Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում չկա՞ն նման գնահատականներ

Ապրիլ 08,2010 00:00

\"\"Երեկ ասաց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը՝ հակադարձելով ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի պնդմանը, որ իր հնչեցրած գնահատականները մեջբերված են այդ զեկույցից:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը երեկ ԱԺ-ում հարց ուղղեց կառավարությանը՝ մարտի 1-2-ին առնչվող դատավարությունների դիտարկման վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցի մասին՝ մասնավորապես նշելով. «Քրեական արդարադատության համակարգում տեղ գտած զանգվածային խախտումների, մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարման, խոշտանգումներով ձեռք բերված ապացույցների, դատավորների բացարձակ կախվածության մասին զեկույցում տեղ գտած գնահատականները գրեթե չեն զարմացնում։ Ո՞վ չգիտի, որ Հայաստանի դատական համակարգը քաղաքական գործիքի է վերածվել, եւ առհասարակ՝ արդարադատության համակարգում խոշտանգումներն են ապացույցներ ձեռք բերելու հիմնական եղանակը»:
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պատասխանեց. «Ձեր հնչեցրած գնահատականը զեկույցի առնչությամբ ուղղակի անմիջականորեն, համաչափորեն չէր համապատասխանում զեկույցում իսկապես արծարծված դրույթներին»: Մասնավորապես նշեց. «Երբ Դուք խոսում եք խոշտանգումների մասին՝ զեկույցում ոչ թե հավաստվում են, որ կան հավաստի տվյալներ խոշտանգումների մասին, այլ պարզապես ասվում է, որ դատավարությունների ընթացքում եղել են հայտարարություններ խոշտանգումների մասին, սակայն դրանց սահմանված կարգով ընթացք չի տրվել»:
Լիլիթ Գալստյանը հետո ասաց. «Այն գնահատականները կամ արտահայտությունները, որ խոսքիս մեջ ասացի՝ բառիս բուն իմաստով վերցված են զեկույցից: Չեմ ուզում, որ բանավիճենք այդ մասին»: Սակայն Գեւորգ Դանիելյանը եւս մեկ անգամ պնդեց, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում չկան նման գնահատականներ. «Այդ զեկույցում նմանօրինակ եզրահանգումներ բացարձակապես չկան: Ուրիշ բան, որ մենք ցանկանում ենք այդ զեկույցում տեսնել մեր սպասելիքը, մեր ցանկալիքը: Սրանք տարբեր մոտեցումներ են»:
Մի քանի մեջբերումներ անենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցից, որը քանի որ վերաբերում է դատավարությունների դիտարկմանը, բնականաբար՝ նշվել են այն փաստերը, որոնք հնչել են դատավարությունների ընթացքում: Խոշտանգումների վերաբերյալ անմիջական վկայություններ կան, ասենք, Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2008թ. զեկույցներում: Իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում նշված է. «Դիտորդները լսել են ահազանգող հայտարարություններ՝ կապված իրավապահ մարմինների վարքագծի հետ: Նորից եւ նորից ամբաստանյալները դատարանին հայտնում էին, որ ոստիկաններն իրենց ծեծել են եւ ոստիկանությունում գտնվելու ժամանակ ենթարկվել են դաժան եւ անմարդկային վերաբերմունքի: Նրանք ներկայացնում էին լուսանկարներ, բժշկական տեղեկանքներ եւ իրենց հայտարարությունների հիմնավորմանն ուղղված այլ ապացույցներ»: Ըստ այս զեկույցի՝ «Առնվազն 27 ամբաստանյալներ պնդել են, որ ձերբակալության պահին կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում իրավապահ մարմինների կողմից ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի»: Նշված է. «Եղել են նաեւ դեպքեր, երբ վկաները դատարանում հայտարարել են, որ իրենց նախաքննական ցուցմունքները տվել են ճնշումների եւ սպառնալիքների ազդեցության տակ: Որպես կանոն, դատարաններն այս հայտարարություններին չեն արձագանքել»:
Զեկույցի այս դրույթների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ արդարադատության նախարարից, բայց նա պատասխանի փոխարեն սկսեց մեղադրել, թե մենք իր մտքերը աղավաղել ենք, առաջարկեց պարզ գրել՝ «եթե իմ հետ խնդիր ունեք» եւ այլն: Մեղադրանքը, մեր համոզմամբ՝ հիմնավոր չէ, քանի որ Գեւորգ Դանիելյանի խոսքերը միշտ մեջբերել ենք անփոփոխ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել