Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի՛ հավատացեք «Սաբահին»

Ապրիլ 08,2010 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ընդունել է նրա հատուկ բանագնաց, Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուին, որը ՀՀ նախագահին է փոխանցել Թուրքիայի վարչապետի գրավոր եւ Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի բանավոր ուղերձները: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Իր բանագնացի միջոցով Թուրքիայի վարչապետը Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպում է հայցել Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում: Ֆերիդուն Սինիրլիօղլուն ՀՀ նախագահին է փոխանցել նաեւ թուրքական կողմի հավաստիացումները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առաջընթաց ապահովելու պատրաստակամության վերաբերյալ»:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը երեկ կառավարության հետ ԱԺ-ի հանդիպման ժամանակ մեջբերեց թուրքական «Սաբահ» թերթի հրապարակումը՝ այդ 3 ուղերձների բովանդակության մասին. «Առաջինը, որ միայն նախագահների առաջնորդությամբ կարող է այս գործընթացը հաջողված լինել։ Բայց անհանգստացնողը երկրորդ եւ երրորդն են, քանի որ գրվում է հետեւյալը՝ մենք գտնում ենք, որ եթե ուզում ենք այդ արձանագրությունները հաստատվեն կամ վավերացվեն, ապա Հայաստանը պետք է զատի իրեն հայկական սփյուռքից: Եվ երրորդը՝ մենք պետք է Մինսկի խմբի գործընթացը քննարկենք միասին։ Դա պետք է ասեմ, որ Թուրքիայի շատ վաղուցվա իղձերից է»:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խորհուրդ տվեց չվստահել այդ հրապարակումներին. «Սաբահից» չէ, որ մենք պետք է ծանոթանանք այդպիսի ուղերձներին: Կարդալով «Սաբահը»՝ չպետք է հավատանք, որ այդպիսի բաներ գոյություն ունեն»: Նա պնդեց, որ Սինիրլիօղլուի փոխանցած ուղերձները «որեւէ ձեւով չեն պարունակում այն տեղեկությունները, որի մասին խոսում է «Սաբահը»: Էդվարդ Նալբանդյանը նաեւ հիշեցրեց. «Այդ նույն թերթը տարբեր բաներ էր տպում այլ հարցերի շուրջ, որոնք ճշմարտությանը չէին համապատասխանում»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իր հերթին հիշատակեց, որ 2009-ի ապրիլի 25-ին «Սաբահը» հրապարակել էր հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզի» 5 հիմնական կետերը, որոնք եւ ըստ նրա՝ հետագայում ներառված էին արձանագրություններում: Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Համաձայն չեմ, որ «Սաբահում» ժամանակին ինչ-որ բան է տպվել, որը համապատասխանել է ճշմարտությանը: Կարող է 20-30 կետից մի կետի ինչ-որ մի փոքրիկ մասը կիսատ-պռատ համապատասխաներ: Բայց այդ նույն թերթում գրվում էր, որ հայ-թուրքական արձանագրություններում փոխկապակցվածություն կա ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ: Իսկ արձանագրությունների հրապարակումներից հետո պարզ եղավ, որ այդպիսի բան չկա»:
Ի դեպ, ԱԳ նախարարը նաեւ հայտնեց, որ առայժմ պայմանավորվածություն չկա Վաշինգտոնում եռակողմ՝ Հայաստան, Թուրքիա, ԱՄՆ, նաեւ երկկողմ՝ Հայաստան-Թուրքիա հանդիպումների վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել