«Ուտոպիանա» կազմակերպությունը իր «Ձայնային լաբորատորիայի» շրջանակներում երեկ հանդիպում էր կազմակերպել ֆրանսահայ կոմպոզիտոր Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանի հետ: Արվեստագետն իր երաժշտական գործունեությունը սկսել է 1984թ.-ին ընդամենը մի փոքրիկ խմբում հարվածային գործիքներ նվագելով: Հետագայում մեծ ճանաչման է արժանացել, բազմաթիվ պատվերներ եւ մրցանակներ ստացել իր ստեղծագործությունները տարբեր նվագախմբերի եւ գործիքների փոխադրելու համար (SWR Շտուտգարդ, Ստրասբուրգ, Լիոնի երաժշտության եւ պարի ազգային բարձրագույն կոնսերվատորիա (CNSMD de Lyon): Դրանց թվում է նաեւ 2009թ. ստացած խրախուսական մրցանակը՝ Զալցբուրգում՝ Կլաուս Հյուբերի ստեղծագործությանը նվիրված միջոցառմանը մասնակցելու համար: Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանի ներկայիս նախագծերի շարքում են մի քանի գործիքային եւ ակուստիկ ստեղծագործություններ, ձայնային ինստալացիաներ:
Նրա երաժշտական նախընտրությունների եւ հետաքրքրությունների շրջանակներում են նաեւ հին երաժշտական գործիքները, ինչպիսիք են՝ theorb, clavecin, viola da gamba եւ այլն: Նա հետազոտում է միկրոտոնային երաժշտության մեջ քառորդ, 8-րդական, 16-րդական տոների օգտագործումը, ինչպես նաեւ առավել հետաքրքրված է պատկերի ու երաժշտության ստեղծման հարաբերություններով: