Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նոր 7-ի գործը»

Ապրիլ 08,2010 00:00

Վարկային միջոցները հափշտակել է

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2009 թ. մայիսի 11-ին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել 7 անձի։ Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Հովիկ Ասատուրի Բախշյանը, հանդիսանալով «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության «Գորիս» մասնաճյուղի կառավարիչ, ընկերության կողմից մասնաճյուղին հատկացված վարկային միջոցները հափշտակելու եւ անձնական նպատակների համար տնօրինելու նպատակով, օգտագործելով բանկի նախկին հաճախորդների, նրա կողմից փաստացի ղեկավարվող «Պայծառ ապագա» ՍՊԸ նախկին եւ ներկա աշխատակիցների եւ այլ քաղաքացիների վերաբերյալ՝ բանկում եւ ընկերությունում առկա փաստաթղթերը, 2006 թ. նոյեմբերի 29-ից 2008 թ. սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում 95 անձանց եւ «Պայծառ ապագա» ՍՊԸ անվամբ պատրաստել է անշարժ գույքի սեփականության կեղծ վկայագրեր, տրանսպորտային միջոցների ժամանակավոր գրանցման կեղծ վկայականներ, «վարկառուների» աշխատավարձերի եւ եկամուտների, ինչպես նաեւ անշարժ գույքի գնահատման վերաբերյալ կեղծ տեղեկանքներ, որոնք տրամադրելով մասնաճյուղի վարկային բաժնի մասնագետներ Ազնիվ Առաքելյանին եւ Արշակ Բալույանին, հանձնարարել է դրանցով կազմել կեղծ վարկային գործեր: Նշված ժամանակահատվածում կազմվել են 96 կեղծ վարկային գործեր, որոնց միջոցով մասնաճյուղի գլխավոր հաշվապահ Ալինա Սարգսյանի, հաշվապահության մասնագետ Գայանե Ղազարյանի եւ գանձապահներ Անահիտ Թորոսյանի եւ Նազիկ Մաթեւոսյանի օժանդակությամբ կանխիկ կարգով ստանալով ձեւակերպված վարկերի գումարները, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 673 786 604 դրամ գումար, որը տնօրինելով իր հայեցողությամբ, օգտագործել է իր կողմից փաստացի ղեկավարվող ընկերությունների գործունեության ընթացքում, ինչպես նաեւ՝ անձնական կարիքների համար։ Նա «վարկառուների» անունից սպասարկել է կեղծ վարկերը, մարելով դրանց ամենամսյա գումարներն ու տոկոսները՝ ընդհանուր առմամբ վարկային գումարների մասով մուտքագրել 232 564 938 դրամ եւ տոկոսագումարների մասով՝ 127 041 561 դրամ գումար, ընդհանուր՝ 359 606 500 դրամ գումար։
2009 թ. հունվար-մարտին, մասնաճյուղի հաճախորդ «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲ ընկերության հաշվեհամարից՝ առանց ստորագրման եւ կնիքի կեղծ մեմորիալ օրդերների եւ վճարային հանձնարարագրերի միջոցով ստացել եւ հափշտակել է եւս 137 մլն դրամ, ընդ որում՝ դրանից 53 մլն դրամը ստացել է «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲ ընկերության հաշվեհամարից նույն բանկում սպասարկվող՝ «Զանգեզուր-95» ՍՊԸ, «ԷՑՇ» ԲԲԸ եւ «Անապատ-2» արտադրական կոոպերատիվի հաշվեհամարներին համապատասխանաբար 17 մլն, 18 մլն եւ 18 մլն դրամ փոխանցելու եւ կեղծ մեմորիալ օրդերներով կանխիկացնելու միջոցով:
Հափշտակությունը թաքցնելու արդյունքում «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հաշվեհամարի գումարը պակաս լինելու հետեւանքով, նշված ընկերության ներկայացրած 143 մլն դրամի փոխանցման հանձնարարագիրը կատարելու նպատակով 2009 թ. մարտի 31-ին առանց բանկի գլխամասի թույլտվության ձեւակերպել է ընդհանուր 245 մլն դրամի երկու կեղծ վարկեր, որոնց գումարից 137 մլն դրամն առանց ստորագրության, կեղծ օրդերներով մուտքագրել է «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հաշվեհամարին, 257 000 դրամը մուտքագրվել է բանկ՝ որպես վարկային գումարի մարում, իսկ մնացածը տնօրինել այլ նպատակներով:
Հովիկ Բախշյանի կողմից նշված կեղծ վարկերի ձեւակերպումները կրել են պարբերական բնույթ, վարկերի առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 918 786 604 դրամ գումարները ձեւակերպվել, ելքագրվել եւ յուրացվել են: Արդյունքում «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին պատճառվել է 693 808 812 մլն դրամ գումարի գույքային վնաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել