Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉՆ Է ՄԱՏՈՒՑՎԵԼՈՒ ՍԿՈՒՏԵՂԻ ՎՐԱ

Ապրիլ 08,2010 00:00

Ըստ Գալուստ Սահակյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ցանկությունները բարդում է գործող իշխանությունների վրա

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ-ի ապրիլի 6-ի հանրահավաքում իշխանության մաս կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչները երեկ հակված չէին մեկնաբանել, հիմնականում պատասխան չէին տալիս՝ ասելով, որ ծանոթ չեն այդ ելույթին եւ առանձնապես չեն կարեւորում: Իսկ ՀԱԿ առաջնորդը, ի թիվս արդեն ծանոթ այլ մտքերի, լուրջ մեղադրանք էր հնչեցրել սկուտեղի վրա տարածքները հանձնելու մասին: Ասել էր, թե Սերժ Սարգսյանը կանգնած է դժվարին, եթե ոչ՝ ճակատագրական երկընտրանքի առջեւ, այն է՝ կա՛մ ստորագրել առաջարկված համաձայնագիրը՝ դրանով հարուցելով սեփական ժողովրդի ցասումը, կա՛մ ժամանակ շահելու համար մերժել այն՝ դրանով էլ գրգռելով միջազգային հանրությանը, իր բոլոր կանխատեսելի բացասական հետեւանքներով: Իրավիճակի պարադոքսն այն է, որ երկու դեպքում էլ նա, անկասկած, իշխանությունը կորցնելու է. ստորագրելու պարագայում նրան տապալելու են ներքին ուժերը, այդ թվում՝ նախկին ու ներկա կոալիցիոն գործընկերները: Առաջին նախագահը նաեւ եզրակացրել էր. «Սերժ Սարգսյանն, իմ կարծիքով, ընտրելու է ոչ թե մերժման, այլ ստորագրման տարբերակը եւ շուտով, կամա թե ակամա, սկուտեղի վրա Ադրբեջանին է հանձնելու Մինսկի խմբի համանախագահության կողմից գրեթե վերջնագրի ձեւով պահանջված հինգ շրջանները։ Որովհետեւ այդ դեպքում նա կարող է վստահ լինել, որ միջազգային հանրությունից կստանա եթե ոչ իշխանությունը պահպանելու, ապա առնվազն անձնական անձեռնմխելիության եւ ունեցվածքը վայելելու երաշխիքներ, ընդհուպ մինչեւ Նոբելյան մրցանակի շնորհումը եւ քաղաքական ապաստանի տրամադրումը, ինչը բացառված է հակառակ պարագայում»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանին հարցրինք՝ ինքը գիտի՞ կամ ենթադրո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը «սկուտեղի վրա Ադրբեջանին է հանձնելու Մինսկի խմբի համանախագահության կողմից գրեթե վերջնագրի ձեւով պահանջվող հինգ շրջանները»: Մեր հարցը լսելով՝ Արամ Սաֆարյանն ասաց. «Խնդրում եմ, իմ անունից գրեք՝ Արամ Սաֆարյանը զարմացած ասաց՝ «Դա աբսուրդ է»: Մեր հաջորդ հարցին՝ իրո՞ք կոալիցիոն այսօրվա եւ երբեմնի գործընկերները այդ դեպքում դուրս կգան Սերժ Սարգսյանի դեմ, պարոն Սաֆարյանը նույնպիսի «զարմանքով» պատասխանեց. «Առանց մեկնաբանության»: ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը եւս, իր ասելով, մեզնից լսելով, թե ինչ է ասել Տեր-Պետրոսյանը ապրիլի 6-ի հանրահավաքում, այնուամենայնիվ, որոշ բաներ ասաց, մասնավորապես. «Այդպես ուշադիր չեմ եղել, ոչ էլ շատ եմ ինֆորմացված, քանի որ միտինգի արդյունքներում էական կշիռներ չեմ տեսնում, այնքանով, որ կարող են նաեւ հաջորդ միտինգի խոսքը ասել այսօր, հետո՝ մյուս միտինգի, որովհետեւ կրկնվող խոսք է: Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այն միտքը, որն ինքն ասել է (նկատի ունի տարածքների հանձնումը- Մ. Ե.) եղել է հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ: Փաստորեն, կարծում եմ, մեր պետության առաջին նախագահը իր ցանկությունները բարդում է գործող իշխանությունների վրա: Չեմ ուզում խորը գնահատականներ տալ, առավել եւս՝ գնահատում եմ, որ ընդդիմություն կա, զանգված կա ինչ-որ չափով, եւ նաեւ գնահատում եմ այն առումով, որ մեր հասարակությունը միատարր չի կարող լինել՝ պիտի լինեն նաեւ բողոքողներ: Այդ հենքի վրա, իհարկե, շատ լավ կլիներ, որ ունենայինք կառուցողական ընդդիմություն, որպեսզի ավելի մեծ զարգացումներ ունենայինք մեր երկրում: Ինքը՝ հասարակությունը ՀԱԿ-ին վաղուց վանել է իր շարքերից, դա է պատճառը, որ չկա որեւէ քաղաքական ուժ, որը ուշի-ուշով հետեւի ՀԱԿ-ի գործողություններին եւ գնահատականներ տա»:
Ըստ ՀՀԿ փոխնախագահի, առաջին նախագահի բառապաշարը ցավալիորեն փոխվել է. «Մի բան ուզում եմ ասել անպայման, միակ բանը, որ առաջին նախագահի մոտ դեռ պահպանվում էր, գեղեցիկ-ոսկեղենիկ հայերենն էր, ցավոք, այսօր դա տեղի է տալիս ոչ պատշաճ լեզվամտածողությանը, որը հասարակությունը բնորոշում է որպես ավելի շատ հանցագործ աշխարհի բառապաշար: Ըստ երեւույթին, անհաջողությունները մարդկանց կրքերն ավելի են կոշտացնում, սա է խնդիրը»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը ծանոթ էր առաջին նախագահի ելույթին, եւ ինքը եւս նկատեց, որ առաջին նախագահի բառապաշարը փոխվել էր. «Ես մի զարմանալի նմանություն նկատեցի շատ հոդվածների հետ, որ այս ընթացքում լրատվամիջոցներում տպագրվում են տարբեր ազգանուններով, եւ ես սկսեցի նույնիսկ կասկածել, թե ովքեր են դրանց հեղինակները»:
Ի պատասխան հինգ շրջանները սկուտեղի վրա Ադրբեջանին հանձնելու մասին մեր հարցին՝ պարոն Շահբազյանն ասաց. «Նախ, կլինի սուրճի բաժակ նայելու պես մի բան, որ այսօրվանից մենք ասենք՝ սա՞ կլինի, թե՞ մեկ այլ բան: Մենք ունենք մտահոգություն, որովհետեւ իսկապես կան զարգացումներ, որոնք մտահոգիչ են, եւ, անշուշտ, բոլորս պիտի զգայուն եւ զգոն լինենք այս հարցերում։ Բայց որ, իբր, հայտնի սցենարով կհասնի մինչեւ Նոբելյան մրցանակի՝ համապատասխան պահվածքի համար, կարծում եմ՝ դեռ վաղ է նման կանխատեսումների համար: Ընդհանրապես, ճիշտ է, որ մենք մեր ազգային խնդիրները չհիշենք միայն այն առիթներով, երբ անհրաժեշտ է մրցակից քաղաքական ուժերին քննադատել եւ դիվիդենդներ հավաքել:
Նա, ով պատասխանատու է լինում, պիտի այդ նույն չափով իր հայրենասիրությունը դրսեւորի ե՛ւ հող չտալու ցանկության, ե՛ւ ազգային շահերը պաշտպանելու հարցերում: Հարգում ենք այն տեսակետը, որ արմատական մոտեցում է դրսեւորվում այս հարցերում, այսինքն՝ Ղարաբաղի հարցում: Եվ ոչ թե կարգավիճակը հիմա կտան, թե հետո, եւ ընդհանրապես՝ մենք պատրա՞ստ ենք տարածքներ զիջելու, թե՞ ոչ: Մենք Ադրբեջանին առաջադրում ենք պայմաններ, որոնց կատարման դեպքում միայն խոսք կլինի մեր փոխզիջումների մասին: Հարցերը, կարծում եմ, պիտի դնել այս հստակությամբ եւ այս սկզբունքայնությամբ: Այլապես, փոքր դետալների մեջ տարբերություններ տեսնել, հայտարարել՝ ես ավելի լավն եմ, քան մյուսը, սա գուցե տվյալ պահի մեջ տպավորություն կթողնի, բայց քաղաքական այն կեցվածքը չի, որտեղ դու զատվում ես տարվող քաղաքականությունից կամ այն ամենից, որոնց դեմ դու խոսում ես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել