Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

17 զավակների մայրը բնակարաններ ստացավ

Ապրիլ 08,2010 00:00

Հարավ-Արեւմտյան թաղամասի բնակիչ, 17 երեխաներ մեծացրած հերոսուհի մայր Անթառամ Կիրակոսյանին Մայրության ու գեղեցկության տոնի առիթով այցելեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական վարչությունը՝ մայրաքաղաքի 17 զավակ ունեցող միակ մայրը ծաղիկներից բացի՝ միանգամից երկու բնակարան նվեր ստացավ: «Դուք հանրապետության նախագահին նամակ էիք գրել, որն արագ արձագանք ստացավ: Մենք այստեղ ենք գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, որպեսզի Ձեզ՝ որպես հերոսուհի մոր, նվիրենք երկու բնակարան՝ մեկսենյականոց եւ երկուսենյականոց»,- հերոսուհի մորը նոր բնակարանների բանալիները հանձնելով՝ նշեց Երեւանի քաղաքապետը: Տիկին Անթառամի նոր բնակարանները իր այժմյան տանը մոտ են՝ նույն փողոցում են գտնվում՝ Բաբաջանյան 26/5 հասցեի նորակառույց շենքում: «Մեզ համար շատ սպասված ու կարեւոր է պետության այս վերաբերմունքը»,- նշեց ընտանիքի հայրը՝ Մամիկոն Ղազարյանը: Բազմանդամ ընտանիքի մեծ ու փոքր անդամներին Երեւանի քաղաքապետը շնորհավորելով՝ մաղթեց ծնողներից ետ չմնալ: Ընտանիքի ավագ որդին, ով արդեն երեք երեխայի հայր է, նշեց, որ ինքը որոշել է՝ ունենալու է 17-ից ավելի երեխա: Անթառամ Կիրակոսյանի ութ որդիներից 4-ն արդեն ծառայել, իսկ երկուսն այժմ ծառայում են հայոց բանակում: Հերոսուհի մոր հետ ներկայումս բնակվում են նրա 17 զավակներից 6-ը՝ 4 որդին եւ 2 դուստրը, ընտանիքում աշխատում են միայն որդիներից երկուսը։ Ղազարյանների 7 դուստրերն ու 2 որդիներն ամուսնացած են՝ գերդաստանում արդեն 19 թոռ կա, եւս երկուսին սպասում են: Ամուսնացած որդիներն ապրում են վարձով: Տիկին Անթառամն ամուսնու հետ առաջիկայում կորոշի, թե նոր բնակարանները որդիներից որին է հատկացնելու:
Ըստ քաղաքապետի՝ մայրաքաղաքում ապրող 10 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքները հատուկ ուշադրության՝ բնակարանների են արժանանալու: Ի կատարումն հանրապետության նախագահի հանձնարարականի՝ Երեւանի քաղաքապետն ավագանու առաջիկա նիստում հանդես կգա նախաձեռնությամբ՝ ավագանու կողմից կմշակվեն 10 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների վիճակի ուսումնասիրման եւ բարելավման չափորոշիչները։ Մայրաքաղաքում 10 եւ ավելի երեխա ունեցող 13 ընտանիք է հաշվառված: «Հուսով եմ՝ հերոսուհի մայրերի թիվը տարեցտարի կավելանա»,- ասաց Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով՝ թող երիտասարդ մայրերը մրցակցության մեջ մտնեն Անթառամ մայրիկի հետ:
Բաբաջանյան 163 շենքի բնակիչները, առիթն օգտագործելով, Երեւանի քաղաքապետին ներկայացրեցին իրենց խնդիրները, մասնավորապես՝ բնակիչները հարց բարձրացրեցին, որ բակում երեխաների համար մանկական խաղեր չկան, քաղաքապետը խոստացավ, որ այդ խնդիրն առաջիկայում լուծում կստանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել