Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՂԵՐԻ 12%-Ը ԿԵՂԾ Է

Ապրիլ 08,2010 00:00

«Դեղերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը պետք է անընդհատ ստուգվի, եթե դեղատունն իմանա, որ ամեն վայրկյան հնարավոր է ստուգման գան, ապա  կեղծված դեղերի վաճառքի ռիսկին չեն գնա»,- երեկ հրավիրած ասուլիսում այսպիսի համոզմունք հայտնեց Հայաստանի դեղերի փորձագիտության կենտրոնի տնօրեն Էմիլ Գաբրիելյանը: Վերջերս կեղծ եւ ժամկետանց դեղերի մի մեծ խմբաքանակի վաճառքի հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել, բացահայտվել էր, որ շատ դեղատներից մարդիկ բուժման նպատակով գնել են բոլորովին անպիտան, հին դեղեր: Պարոն Գաբրիելյանը վստահեցնում էր, որ դեղերի շուկայում շրջանառվող դեղերի գերակշիռ մասը հասարակությանը պիտանի, այսպես ասած՝ փորձաքննություն անցած եւ հաստատված դեղեր են, թեեւ նա չբացառեց «զարտուղի ճանապարհներով» Հայաստան ներմուծված դեղերի առկայությունը. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ դեղերի կեղծման հարցում  մարդիկ դրսեւորում են պրոֆեսիոնալիզմ: Իսկ թե  մեր շուկայում շրջանառվող դեղերն ինչքանով են համապատասխանում հիվանդացության կառուցվածքին, պետք է նկատեմ, որ դա բավականին բարձր մակարդակի վրա է, որովհետեւ դեղը բետոն չէ, ցեմենտ չէ, երկաթ չէ, հսկողությունն ամենայն խստությամբ է իրականացվում»:
Ըստ Է. Գաբրիելյանի,  իրենց կառույցի գործառույթները սահմանափակվում են միայն մաքսակետերում դեղերի վերահսկողությամբ, իսկ արդեն շուկա մտած դեղերը վերահսկելու իրավունք չունեն: Հավանաբար այդ է պատճառը, որ դեղատների հսկողությունն այժմ բարձիթողի վիճակում է: Եվրոպական շուկայում շրջանառվող դեղերի 10%-ը մշտապես կեղծվում է, իսկ Հայաստանում կեղծված դեղերի քանակը, ըստ փորձագետի, կազմում է մոտ 12%. «Թույլ զարգացած երկրներում ամենից շատ կեղծվում են հակաբիոտիկները, լավ զարգացած երկրներում՝ հորմոնալ պրեպարատները: Մեր պարագայում ավելի շատ մոտենում ենք եվրոպական երկրներում կեղծվող դեղերի բովանդակությանը, իսկ ընդհանուր առմամբ՝ կեղծվում են այն դեղերը, որոնք մեծ սպառման շուկա ունեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել