Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱԼ

Ապրիլ 08,2010 00:00

\"\"«Հին» սերնդի ազգային գործիչներին հակադարձում է նոր սերնդի գործիչ, «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Արմեն Աղայանը:

– «Առավոտի» հետ զրույցում ազգային ժողովրդավարական ճակատի ջատագովներից «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը կարծիք հայտնեց, որ իրենց սերունդն «այդ գործի համար արդեն ծեր է», իսկ երիտասարդ սերնդի մոտ «մի տեսակ շինծու է. չեմ հավատում այսօրվա հայրենասիրական-ազգային շարժումներին»: Ազգային-հայրենասիրական մի նախաձեռնության անդամ էլ դուք եք՝ ինչպե՞ս կարձագանքեք այդ տեսակետին, ինչո՞ւ է մարդկանց մոտ նման տպավորություն ստեղծվում:
– Մեր սերունդն էլ արդեն երիտասարդ չէ: 20 տարուց ավելի է, ինչ քաղաքականության մեջ ենք: Ես էլ եմ երբեմն թերահավատությամբ նայում ինձնից երիտասարդներին: Սա մարդկային է, բայց սխալ է: Այնուամենայնիվ, պետք է հավատալ երիտասարդներին: Նրանց վերաբերմունքով եւ գնահատականներով է պետք չափել բոլոր գաղափարների եւ նախաձեռնությունների արժեքավորությունը եւ հեռանկարայնությունը: Մյուս կողմից՝ ասելիք ունեցողի համար տարիքը կապ չունի: Ասելիք ունեցող ծերերը միշտ էլ շրջապատված են լինում իրենց լսող, իրենց խոսքերը գործի վերածող երիտասարդներով: Կարծում եմ՝ այսպես բողոքելու եւ «շինծու» որակելու իրական պատճառն այն է, որ կոնկրետ այդ հեռացած գործիչները շրջապատված չեն եղել սեփական երիտասարդներով: Նրանց գաղափարները, փաստորեն, մերժվում են երիտասարդների եւ ոչ միայն երիտասարդների կողմից: Բայց կարծես անժառանգ չեն գնացել: Իրենք են խոստովանում, որ իրենց գաղափարները հաջողությամբ այսօր իրականացնում է Սերժ եւ Տիգրան Սարգսյանների վարչախումբը: Եթե դա է եղել ազգային-ժողովրդավարների գործը, ապա բնական է եւ շատ լավ է, որ հայության նոր սերունդը իրենց քիմքին չի գալիս:
Դեռ Հայաստանի անկախացման նախօրյակին Վազգեն Մանուկյանի եւ մյուսների կողմից հռչակվեց մի ռազմավարություն, որը մի կողմից՝ ենթադրում էր արժեհամակարգային ինտեգրացիա Արեւմուտքի հետ, մյուս կողմից՝ ինտեգրացիա թուրքական հարեւանության հետ: Այդ գիծը անշեղորեն շարունակեցին Հայաստանում իշխած եւ միեւնույն ակունքից սերող բոլոր վարչախմբերը: Մենք այսօր վայելում ենք այդ քաղաքականության պտուղները՝ արտաքին հարաբերություններում, ներքին կյանքում, տնտեսությունում: Այդ քաղաքականությունը կարելի է դեմոկրատական կոչել, բայց չեմ հասկանում, թե ի՞նչ կապ ունի այն ազգայինի հետ, երբ բազմաթիվ առումներով սպառնում է ազգային գոյությանը:
Ազգային գործիչների նոր սերունդը դա արդեն հասկանում է: Նա հարցականի տակ է դնում եվրաինտեգրացիոն կողմնորոշման, ինչպես նաեւ հատվածական մրցակցության սկզբունքի վրա հիմնված քաղաքական եւ տնտեսական համակարգերի նպատակահարմարությունը, ուղիներ է փնտրում Հայաստանի զարգացումը ի հեճուկս թուրքական շրջապատի ապահովելու համար: Սրանով այս սերունդը, իհարկե, արմատապես հակադրվում է նախորդ սերնդի գաղափարներին: Դրա փոխարեն այդ գաղափարներին հավատարիմ են մնում արեւմտամետ եւ իշխանատենչ ուժերը: Սա ես ասում եմ առանց չարության: Հասկանում եմ, որ ամեն մի սերունդ իր առաքելությունն է կատարել՝ իր ուժերի ներածի չափով: Եվ մենք շնորհակալ ենք նրանց՝ ինչպես նվաճումների, այնպես էլ սխալների համար, որոնց շնորհիվ սովորում ենք: Հաջորդ սերունդներն էլ մեր սխալների վրա են սովորելու:
– Սերժ Սարգսյանի որոշ ընդդիմախոսներ վերջին շրջանում, նկատի ունենալով նրա այցերը եւ ելույթները (Սիրիա, Դեր Զոր), ոգեւորված են եւ հայտարարում են, որ իրեն «հայավարի» է պահում: Իսկ նախորդ օրը գերմանական «Շպիգել»-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների մասով բավականին կոշտ եւ սկզբունքային դիրքորոշումներ է հայտնել, հստակ ասել է, որ գերակայությունը պետք է տրվի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշմանը, այդ ինքնորոշումը պետք է ճանաչվի եւ իրագործվի: Հավատո՞ւմ եք նրա անկեղծությանը:
– Անկեղծությանը հավատալու խնդիր իրականում չկա, քանի որ Սերժ Սարգսյանի «հայավարի» թվացող հայտարարությունները ոչնչով չեն հակասում նրա մյուս՝ «ոչ հայավարի» հայտարարություններին: Դրանք, իհարկե, որոշ քարոզչական, մոլորեցնող երանգ պարունակում են եւ գտնում են իրենց ոչ մեծաթիվ հասցեատերերին: Կան հայրենասեր մարդիկ, ովքեր չեն ուզում ընդդիմադիր դառնալ սեփական երկրում, ովքեր ուզում են հավատալ, որ իրենց երկրի ղեկավարը, այնուամենայնիվ, լավն է: Այնքան են ուզում, որ պատրաստ են նրա արտասանած մի քանի բառի հետեւում տեսնել մտքեր, որոնք իրականում չեն ասվել, տեսնել հրաժարում նախկին հակազգային քաղաքականությունից կամ գոնե դրա տապալում: «Հայկական Նյուրենբերգի» նման գեղեցիկ, բայց բացարձակապես անիմաստ արտահայտությունները հաշվարկված են՝ բավարարելու նման անկեղծ մարդկանց ակնկալիքները: Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանը չի ասել որեւէ բան, որը կհակասեր իր հեղինակած ֆուտբոլային դիվանագիտությանը, ներառյալ «մադրիդյան» կարգավորմանը:
Ձեւական առումով «ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման» հարցը բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի կողմից վաղուց զիջված կետերից է՝ դեռեւս հայր Ալիեւի ժամանակներից: Մադրիդյան սկզբունքներում, որոնք Ադրբեջանը ընդունում է, այն նույնպես արձանագրված է: Սակայն խոսքը գնում է ԼՂԻՄ-ի մասին, որի անկախությունը Ադրբեջանը փաստացի չպետք է ճանաչի՝ դրան ադրբեջանական համայնքի անբավարար մասնակցության պատրվակով: Բաքվին դա պետք է՝ այսօր դեմքը փրկելու, իսկ վաղը Արցախը ուժով հետ բերելու հնարավորությունը պահպանելու համար: Արցախի հարցի առանցքը շարունակում են մնալ ազատագրված շրջանները՝ Արաքսի ափը, Քարվաճառը, որոնք չհանձնելու մասին ոչ մի պաշտոնյա չի խոսում: Ավելին, Սիրիայում Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ ինքը դիտավորյալ թույլ չի տալիս բնակեցնել եւ շահագործել այդ շրջանները, քանի որ դրանք ենթակա են հանձնման: Հակասություն չկա նաեւ Ցեղասպանության հետ կապված արտահայտություններում: Մի առիթով ասել եմ, որ պատմաբանների ենթահանձնաժողովը իրականում Անկարայի կողմից, վերջինիս համար անվնաս կերպով, Ցեղասպանությունը ճանաչելու համար է ստեղծված: Ճանաչում առանց տարածքային հատուցման, մեղքը Օսմանյան կառավարության վրա գցելով, ծավալները փոքրացնելով եւ միայն այն բանից հետո, երբ Հայաստանը հրապարակային եւ միջպետական պայմանագրով հրաժարվի Արեւմտյան Հայաստանից: Արդյոք այդպիսի ճանաչումը ինչ-որ կապ ունի՞ Նյուրենբերգի հետ: Եվ արդյոք մեր ուզածը այդպիսի՞ ճանաչումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել