Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարզային հիվանդանոցներն անտեսված են

Ապրիլ 08,2010 00:00

Մինչդեռ դրանցից շատերն ունեն ոչ միայն բարեկարգման ու վերանորոգման, այլեւ տեխնիկապես վերազինման կարիք:

Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրը Լոռու մարզի ամենամեծ ու, ծառայությունների մատուցման առումով, ամենաբազմաֆունկցիոնալ առողջապահական կառույցն է: Այստեղ բուժսպասարկում են ստանում ոչ միայն մարզկենտրոն Վանաձորի, այլեւ մարզի մյուս բնակավայրերից եկած բարդ եւ բարդացած հիվանդություններով այցելուները: Սակայն հիվանդները հաճախ կանգնում են անցանկալի իրականության առջեւ, երբ տասնյակ կիլոմետրեր կտրել- անցնելով՝ մի կերպ հասնում են մարզկենտրոն, եւ պարզում, որ հիվանդանոցում իրենց անհրաժեշտ հետազոտման այս կամ այն սարքավորումը չի աշխատում: Եվ հազիվ տեղ հասած հիվանդը հարկադրված է լինում կամ գնալ որեւէ մոտակա պոլիկլինիկա, կամ մայրաքաղաք: Օրերս Ստեփանավանից Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր էին եկել թոշակառու ամուսիններ Գրիգոր եւ Սիրանուշ Գեւորգյանները: Ամուսինը ուզում էր համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն անցնել: Սակայն պարզվեց, որ սարքը չի աշխատում: Կինը ստամոքսի հետ կապված սրված խնդիր ուներ եւ անհրաժեշտ էր, որպեսզի հրատապ գաստրոսկոպիկ հետազոտության ենթարկվեր եւ տեղում էլ հրատապ բուժում ստանար: Սակայն այդ սարքն էլ չէր աշխատում: Ամուսինները դուրս գալով հիվանդանոցից, ստիպված մեկնեցին մայրաքաղաք: Գրիգոր Գեւորգյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Մեր իշխանությունները, կարծես թե, հանրապետություն կամ Հայաստան ասելիս հասկանում են միայն Երեւանը: Հեռուստատեսությամբ հաճախ ենք տեսնում, որ մայրաքաղաքի այս կամ այն հիվանդանոցը վերանորոգում են, նոր տեխնիկա տալիս: Բայց չէ՞ որ մարզերում էլ մարդիկ կան: Միշտ չէ, որ ի վիճակի ենք լինում գնալ Երեւան, ֆինանսների հետ կապված խնդիր է: Բացի այդ էլ, առողջապես ի վիճակի չենք լինում երկար ճանապարհ գնալ: Ինչո՞ւ մեր մարզում կամ գոնե մարզկենտրոնի ամենագլխավոր հիվանդանոցում չպետք է լինի այդ անհրաժեշտ ամենը, որ ստիպված դռնեդուռ չընկնենք»:
Հարկ է նշել, որ դեռեւս խորհրդային տարիներից այս հիվանդանոցը եղել է տարածաշրջանի կարեւոր առողջապահական կառույց: Համալիրը վերջերս մասամբ, այսինքն՝ կառույցի մի հատվածը, վերանորոգվել է պետբյուջեի միջոցներով: Մյուս հատվածը՝ գլխավոր մասնաշենքի 1-ին եւ 2-րդ հարկերը դեռեւս գտնվում են, մեղմ ասած, անբարեկարգ վիճակում, որը ներս մտնողին հազիվ թե վստահություն ներշնչի, թե կարող է այստեղ վերականգնել իր կորցրած առողջությունը: Առավել մտահոգիչ է ծննդատան մասնաշենքի անմխիթար վիճակը, որն ամենեւին էլ բարենպաստ պայմաններ չի ստեղծում անվտանգ ծննդօգնության համար: Արդեն երկար ժամանակ լուրեր են շրջանառվում, թե ծննդատան նոր մասնաշենք է կառուցվելու՝ տաշիրցի պաշտոնյա Կարեն Կարապետյանի ներդրումների միջոցներով: Սակայն առայժմ որեւէ առաջխաղացում չկա:
«Առավոտի» այցելության օրը հիվանդանոցի առաջին հարկում խառնաշփոթ իրավիճակ էր, սանտեխնիկները ինչ-որ աշխատանքներ էին կատարում: Հարցիս, թե ի՞նչ է կատարվում, աշխատողներից մեկը, որը հավանաբար աշխատանքի պատասխանատուն էր, ասաց, որ սանհանգույցն է հերթական անգամ խցանվել: Բանվորները դժգոհեցին, որ այսպես հաճախ է լինում, քանի որ վերանորոգման ժամանակ սանհանգույցն ամբողջությամբ չի փոխվել, իսկ ներքեւի հարկերի սանհանգույցի հաճախակի վնասումները կարող են վնասել նաեւ վերին հարկերի՝ վերանորոգված սանհանգույցը: Համալիրի տնօրեն Մհեր Մարգարյանն «Առավոտի» հետ զրույցում թեեւ իր համաձայնությունը հայտնեց հիվանդանոցում առկա խնդիրների վերաբերյալ, սակայն լավատեսորեն էր տրամադրված եւ հույս հայտնեց, որ շուտով կվերանորոգվեն հիվանդանոցի ներքին հարկերը: Ինչ վերաբերում է հիվանդանոցի սարքավորումների անսարքությանը, ապա պարոն Մարգարյանն ասաց, որ թեեւ հիվանդանոցի միջոցներով որոշ սարքավորումներ ձեռք են բերվել, սակայն դեռեւս լուրջ ներդրումներ են անհրաժեշտ՝ նորերը գնելու կամ հները վերանորոգելու համար, իսկ հիվանդանոցն այդքան ֆինանսական հնարավորություններ չունի: Բուժհամալիրի շտապօգնության մեքենաների հարցը եւս հրատապ է. հիվանդին շտապ բուժօգնություն ցուցաբերելը հնամաշ մեքենաներով՝ մեծ բարդությունների հետ է կապված, իսկ հիվանդի կյանքը հիվանդանոցի ճանապարհին փրկելը գրեթե անհնար է, էլ չենք խոսում նրան մայրաքաղաք հասցնելու դժվարությունների մասին, ինչի համար ռեանիմոբիլ մեքենաները կանչվում են Երեւանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել