնածու, իսկ  Հովքում՝ 8 թեկնածու:
Թիվ 40 ԸԸՀ (կենտրոնը՝ Նոյեմբերյան) նախագահ Գագիկ Աբովյանը հայտնեց, որ Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղում  գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Սալավաթ Բաբայանի հետ առաջադրվել են՝ ՀՀԿ անդամ, ներկայումս չաշխատող Լազր Երեմյանը եւ անկուսակցական, նույնպես չաշխատող Վանյա Դամիրչյանը: Զորական գյուղում, ուր բնակվում են հռչակավոր Չարդախլու գյուղից վերաբնակները, գործող գյուղապետ, անկուսակցական Յուրի Մանասյանի  հետ  մրցակցելու է անկուսակցական Սուրեն Մարտիրոսյանը: Դեբեդավանում ավագանու 5 տեղի համար առաջադրվել է 4 թեկնածու,  Զորականում՝ 7 տեղի համար, 8 թեկնածու: Համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուները գրանցվել են, ապրիլի 1-ից սկսվել է քարոզարշավը:
Հանրապետականն ընդդեմ հանրապետականի «ձեւաչափով» ընտրությունները կարծես դառնում են ավանդույթ: Հիշեցնենք, որ անցած տարի Տավուշի մարզի Աչաջուր եւ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղերում կայացած համայնքապետի ընտրություններում էլ հանրապետականները իրար դեմ էին պայքարում («Առավոտ», 05.11.09՝ «Աչաջրում՝ հանրապետականն ընդդեմ հանրապետականի», 25.11.09՝ «Աչաջրում՝ նոր ընտրություն», 04.12.09՝ «Մարգահովիտում՝ ինչպես Աչաջրում», 10.12. 2009՝ «Հանրապետականը դժգոհ է հանրապետականից»):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել