Հաճախ ասում են, թե կանացիությունն ու ֆուտբոլը անհամատեղելի են
Էդպես են կարծում ոչ միայն Հայաստանում: Աֆրիկյան երկրներից մեկում անգամ մարմինն ավելի պիրկ գրկող մարզահագուստ էին հագցրել ֆուտբոլիստուհիներին՝ նրանց կին լինելու հանգամանքը շեշտելու կամ ապացուցելու համար: Հայաստանում կանանց ֆուտբոլի ու կանացիության հետ կապված խնդիրներն այլ հարթությունում են՝ «տղամարդկային, կոպիտ մարզաձեւը կնոջ համար չէ» կարգախոսով:
Հայաստանի Մ-19 տարեկան հավաքականի ու «Ֆուրման» ակումբի հարձակվող Հասմիկ Երեմյանը, օրինակ, համոզված է, որ ֆուտբոլը «տղամարդկային» մարզաձեւ չէ: «Ֆուտբոլը կնոջից, աղջկանից իր կանացիությունը չի տանում: Ես դա իմ փորձից ելնելով եմ ասում: Ֆուտբոլը նույնիսկ խթանում է ավելի գեղեցիկ ու նուրբ լինել՝ կոտրելու համար այն տարածված կարծիքը, թե ֆուտբոլիստուհիները պիտի կոպիտ լինեն ու ոչ աղջկական»,- համոզված է Հասմիկը: Նրա համար անհասկանալի է, թե ինչու հայ ֆուտբոլիստներին դուր չի գալիս, որ իրենց սիրած էակը ֆուտբոլով է ուզում զբաղվել, չէ՞ որ ողջ աշխարհում կանայք կամաց-կամաց, բայց հաստատուն քայլերով գրավում են ֆուտբոլային դաշտերը: Հասմիկը չի բացառում, ավելին, համոզված է, որ կգա մի օր, երբ ինքը ֆուտբոլը կթողնի՝ ընտանիք կազմելու, մայր դառնալու համար: Բայց դա՝ ապագայում: Իսկ այսօր նա խաղում է ու որեւէ բանով չի տարբերվում իր հասակակից մյուս աղջիկներից:
Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզչի օգնական Լիաննա Հայրապետյանը նույնպես համոզված է՝ մեր ֆուտբոլիստուհիները խաղադաշտից դուրս չեն տարբերվում մյուս աղջիկներից ու նրանց չեն զիջում իրենց կանացիությամբ ու քնքշությամբ: «Մեր աղջիկները դաշտում թեեւ մարզիկներ են, բայց էլի՝ գեղեցիկ ու կանացի: Կարծում եմ՝ դա մեծ առումով հենց նրանցից է կախված ու մարզաձեւի հետ բացարձակ կապ չունի: Գնդակի հետ հմուտ վարվելն էլ մեր աղջիկներին ամենեւին չի խանգարում ոչ պակաս հմուտ լինել նաեւ խոհանոցում»,- ասում է Լիաննան իր սաների մասին:
Ավելին, ֆուտբոլը հայ աղջիկներին ու կանանց չի խանգարում առօրյա կյանքում լինել սովորական կին, հոգատար մայր, ինչպես, օրինակ, ՖԻՖԱ-ի միջազգային կարգի մրցավար Հասմիկ Ղարիբյանը, ում բավական հարուստ ֆուտբոլային կենսագրությունը ուղեկցվել է 2 երեխա դաստիարակելով: Հասմիկը 15 տարեկանից է ֆուտբոլում, խաղացել է ԽՍՀՄ բարձրագույն լիգայում՝ «Նաիրի» ակումբի կազմում: Բացի այդ, միակ հայ ֆուտբոլիստուհին է եղել Խորհրդային Միության երիտասարդական հավաքականի կազմում ու մասնակցել Ամերիկայի գավաթի խաղերին: Հայաստանի անկախացումից հետո, երբ կանանց ֆուտբոլը վերածնվեց, որոշ ժամանակ հանդես է եկել «Քոլեջում», իսկ հետո արդեն անցել մրցավարական գործունեության: Մոտ ժամանակներս Հասմիկ Ղարիբյանը գլխավոր մրցավար Նելլի Ստեփանյանի հետ մեկնելու է Իսպանիա՝ Եվրոպայի առաջնության խաղ սպասարկելու: Ի դեպ, Նելլին՝ ինչպես եւ Հասմիկը, համատեղում է ֆուտբոլն ու մայր լինելը: Հասմիկի խոսքերով՝ համատեղելը՝ դժվարությամբ, բայց ստացվում է: «Բնականաբար, բավական բարդ է, բայց շնորհիվ հարազատներիս, ես այդ բոլոր բարդությունները հաղթահարում եմ»,- նշում է Հասմիկը՝ հավելելով, որ երեխա ունենալու եւ ֆուտբոլը չթողնելու որոշումը հեշտությամբ չի տրվել: Սակայն ամուսնու աջակցությունն ու ամեն ինչում սատարելու պատրաստակամությունը որոշիչ են եղել: Այսօր Հասմիկի մեծ դուստրը՝ 15-ամյա Գոհար Գասպարյանը, մոր ճանապարհով է անցնում: Նա խաղում է Հայաստանի Մ-17 հավաքականում եւ «Քոլեջում»: Սակայն, մայրիկի կարծիքով, դժվար թե Գոհարը հետագայում շարունակի իր ֆուտբոլային կարիերան: Հասմիկի փոքր դուստրն էլ սովորում է պարարվեստի ուսումնարանում՝ դասական բալետի բաժնում: Ինչպես հենց Հասմիկն է ասում՝ ծայրահեղությունից՝ ծայրահեղություն: Առհասարակ, մրցավար մայրիկի ընտանիքում ծայրահեղությունները քիչ չեն: «Ամուսինս ընդհանրապես ֆուտբոլ չի սիրում, եւ մեր տանը ֆուտբոլ գրեթե երբեք չենք նայում: Իհարկե, նա կողմ չէ, որ Գոհարը ֆուտբոլ պարապի, բայց չի էլ արգելում»,- պատմում է Հասմիկը՝ ավելացնելով, որ եթե կինն իսկապես կին է, իր կանացիությունը կպահպանի ամենուր՝ թե ֆուտբոլային դաշտում, թե որեւէ այլ տեղում:
Խոսելով իր մասնագիտության նրբությունների ու խաղադաշտում կնոջ գործոնի մասին, Հասմիկը հպարտությամբ է նշում, որ կնոջ ներկայությունը շատ բան է փոխում: «Երբ կին մրցավարը տղաների խաղ է սպասարկում, տղաներն ինքնըստինքյան ձգվում են, լրջանում, ավելի կարգապահ ու հավաք դառնում: Տղամարդ կոլեգաներս էլ շատ լավ են վերաբերվում ու հարգում մրցավար կնոջը: Թեեւ հաճախ ասում են, որ ֆուտբոլը կնոջ գործ չէ՝ կնոջ տեղը խոհանոցն է, բայց հիմա առաջընթաց նկատվում է: Ավելին, հայ տղամարդու համար արդեն սովորական է դառնում ֆուտբոլ խաղացող աղջիկ տեսնելը»,- ասում է ֆուտբոլը մասնագիտություն ընտրած ու մայրության երջանկությունը վայելած Հասմիկ Ղարիբյանը: