Այս տարի նշվում է Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակը, եւ այդ առիթով միջոցառումներ են անցկացվում նկարչի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրող տուն-թանգարանում: Հերթական միջոցառումը տեղի ունեցավ երեկ: Այն դաս-մրցույթ էր, որը կրում էր «Մարտիրոս Սարյանի արվեստի աշխարհում» խորագիրը: Միջոցառմանը մասնակցում էին Ա. Մարգարյանի անվ. թիվ 29 եւ Մ. Սարյանի անվ. թիվ 86 միջնակարգ դպրոցների 8-րդ դասարանի աշակերտները: Նպատակն էր աշակերտների մեջ սերմանել արվեստի հանդեպ սեր եւ 20-րդ դարի գեղանկարիչ Մ. Սարյանին հանրահռչակել նաեւ հանճարեղ գրաֆիկ նկարիչ: Աշակերտները պատասխանել են արվեստին, թանգարանային գործին եւ Մ. Սարյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող 20 հարցի: Հարցերը նրանց տրվել էին նախապես, անցկացվել երկշաբաթյա դասընթացներ եւ էքսկուրսիա՝ թանգարանում: Մրցույթը գնահատում էր ժյուրին: Ժյուրիի նախագահն էր թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, իսկ անդամները՝ թանգարանի աշխատակիցները: Մինչ մրցույթի արդյունքներն ամփոփելը, հյուրերը դիտեցին «Մարտիրոս Սարյան» վավերագրական ֆիլմից հատված: Իսկ մրցույթում երկու թիմերն էլ համարվեցին հաղթող, քանի որ հավաքել էին հավասար թվով միավորներ: