Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ ՈՒՐԻՇ ԵՆ

Ապրիլ 08,2010 00:00

Մերոնք չեն ուզում քաղաքակրթվել

Երեկ, առավոտյան ժամը 10:00-13:00-ը, Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները, ինչպես նախօրդ օրն էր՝ բանտարկյալի հագուստով եւ ձեռնաշղթաներով, ու նաեւ ՀՀ քաղաքացիների մի խումբ հավաքվել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ՝ պահանջելով ազատ արձակել 14 քաղբանտարկյալներին: Նրանք այս անգամ որոշել էին հավաքվել այս հյուրանոցի մոտ, որովհետեւ հենց այդտեղ էր շարունակվում ապրիլի 6-ին սկսված Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համաժողովը: Պիկետի մասնակիցներն այս անգամ եկել էին շնորհակալություն հայտնելու համաժողովի բոլոր անդամներին՝ քաղբանտարկյալների եւ «Մարտի 1»-ի առնչությամբ ապրիլի 6-ին իրենց հայտնած հստակ դիրքորոշման համար: Ավելին, հյուրանոցի նիստերի սրահում ակցիայի երիտասարդ մասնակիցները նաեւ «ապրիլի 7»-ի կապակցությամբ ծաղիկներ են բաժանել FIDH-ի կին պատվիրակներին: Ի դեպ, ճիշտ այն ժամին, երբ հյուրանոցի մոտ պիկետ էր, ներսում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպում էր ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Ավարտից հետո, հյուրանոցից դուրս գալով, նա մոտեցել եւ ողջունել է ցուցարարներին: Առ ժամանակ անց ցուցարարներին, պիկետի մասնակիցներին է մոտեցել նաեւ ինքը՝ Շտեֆան Ֆյուլեն եւ փոխանակած մի քանի հարցուպատասխանից հետո հեռացել է:
Ինչպես ապրիլի 6-ին, երեկ էլ որեւէ ոստիկան չի փորձել խանգարել ակցիայի մասնակիցներին, ցրել նրանց կամ պատռել նրանց ձեռքի պաստառները: Չենք կարծում, սակայն, թե հայրենի ոստիկանությունը նման դեպքերում նույնքան բարեհաճ կլինի նաեւ այն ժամանակ, երբ FIDH-ի պատվիրակները հեռանան Երեւանից:
Փոխարենը երեկ լուրջ միջադեպ է տեղի ունեցել «Էրեբունի պլազա» հյուրանոցում, որտեղ 9-րդ հարկի սրահներից մեկում ընթանում էր Ֆեդերացիայի ֆորումներից մեկը: Այստեղ, սրահի մուտքի դռան մոտ տեղադրված էր անգլերենով գրված՝ «Ազատություն 14 քաղբանտարկյալներին» պաստառը, որը նախորդ օրը իշխանության ընդդիմախոսներն ու իրավապաշտպան, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը պարզել էին Օպերայի «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ նույն FIDH-ի համաժողովի մեկնարկի օրը: Մուտքի մոտ տեղադրված էր սեղան, որտեղ մարդիկ կարող էին իրենց ստորագրություններով միանալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջին: Արդեն երեկոյին մոտ, ժամը 17:00-17:20-ը ընկած ժամանակահատվածում, մի երիտասարդ աղջիկ եւ երկու երիտասարդներ՝ քաղաքացիական հագուստով, իսկ նրանք, պարզվեց, հյուրանոցի անվտանգության աշխատակիցներն էին, մոտեցել էին մուտքի դռանն ու կարմիր լաթի պես իրենց կատաղեցրած պաստառը պոկելու պահանջ էին ներկայացրել: «Իրենք անընդհատ ուզում էին, որ պոկենք պաստառը, բայց մենք չէինք ուզում, հետո փորձեցին իրենք պոկել՝ մենք թույլ չտվեցինք: Հրել-քաշքշելով, ձեռքեր ոլորելով՝ փորձեցին մի կողմ տանել ինձ եւ Լալա Ասլիկյանին, նրանցից մեկը, որն ավելի բարձրահասակ էր, հարվածեց գլխիս, պաստառը պոկեցին ու տարան: Ես աղմուկ բարձրացրի, ինչից հետո նիստերի սրահից դուրս եկան լրագրողները, նաեւ ֆորումի մի քանի մասնակիցներ ու տեսան, թե ինչ է կատարվում, նաեւ լուսանկարեցին այդ մարդկանց: Նրանք լրագրողների տեսնելով՝ անմիջապես փախան»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում պատմեց Իզաբելլա Սարգսյանը:
Երեկ ե՛ւ նա, ե՛ւ Լալա Ասլիկյանը դիմել էին Ոստիկանության կենտրոնի բաժին՝ կատարված հանցագործության մասին հաղորդում տալու նպատակով: Ինչպես պատմեց Իզաբելլա Սարգսյանը, ոստիկանության քննչական բաժնի պետը կանանց հետ զրուցելուց, բացատրություն վերցնելուց հետո իր ենթականերին հրահանգել էր Լ. Ասլիկյանի հետ գնալ հյուրանոց, գտնել հանցագործներին ու բերել բաժին: Կարճ ժամանակ հյուրանոցի աքլորակռիվ տված երկու աշխատակիցներն էլ բերման էին ենթարկվել: Կանայք նրանց ճանաչել էին: Արդյոք միջադեպի փաստի առիթով քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ՝ գոնե Իզաբելլա Սարգսյանը տեղյակ չէր: Նա միայն ասաց, որ երբ ոստիկանությունում բացատրություն տալուց հետո իրենք բաժնից դուրս են եկել, հյուրանոցի աշխատակիցները դեռ բաժնում էին:
Այն, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցի անվտանգության աշխատակիցները, ի տարբերություն, օրինակ՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի անձնակազմի, պակաս դաստիարակված էլ են եղել, ապացուցում է երեկ տեղի ունեցած մեկ այլ փաստ: Բանն այն է, որ ընդդիմության ներկայացուցիչ երիտասարդները երեկ փորձել են նաեւ «Էրեբունի պլազայում» օտարերկրյա իրավապաշտպան կանանց ծաղիկներ նվիրել, բայց նախնական փորձերն ապարդյուն են եղել: Հյուրանոցի անվտանգության աշխատակիցներն արգելել են նրանց քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի լուսանկարով շապիկով ներս մտնել: Միայն FIDH-ի Հայաստանի ներկայացուցիչների միջամտությունից հետո երիտասարդներին, այն էլ՝ անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, թույլատրվել էր բարձրանալ նիստերի դահլիճ եւ ծաղիկներ բաժանել: Թե որն է «Էրեբունի պլազա» հյուրանոցի անձնակազմի այսօրինակ լկտի պահվածքի պատճառը՝ փորձել էր ճշտել «Ա1+»-ը: Հենց հյուրանոցի աշխատակիցներն էին «Ա1+»-ին խորհուրդ տվել՝ պարզել, թե ով է հյուրանոցի իրական տերը: Թե ով է տերը, առաջիկայում, իհարկե, կպարզվի, բայց որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ շենքում առնվազն գրասենյակ ունի՝ արդեն հաստատ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել