Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈՂԵՐԸ ԾԱԽՍՎՈՒՄ ԵՆ՝ ՉԵՆՔ ԱՌՈՂՋԱՆՈՒՄ

Ապրիլ 08,2010 00:00

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայերը շարունակում են ուռուցքներից, ինֆարկտից ու տուբերկուլյոզից մահացության բարձր ցուցանիշներ գրանցել:

Անկախ ճգնաժամից, մեր ունեցած արտաքին պարտքերից, վարկերից ու այլ պարտավորություններից, առողջապահական ոլորտի հատկացումները պետական բյուջեից տարեցտարի մեծանում են: Դա նշանակում է, որ մեր ազգը տարեցտարի պետք է ավելի առողջ լինի, ավելի քիչ դիմի բժիշկներին, ավելի քիչ հիվանդություններով տառապի ու ավելի քիչ թվով մարդիկ պետք է մահանան: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ առողջապահության համակարգին հատկացված այդքան գումարները միշտ չէ, որ առողջացնում են մեր ազգաբնակչությանը եւ նվազեցնում հիվանդացության տոկոսը: Այդ մասին են վկայում նաեւ Համաշխարհային բանկի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կատարած ուսումնասիրությունները՝ 2009-ին Հայաստանի առողջապահական համակարգի գործունեության վերաբերյալ: Ըստ այդ ուսումնասիրության, երեխաների, մանկական եւ նորածնային մահացության ցուցանիշները մեր երկրում դեռեւս շարունակում են բարձր մնալ: Բացի շաքարային դիաբետից, մնացած ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը գնալով աճում է, իսկ սրտանոթային հիվանդությունների եւ չարորակ նորագոյացությունների տարածվածությունը սահմանափակում է հայերի կյանքի սպասվող տեւողության որեւէ բարելավում: Վերլուծությունները ցույց են տալիս, որ վերջին տարիներին նվազել է չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման մակարդակը, հատկապես՝ թոքի քաղցկեղի դեպքում: Թեպետ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների ապրելու հավանականությունը որոշ չափով մեծացել է, թոքի քաղցկեղի դեպքում ապրելու հավանականությունը մնում է շատ փոքր: Առանձնահատուկ մտահոգիչ է նաեւ մեր երկրում սրտանոթային հիվանդությունների բարձր մակարդակը: Այս ցուցանիշների հիման վրա ՀԲ-ն եւ ԱՀԿ-ն զեկույց են պատրաստել, որտեղ մի քանի լուրջ դիտողություններ են արել մեր առողջապահության նախարարությանը՝ կապված այս կամ այն հիվանդությունները՝ կրճատելու փոխարեն աճ գրանցելու հետ: Ինչպես նշված է զեկույցում՝ «Արդյունավետ եւ անվտանգ հիվանդանոցային բուժօգնությունը կարող է նպաստել ներհիվանդանոցային մահաբերության ցուցանիշի նվազմանը: Կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ժամանակին եւ պատշաճ կազմակերպված բուժումը հատկապես արդյունավետ է ուղեղի անոթային հիվանդությունների եւ սրտամկանի սուր ինֆարկտի հետեւանքով մահացությունը նվազեցնելու գործում: Սակայն հենց այդ մահացության ցուցանիշները վերջին երեք տարիներին կրկին աճել են: Տուբերկուլյոզից մահացությունը մի քանի տարի առաջ նվազում էր, հետո նորից սկսեց աճել»:
Թե ինչի համար եւ ուր են գնում այդքան գումարները, եթե մարդիկ այդպես էլ չեն առողջանում եւ ավելի երկար չեն ապրում՝ անհասկանալի է: Հայաստանում կյանքի սպասվող միջին տեւողությունը վերջին 4-5 տարիների ընթացքում ըստ էության չի փոփոխվել՝ մնալով 73-ից 74 տարի մակարդակի վրա: Ի դեպ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայ կանայք շարունակում են 5-6 տարով ավելի երկար ապրել, քան տղամարդիկ: Վերջիններս ավելի երիտասարդ են մահանում, թեեւ, սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ տղամարդիկ իրենց ավելի առողջ են համարում, քան կանայք:
Ինչպես հայտնի է, Հայաստանում ծխախոտամոլությունը շատ տարածված է, հատկապես՝ տղամարդկանց շրջանում: Բազմաթիվ կազմակերպություններ միջազգային դոնորներ են գտնում ու իբր թե պայքարում մեր երկրում ծխելու դեմ, սակայն այս հետազոտությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ծխողների թիվը մեր երկրում չի պակասում, դեռ մի բան էլ ավելանում է. «Ուշ դեռահասության եւ վաղ երիտասարդության տարիքում գտնվող տղամարդկանց կողմից ծխախոտի օգտագործման ցուցանիշները կտրուկ թռիչք են գրանցել: Իր հարեւանների համեմատ՝ Հայաստանն ունի 15 եւ ավելի տարիք ունեցող ծխող տղամարդկանց ամենաբարձր ցուցանիշը»,- սա զեկույցի մասնագետների եզրակացությունն է:
Առողջապահական ոլորտը մեր երկրում ամենակոռումպացված ոլորտներից է: Շատ բժիշկների մոտ այնքան արմատացած է անվճար ծառայությունների դիմաց  հիվանդներից փող ուզելը, որ որեւէ օրենք, հրաման չի կարող նրանց հետ պահել այդ սովորությունից: ՀԲ-ի եւ ԱՀԿ-ի զեկույցում անդրադառնալով այդ խնդրին, մասնագետները եկել են այսպիսի համոզման. «Փաստերը վկայում են, որ Հայաստանում առողջապահական ծառայություններ մատուցողներին կատարվող ապօրինի վճարումների մակարդակն իսկապես բարձր է: Առողջապահական ընդհանուր ծախսերում տնային տնտեսությունների «գրպանից դուրս» վճարումների տոկոսը մնում է Եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշներից մեկը: Սա վկայում է այն մասին, որ իրենց վճարունակության համեմատ առողջապահական մեծ վճարումներ կամ նույնիսկ առողջապահական կատաստրոֆիկ ծախսեր կատարող հայաստանաբնակ ընտանիքների քանակը մնում է բարձր»: Այդ է պատճառը, որ, ըստ հետազոտության, բնակչության զգալի մասը (գրեթե մեկ հինգերորդը) կարիքի դեպքում չի դիմում բուժօգնության՝ հաշվի առնելով ֆինանսական մեծ ծախսերը:
Նշենք, որ անկախ արդյունավետ, որակյալ եւ էժան բուժսպասարկումից, կան որոշ գործոններ, որոնք լուրջ ազդեցություն են թողնում մեր առողջության վրա եւ եթե մենք տարեցտարի չենք առողջանում՝ արդարացի չէ ամբողջ մեղքը բարդել միայն առողջապահության նախարարության վրա: Օրինակ, ՀԲ-ի եւ ԱՀԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գյուղերում 45%-ից քիչ տնային տնտեսություններ խմելու ջրի աղբյուր ունեն տան ներսում, շատերինը բակում է, իսկ 4.5%-ը խմելու ջրի ծորակ էլ չունի: Առողջությանը վնասում է նաեւ օդի աղտոտվածությունը՝ արտանետումները, փոշին, չհեռացված աղբը, ձմռան վառելիքի ծուխը եւ այլն: Քաղաքաբնակ տնային տնտեսությունների 12.7%-ի եւ գյուղաբնակների 78.1%-ի զուգարանը գտնվում է բակում, ոմանք ընդհանրապես զուգարան չունեն, իսկ գյուղաբնակ ընտանիքների 32.6%-ը չունի կոյուղի, իսկ դրանք հիգիենայի պահպանման վրա մեծ ազդեցություն ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել