Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՎԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Ապրիլ 08,2010 00:00

Հայտարարություն են անում

Երեւանի «Օդնոկլասնիկ» սրճարանում տարիուկես առաջ սպանվեց երկու մանկահասակ երեխաների հայր Անդրանիկ Բաբայանը: Կարեւորագույն վկաներից մեկը գնաց ԱՄՆ, մյուսն էլ… անգամ դատարան չներկայացավ: Դատաքննության ավարտից հետո մնացին բավականին հարցեր, որոնց պատասխանը գիտեին նշված անձինք: Գյումրիի «Օդնոկլասնիկի» գործով անցյալ տարվա ապրիլի 19-ին կասկածելի հանգամանքներում «մահացավ» 17-ամյա Տիգրան Թադեւոսյանը: Այս գործով կան 3 հետախուզվողներ՝ Էդգար Նազարյանը, Սերգեյ Մխիթարյանը, Վալերի Աբրահամյանը:
«Առավոտին» է դիմել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս օրերին ընթացող «Օդնոկլասնիկի» գործով դատակոչված կարեւորագույն վկա Լիդա Եդիգարյանը: «Օդնոկլասնիկային» հաղորդակցության արդյունքում, ըստ մեղադրական կողմի ձեռք բերած ապացույցների, Տիգրանին ծեծի են ենթարկել մի քանի տղաներ՝ Լիդա Եդիգարյանի «թասիբին» կանգնելու նպատակով: Ըստ մեղադրողի նախորդ օրը դատաքննության ժամանակ հնչած ճառի՝ նրա իսկ դրդմամբ:
Լիդա Եդիգարյանը ցուցմունք է տվել դատարանում: «Ես հանրահայտ «Օդնոկլասնիկի» գործի վկան եմ: Ինձ ոստիկանությունում խաբել են, համոզել են, որ տամ այն տղաների անունները, որոնց ես այն ժամանակ տեսել եմ Անի թաղամասում, չնայած նրան, որ տեսել եմ նրանց տարբեր տեղեր: Ինձ հավատացրել են, որ այդ տղաները կլինեն որպես վկաներ, որպեսզի Սամվելին (Սարգսյան-Ռ.Մ.) ցմահ բանտարկության չդատապարտեն, որը կլիներ, քանի որ մահ կար: Ես հասկացա, որ իմ տված սուտ ցուցմունքը նրանք օգտագործել են այդ տղաների դեմ, ուստի դիմեցի նախաքննական մարմնին՝ ցուցմունքս ուղղելու համար, սակայն նրանք չընդունեցին ու չլսեցին; Դրանից հետո բողոքով դիմել եմ հանրապետության դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, հանրապետության նախագահին: Դատարանում պատմել եմ ողջ ճշմարտությունը: Եթե ես մեղավոր եմ սուտ ցուցմունքի համար, ապա պատրաստ եմ պատասխանատվություն կրելու, բայց ասեմ, որ դա արել եմ ոստիկանության ճնշման տակ եւ օրենքի չիմացությամբ»,- գրում է Լ. Եդիգարյանը:
Ոչ պակաս կարեւոր հայտարարություն են մեր թերթի միջոցով անում նաեւ այս գործով հետախուզման մեջ գտնվողներ Սերգեյ Մխիթարյանի եւ Էդգար Նազարյանի ծնողները՝ Գայանե Մխիթարյանն ու Լուսյա Ստեփանյանը: Նրանց խոսքը տպագրելով, ամենեւին նպատակ չունենք տուժողի իրավահաջորդների զգացմունքները վիրավորել, այլ հնարավորություն տալ այս գործով շահագրգիռ արդարադատության մարմիններին՝ գնահատական տալ կատարվածին, հաշվի առնել, որ այս գործով ոստիկաններ են պաշտոնանկ արվել, ոստիկանապետ եւ կան հարցեր, որոնց պատասխանը ստանալու համար նախաձեռնություն ցուցաբերողները կասկածյալներն են…
Գայանե Մխիթարյանը պնդում է, որ իր անչափահաս տղան հայտնվել է «արհեստականորեն ստեղծված հետախուզման» մեջ. «Ես ներկայացնում եմ այն տաքսու վարորդի՝ Հրաչ Ե.-ի անունը (ստուգեք հեռախոսազանգերը), որն իմ զանգով տղայիս տարել է Անի թաղամաս՝ հորաքրոջս տուն, ով ապրում է Պ. Սեւակի 8ա շենքի 12 բնակարանում: Երբ տղաս վերադարձել է հորաքրոջս տնից, կանգառում նստել է կանաչ գույնի «Օպել» մեքենա: Կանգառում տղայիս տեսել է հարեւաններից Համիկը, որին տղաս բարեւել է: Կանգառում տաքսի նստելը տեսել է Լիդա Եդիգարյանը: Մինչ կանգառը՝ տղայիս ճանապարհել է հորաքույրս: Տղաս տաքսի է նստել Էդգար Նազարյանի հետ»: Դեպքը, այսինքն՝ Տիգրանին ծեծելը, եղել է նշված տարածքից 200մ հեռավորության վրա: Ըստ բողոքաբեր մայրերի, եթե իրենց տղաները տեսել են դեպքը, ապա նույնը տեսել է տաքսու վարորդը: Իսկ տաքսու վարորդը, որը 2 անգամ եղել է ոստիկանության բաժանմունքում, ըստ նրանց, բացատրություն է տվել, որ ոչինչ չի տեսել: Տիգրանի մոր բացատրությամբ, իր տղային ծեծի են ենթարկել մի խումբ երիտասարդներ… Մինչդեռ, Գ. Մխիթարյանի տեղեկացմամբ, իր տղան չի ճանաչել Տիգրանին, բարձր առաջադիմությամբ սովորել է «Ֆոտոն» վարժարանում:
Գ. Մխիթարյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որը կապված է դեպքի վայրի հետ: Մի դեպքում նշվում է, որ Տիգրանը ընկել է ծայրամասային Պ.Սեւակի փողոցում՝ պարապմունքից դուրս գալուց հետո, մեկ էլ, ըստ Գ. Մխիթարյանի, նշվում է, թե նա ընկել է իրենց տան՝ Սեմերջյան 47 տան աստիճաններից, որը գտնվում է քաղաքի կենտրոնում…
«2009թ. մայիսի 2-ին երբ իմացա, որ իմ անչափահաս որդին կասկածյալ է, ինքս գնացի ոստիկանության քննչական բաժին, հայտնեցի, որ կարող եմ քննության ներկայանալ հոգեբանով, իրավաբանով, մանկավարժով: Իսկ քննիչը պատասխանեց. տիկին, դուք ինչ կապ ունեք: Կասկածյալ կարող են լինել շատերը, կներկայանա Սամվելը, իսկ եթե կապ չունի՝ վերջ: Բայց քննիչը գաղտնի մայիսի 13-ին մեղադրանք առաջադրեց տղայիս, ինչի մասին ես տեղեկացա անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին՝ Սամվել Սարգսյանի անձնական գործից»,- նշում է Գ. Մխիթարյանը:
Ըստ հետախուզման մեջ գտնվող անչափահասների ծնողների, իրենք չիմանալով այդ որոշումների մասին, բնականաբար, չեն կարողացել դրանք բողոքարկել:
Գ. Մխիթարյանը տեղեկացնում է, որ իր որդին զորակոչիկ է եւ ստացվում է, որ նա խուսափում է նաեւ բանակից:
«Առավոտը» ուշադրություն է հրավիրում դիմումատու ծնողների հետեւյալ հայտարարության վրա, որին իրավական գնահատական պիտի տրվի, եթե իսկապես կա ձգտում այս գործի բազմակողմանի բացահայտման. «Նախկին ոստիկանապետ Շահնազարյանի ծրագրերից մեկն այն էր, որպեսզի համաձայնեինք համագործակցել իր հետ: Մենք չհամաձայնեցինք, որ մեր երեխաները գրեին, որ կանգառից տեսել են, թե ինչպես է Սամվելը գցել Տիգրանին ու ոտքով խփել է գլխին: Շահնազարյանը խոստացավ, որ գործը կանի այնպես, որ այն լինի խմբակային, առանց հաշվի առնելու, որ դատաբժիշկը տվել է եզրակացություն, որտեղ գրված է՝ մեկ բութ գանգուղեղային վնասվածք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել