Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

3 ՄԼՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴ ԵՎ 1,2 ՄԼՆ՝ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂ

Ապրիլ 08,2010 00:00

Հայաստանում կապի ոլորտի վիճակի մասին ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը՝ կապի, հեռահաղորդակցության եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող կլոր սեղանի ժամանակ, երեկ՝ «Կոնգրես» հյուրանոցում: Նախարարի տվյալներով՝ այսօրվա դրությամբ մեր երկրում բջջային կապի բաժանորդների թիվը հասնում է 3 միլիոնի, ինչը նշանակում է, որ հանրապետության գրեթե բոլոր բնակիչներն ապահովված են բջջային կապով: Նա խոսեց նաեւ ֆիքսված կապի մասին եւ ասաց, որ այսօրվա դրությամբ «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ավտոմատացված հեռախոսակայանների թվայնացման գործընթացը, մեծացել է նաեւ ֆիքսված կապի բաժանորդների թիվը: Զարմանալի կտրուկ աճ է գրանցվել նաեւ կապի մեկ այլ ոլորտում՝ մեկ տարվա ընթացքում գրեթե 6 անգամ ավելացել է ինտերնետից օգտվողների թիվը՝ հասնելով 1200000-ի, եւ դա՝ չնայած նրան, որ ինտերնետի սակագինը մեր երկրում բարձր է՝ որակի հետ համեմատած: Ի տարբերություն պարոն Վարդանյանի ասած թվի, որը կազմում է մեր բնակչության գրեթե 1/3-ը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում ինտերնետի հասանելիությունը 10-15% է, ինչը համեմատած ոչ միայն աշխարհի, այլեւ նույնիսկ մեր տարածաշրջանի հետ, բավականին վատ ցուցանիշ է: Օրինակ, Վրաստանում այն կազմում է 25%, Ադրբեջանում՝ 30%: Ըստ Բ. Ենգիբարյանի՝ ներկայումս ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում Համաշխարհային բանկի հետ, որպեսզի ձեռնարկվող միջոցառումների արդյունքում Հայաստանում ապահովվի 100% ինտերնետային ծածկույթ: Պարոն Ենգիբարյանի տեղեկություններով՝ ՀԲ-ն այդ նպատակի համար ՀՀ կառավարությանը կհատկացնի $25 մլն, որը կծառայի երկու նպատակի՝ ՏՏ հասարակության ձեւավորմանը եւ ՏՏ զարգացմանը:
 Ելույթ ունեցավ նաեւ Երեւանում գտնվող Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Տուրեն: Նա ասաց, որ այսօրվա դրությամբ Հայաստանը ԱՊՀ-ում 3-րդն է՝ բջջային կապի բաժանորդների աճի եւ բջջային ծածկույթի տեսանկյունից: Նա անդրադարձավ նաեւ թվային հեռուստառադիոհեռարձակմանը եւ ասաց, որ ամբողջ աշխարհը մինչեւ 2015 թվականը անցում է կատարելու թվային հեռուստառադիոհեռարձակման, եւ ցանկալի է, որ Հայաստանը եւս ետ չմնա այդ գործընթացից: Այդ կապակցությամբ Հ. Տուրեն հայտնեց, որ ՀՄՄ-ն կաջակցի Հայաստանին թվայնացումը մինչեւ 2015թ. հաջողությամբ իրականացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել