Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵԶՎԱԿՌԻՎ ԱԺ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Ապրիլ 08,2010 00:00

Խորհրդարանում երեկ վիճաբանություն եղավ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ: Առիթն այն էր, որ «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը «Ժառանգության» պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց. «Ի՞նչ եք իրար խառնվել»: «Ժառանգության» հասցեին իշխանության ներկայացուցիչներն ավելի կոշտ արտահայտություններ էլ են անում այս դահլիճում, եւ մնում անարձագանք այլ պատգամավորների կողմից: Սակայն այս անգամ Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց՝ Արմեն Ալավերդյանին կոչ անելով չմոռանալ, թե որտեղ է գտնվում. «Մենք չենք խառնվել, էդ դո՛ւ ես խառնվել իրար: Բա էդ ի՞նչ խոսալու ձեւ է»: Արմեն Ալավերդյանը նկատեց. «Կարծում եմ՝ հնարավոր է էդ անձնական պահերը օգտագործել ուրիշ տեղ, բայց ոչ դահլիճում»: Վիկտոր Դալլաքյանը տեղից շարունակում էր արձագանքել, ինչի առնչությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Եթե այստեղ ինչ-որ մարդիկ կան, որ իրենց շնորհքն ու համարձակությունն են ցույց տալիս էս դահլիճում կամ փորձում են ինչ-որ ծառայություններ մատուցել որոշ մարդկանց՝ ես գտնում եմ, որ ճիշտ տեղը չեն ընտրել: Եվ բոլորին հրավիրում եմ կոռեկտ պահվածքի ԱԺ-ի դահլիճում: Եթե հարցեր ունեք՝ կարող ենք հանդիպել»: Պատգամավորը տեղից բացականչեց. «Դո՛ւ ես ծառայություն մատուցում»: ԱԺ նախագահը դիտողություն արեց. «Պարոն Դալլաքյան, որ դու խոսում էիր, ես չէի խանգարում»: Վիկտոր Դալլաքյանը հակադարձեց. «Ոչ մեկը չի խանգարում»: Հովիկ Աբրահամյանն արդեն բղավեց. «Դե ընդհանրապես դու չես կարա ոչ մեկին խանգարես: Դե ուրեմն՝ հանգիստ ձեր տեղը նստեք»: 
Վիկտոր Դալլաքյանն այս միջադեպի առնչությամբ «Առավոտին» ասաց. «ԱԺ նախագահը նիստը վարողը չէր: Նիստը վարում էր Սամվել Նիկոյանը: Եվ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ միայն նիստը վարողն իրավունք ունի միջամտել՝ եթե խնդիր կա: Հովիկ Աբրահամյանը դիտողություն անելու իրավունք չուներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել